Պատմութեան ամենաարիւնալի յարձակումից քսան տարի անց
Վատիկան Նիուզ
Սեպտեմբեր 11֊ը և նրա հետևանքները
Այն ինչ մնում է պատմութեան ամենաարիւնալի յարձակումից քսան տարի անց՝ առաջին հերթին, կորստի հսկայական զգացումն է: 2001 թուականի սեպտեմբերի 11 -ի սարսափելի ժամերին երեք հազար մարդու կեանք խլուեց: Զոհերը 70-ից աւելի ազգութիւնների էին պատկանում: Ուստի, դա յարձակում էր Միացեալ Նահանգների, բայց միևնոյն ժամանակ աշխարհի վրայ, ամբողջ մարդկութեան վրայ: «Երբեք չմոռանալ» նախազգուշացումով է, այսօր ներկայանում «Ground Zero» յուշահամալիրը: Երկու բառ, որոնք այս քսան տարում անհամար անգամ կրկնուել են` ընդգծելու համար, որ յիշելը պարտադիր է, երբ ցաւն ահռելի չափերի է:
Անջնջելի է նաև այն մարդկանց զոհաբերութիւնը, ովքեր իրենց կեանքը տուեցին՝ ուրիշներինը փրկելու համար։ Նիւ Եորքում այդ օրը զոհուեց հրշէջների մի ամբողջ սերունդ: Չարի սանձազերծման գործում բարու ուժը մարմնաւորող հրշէջների և այլ փրկարարների շնորհիւ է, որ ողբերգութեան զոհերի թիւն էլ աւելի աղետալի երանգ չստացաւ։
2001 թուականի սեպտեմբերի 11–ը անապահովութեան և վախի զգացում ժառանգեց մարդկութեանը։ Դրան յաջորդած ահաբեկչական յարձակումները «Ալ Քաիդայի» ծայրայեղ իսլամականների կողմից, անցած քսան տարիների ընթացքում նպաստեցին այլատեացական և հակա գաղթական շարժումների աշխուժացմանը։ Անկայունութիւն առաջացնող այդ կողմնակի ազդեցութիւն էր ճիշտ Միացեալ Նահանգների վրայ յարձակում գործած ահաբեկիչների գլխաւոր նպատակը:
Աֆղանիստանում վերջին շաբաթների իրադարձութիւնները բացայայտեցին, որ Ամերիկան և Արևմուտքը չկարողացան առաջարկել այնպիսի ռազմավարութիւն, որը կարող է հակադրուել ընդհանրական ահաբեկչութեան գաղափարախօսների կողմից նետած դարի մարտահրաւէրներին: Սեպտեմբերի 11 -ից քսան տարի անց, թալիպները, որոնք ապաստան էին տուել Օսամա պին Լատենին, կրկին իշխանութեան են եկել Քապուլում, իսկ ԴԱԻՇ -ը կրկին վերակազմաւորւում է: Հետևաբար, հարցերն այսօր շատ աւելի շատ են:
«United we stand» կարգախօսը, որը նիւ եորքցիների ինքնաբուխ պատասխանն էր իրենց ապրած սարսափին, ստացել է աւելի լայն ու խորը իմաստ: Կանգուն լինենք միասին, ի հեճուկս մեր ընդհանուր մարդկութիւնը «տապալելու» փորձերին: Այսօր դէպի միասնութիւն և դէպի «մարդկային եղբայրութիւն» Ֆրանչիսկոս Պապի անխոնջ ու ամենօրեայ կոչն է դառնում միակ յաղթող «ռազմավարութիւնը»: Ռազմավարութիւն, որը պահանջում է հեռատեսութիւն, քաջութիւն և համբերութիւն համոզմունքի մէջ, ինչպէս Յովհաննէս Պօղոս Բ- ն է ընդգծել ահաբեկչութիւնից յետոյ «նոյնիսկ եթէ թւում է, որ խաւարի ուժը գերակշռում է, հաւատացեալը գիտի, որ վերջին խօսքը չարինն ու մահուանը չեն»:
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ