Որոնել

Vatican News
Գերապայծառ Կալլակէր Հայաստանի մէջ (2019) Գերապայծառ Կալլակէր Հայաստանի մէջ (2019) 

Նախարար Այվազեանի հեռախօսազրոյցը արք. Կալլակերի հետ

ԱԳ նախարար Արա Այվազեանի հեռախօսազրոյցը Սուրբ Աթոռի պետութիւնների հետ յարաբերութիւնների քարտուղար արք. Պոլ Ռիչարդ Կալլակերի հետ

Մարտի 31-ին ԱԳ նախարար Արա Այվազեանը հեռախօսազրոյց ունեցաւ Սուրբ Աթոռի պետութիւնների հետ յարաբերութիւնների քարտուղար արք. Պոլ Ռիչարդ Կալլակերի հետ:

ԱԳ նախարարը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամութիւնը՝ առաւել խորացնելու և ամրապնդելու Սուրբ Աթոռի հետ պատմական և հոգևոր համընդհանուր արժէքների վրայ հիմնուած յարաբերութիւնները: Մտքեր փոխանակուեցին սերտ երկխօսութեան և բարձր մակարդակով շփումների դինամիկայի ամրապնդման ուղղութեամբ ձեռնարկուելիք քայլերի շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձան նաև տարածաշրջանային անվտանգութեան և կայունութեան հարցերի: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը կարևորեց ռազմական գործողութիւնների դադարեցմանը և պատերազմին յաջորդած շրջանում խաղաղութեան հաստատմանն ուղղուած Ֆրանցիսկոս Պապի կոչերը:

ՀՀ ԱԳ նախարարը Սուրբ Աթոռի պետութիւնների հետ յարաբերութիւնների քարտուղարին ներկայացրեց նաև թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար հարցերի հասցէագրման ուղղութեամբ ձեռնարկուող քայլերը:

Որպէս անյապաղ լուծում պահանջող հարց՝ նախարարն շեշտեց ադրբեջանական կողմի պատանդառութեան մէջ գտնուող հայ գերիների անվտանգ հայրենադարձումը:

Ընդգծելով Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողութեան տակ յայտնուած տարածքներում հայկական մշակութային և կրօնական ժառանգութեան պահպանութեան հրատապութիւնը՝ նախարար Այվազեանը խստագոյնս դատապարտեց Ադրբեջանի իշխանութիւնների կողմից քրիստոնէական մշակութային արժէքների միտումնաւոր պղծման և ոչնչացման քաղաքականութիւնը: Այս առնչութեամբ կարևորուեց միջազգային հանրութեան գործուն միջամտութիւնը:

Աղբիւր` Սուրբ Աթոռի մօտ ՀՀ դեսպանութիւն

31/03/2021, 14:15