Պատմութեան ամենաարիւնալի յարձակումից քսան տարի անց Պատմութեան ամենաարիւնալի յարձակումից քսան տարի անց 

Պատմութեան ամենաարիւնալի յարձակումից քսան տարի անց

2001 թ. Սեպտեմբերի 11֊ի ահաբեկչութեան քսաներորդ տարելիցին առթիւ Վատիկանի Հաղորդակցութեան Բաժանմունքի խմբագրական կազմի փոխ տնօրէն` Տիար Ալեսսանտրօ Ճիզոթթի հրապարակած յօդուածը` հակիրճ։
Ունկնդրէ լուրը

Վատիկան Նիուզ

Սեպտեմբեր 11֊ը և նրա հետևանքները

Այն ինչ մնում է պատմութեան ամենաարիւնալի յարձակումից քսան տարի անց՝ առաջին հերթին, կորստի հսկայական զգացումն է: 2001 թուականի սեպտեմբերի 11 -ի սարսափելի ժամերին երեք հազար մարդու կեանք խլուեց: Զոհերը 70-ից աւելի ազգութիւնների էին պատկանում: Ուստի, դա յարձակում էր Միացեալ Նահանգների, բայց միևնոյն ժամանակ աշխարհի վրայ, ամբողջ մարդկութեան վրայ: «Երբեք չմոռանալ» նախազգուշացումով է, այսօր ներկայանում «Ground Zero» յուշահամալիրը: Երկու բառ, որոնք այս քսան տարում անհամար անգամ կրկնուել են` ընդգծելու համար, որ յիշելը պարտադիր է, երբ ցաւն ահռելի չափերի է:

Անջնջելի է նաև այն մարդկանց զոհաբերութիւնը, ովքեր իրենց կեանքը տուեցին՝ ուրիշներինը փրկելու համար։ Նիւ Եորքում այդ օրը զոհուեց հրշէջների մի ամբողջ սերունդ: Չարի սանձազերծման գործում բարու ուժը մարմնաւորող հրշէջների և այլ փրկարարների շնորհիւ է, որ ողբերգութեան զոհերի թիւն էլ աւելի աղետալի երանգ չստացաւ։

2001 թուականի սեպտեմբերի 11–ը անապահովութեան և վախի զգացում ժառանգեց մարդկութեանը։ Դրան յաջորդած ​​ահաբեկչական յարձակումները «Ալ Քաիդայի» ծայրայեղ իսլամականների կողմից, անցած քսան տարիների ընթացքում նպաստեցին այլատեացական և հակա գաղթական շարժումների աշխուժացմանը։ Անկայունութիւն առաջացնող այդ կողմնակի ազդեցութիւն էր ճիշտ Միացեալ Նահանգների վրայ յարձակում գործած ահաբեկիչների գլխաւոր նպատակը:

Աֆղանիստանում վերջին շաբաթների իրադարձութիւնները բացայայտեցին, որ Ամերիկան ​​և Արևմուտքը չկարողացան առաջարկել այնպիսի ռազմավարութիւն, որը կարող է հակադրուել ընդհանրական ահաբեկչութեան գաղափարախօսների կողմից նետած դարի մարտահրաւէրներին: Սեպտեմբերի 11 -ից քսան տարի անց, թալիպները, որոնք ապաստան էին տուել Օսամա պին Լատենին, կրկին իշխանութեան են եկել Քապուլում, իսկ ԴԱԻՇ -ը կրկին վերակազմաւորւում է: Հետևաբար, հարցերն այսօր շատ աւելի շատ են:

«United we stand» կարգախօսը, որը նիւ եորքցիների ինքնաբուխ պատասխանն էր իրենց ապրած սարսափին, ստացել է աւելի լայն ու խորը իմաստ: Կանգուն լինենք միասին, ի հեճուկս մեր ընդհանուր մարդկութիւնը «տապալելու» փորձերին: Այսօր դէպի միասնութիւն և դէպի «մարդկային եղբայրութիւն» Ֆրանչիսկոս Պապի անխոնջ ու ամենօրեայ կոչն է դառնում միակ յաղթող «ռազմավարութիւնը»: Ռազմավարութիւն, որը պահանջում է հեռատեսութիւն, քաջութիւն և համբերութիւն համոզմունքի մէջ, ինչպէս Յովհաննէս Պօղոս Բ- ն է ընդգծել ահաբեկչութիւնից յետոյ «նոյնիսկ եթէ թւում է, որ խաւարի ուժը գերակշռում է, հաւատացեալը գիտի, որ վերջին խօսքը չարինն ու մահուանը չեն»:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

10/09/2021, 14:30