Հայաստանի բուժհաստատութիւններում տեղահանուած արցախցիներն օգտւում են անվճար բուժ ծառայութիւններից
Արցախեան 44-օրեայ պատերազմի ռազմական գործողութիւնների հետևանքով տուժած և Արցախի իրենց բնակավայրերից տեղահանուած անձինք Հայաստանի Հանրապետութեան բուժ հաստատութիւններում օգտւում են պետութեան կողմից երաշխաւորուած անվճար և արտոնեալ պայմաններով բուժ օգնութեան ծառայութիւններից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրոյցում տեղեկացրեց ՀՀ առողջապահութեան նախարարութեան հիւանդանոցային բժշկական օգնութեան քաղաքականութեան բաժնի պետ Լիանա Բարսեղյանը:
«Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան 2004 թուականի որոշման լրացումների համաձայն՝ անվճար բուժ ծառայութիւնները ներառում են նաև արտահիվանդանոցային ծառայութիւններ: Հայաստանում՝ իրենց բնակութեան վայրերում, արցախցիները կարող են գրանցվել նախընտրած ամբուլատոր պոլիկլինիկական հաստատութիւնում և ընտանեկան բժշկի վերահսկողութեան ներքոյ՝ օգտուել արտահիվանդանոցային բոլոր ծառայություններից՝ ներառեալ դժուարամատչելի ախտորոշիչ հետազօտութիւնները: Հիւանդանոցային բացառապէս անվճար ծառայութիւններն ընդգրկում են նաև նորագոյն և թանկարժէք տեխնոլոգիաներով մատուցուողները, սրտի, լեղապարկի վիրահատութիւնները, նյարդավիրաբուժականն ու ակնաբուժականը և այլն: Ընդ որում՝ անվճար ծառայութիւնների թւում են՝ ինչպես վիրահատական, այնպէս էլ՝ յետվիրահատական՝ վերականգնողական ու խնամքի բուժօգնութիւնը:
ՀՀ Կառավարութեան համապատասխան որոշման համաձայն՝ հաստատուած է նորագոյն թանկարժէք տեխնոլոգիաներով մատուցուող ծառայութիւնների կարգը, որտեղ թուարկւում է մատուցուող ծառայութիւնների ցանկը: Այդ շրջանակից դուրս միւս ծառայութիւնները տրամադրւում են վճարովի հիմունքներով: Տեղահանուած արցախցիններն անվճար բուժծառայութիւններից օգտուելու համար կարող են դիմել ցանկացած բուժհաստատութիւն, որտեղ կայ համապատասխան պետական պատուեր»,- մանրամասնեց ՀՀ առողջապահութեան նախարարութեան պատասխանատուն: