Որոնել

Vatican News

Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի Հունգարիա այցելութիւնը, Սբ. Պատարագ՝ Բուդապեշտի հայ կաթողիկէ համայնքի համար

Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը հրաւէրքով կաթողիկէ արևելածէս եպիսկոպոսների յաջորդ ժողովը 2022թ. սեպտեմբերի 21-25-ին տեղի կունենայ Հայաստանում:
Ունկնդրէ լուրը

Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի հայ կաթողիկէների Առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը իր մասնակցութիւնը բերեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում 2021թ. սեպտեմբերի 5-ից մեկնարկած Սուրբ Հաղորդութեան 52-րդ միջազգային համաժողովին: Բացման հանդիսաւոր Սուրբ Պատարագից յետոյ Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը մասնակցեց համաժողովի շրջանակներում Եւրոպայի արևելածէս եպիսկոպոսների համար կազմակերպուած ժողովին, որը տևեց չորս օր: Ժողովին մասնակցում էին նաև Արժ. Տ. Մաշտոց Քհն. Ղազարեանը, ով ուղեկցում էր Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանին, և Հոգշն. Հ. Վարդան Ծ. Վրդ. Գազանճեանը, ով ներկայացնում էր Թուրքիայի հայ կաթողիկէների Առաջնորդ Արհ. Տ. Լևոն Արքեպս. Զեքիյանին:

Արեւելածէս Եպիսկոպոսների ժողովը

Ժողովի ընթացքում եպիսկոպոսները քննարկել են Սուրբ Հաղորդութեանը և Եկեղեցու սիւնհոդասականութեանը,՝ ժողովականութեանը, առնչուող հարցեր, ինչպէս օրինակ՝ ինչպէ՞ս են ապրում տարբեր եկեղեցական համայնքները Սուրբ Հաղորդութեան հանդէպ ջերմեռանդութիւնը, ինչ խնդիրներ կան այս հարթութեան մէջ: Տ. Մաշտոց Քհն. Ղազարեանը ներկայացրել է հայկական իրականութիւնը, հայ ժողովրդի սէրն ու նուիրումը՝ Ամենասուրբ Հաղորդութեան հանդէպ, սովետական շրջանում հաւատքի կենդանի ապրումի պատմութիւնը:

Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը հրաւէրքով կաթողիկէ արևելածէս եպիսկոպոսների յաջորդ ժողովը 2022թ. սեպտեմբերի 21-25-ին տեղի կունենայ Հայաստանում:

Բուդապեշտի Սուրբ Աստուածածին հայ կաթողիկէ մատրան մէջ պատարագ

Սեպտեմբերի 7-ին երեկոյեան 17:00-ին Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը Սուրբ Պատարագ է մատուցել Բուդապեշտի Սուրբ Աստուածածին հայ կաթողիկէ մատրան մէջ, որը լեփ-լեցուն է եղել հայ կաթողիկէ հաւատացեալներով: Սրբազան Հօր հետ համապատարագել են Հոգշն. Հ. Վարդան Ծ. Վրդ. Գազանճեանը և Տ. Մաշտոցը: Քարոզի ժամանակ Սրբազան Հայրը անդրադարձ է կատարել Սուրբ Հաղորդութեան 52-րդ միջազգային համաժողովի և Սուրբ Հաղորդութեան թեմաներին: «Ամենասուրբ Հաղորդութիւնը ստեղծում է միութիւն, պէտք է զօրացնենք հաղորդութիւնը Քրիստոսի հետ և միաժամանակ՝ միմեանց միջև», շեշտել է Առաջնորդ Հայրը և կոչ արել հունգարահայերին վերագտնել հայ կաթողիկէ ինքնութիւնը, ապրել համերաշխութեամբ, կենտրոնանալ Ամենասուրբ Հաղորդութեան խորհրդի շուրջ՝ յիշելով, որ դա՛ է հիմքը հոգևոր և համայնքային երջանկութեան:

“Ամենասուրբ Հաղորդութիւնը ստեղծում է միութիւն, պէտք է զօրացնենք հաղորդութիւնը Քրիստոսի հետ և միաժամանակ՝ միմեանց միջև”

Սուրբ Պատարագից յետո տրանսիլվանահայերը ընթրիքի են հրաւիրել Առաջնորդ Հօրը, Հ. Վարդանին և Տ. Մաշտոցին և հիւրասիրել Տրանսիալվանիայի աւանդական կերակրատեսակներով: Հոգևորականների այցելութիւնը ջերմութեամբ է լցրել հունգարահայերի սրտերը. նրանք արդեն հազուադէպ են առիթ ունենում հանդիպելու հայ կաթողիկէ հոգևորականների հետ:

Հունգարիոյ Հայ Կաթողիկէները

Հունգարիայում՝ հիմնականում նախ պատմական Տրանսիլվանիայի տարածքում, ապա և Բուդապեշտում, հայերը հաստատուել են 17-18-րդ դարերում՝ գաղթելով Ղրիմից, որտեղ էլ արտագաղթել և հաստատուել էին, ըստ որոշ տեղեկութիւնների, 13-րդ դարից սկսած, կամ աւելի վաղ՝ 9-10-րդ դարերից: 1921թ.-ից, երբ Տրանսիլվանիայի մի մասը միացաւ Ռումինիային, Հունգարիայում կաթողիկէ հայերը հիմնականում կենտրոնացել են մայրաքաղաք Բուդապեշտում, որտեղ մեծ յաջողութիւնների են հասել տարբեր բնագաւառներում և մեծ ազդեցութիւն ունեցել յատկապէս բժշկութեան, մշակոյթի, ճարտարապետութեան և հոգևոր կեանքի զարգացման վրայ:

Հունգարիայի կաթողիկէ հայերի հոգևոր հովուութիւնը ստանձնել են Մխիթարեան միաբանութեան հայրերը: Նրանցից Հ. Աթանաս Վրդ. Տիրոյանի աջակցութեամբ հայ կաթողիկէ համայնքը Բուդապեշտում ձեռք է բերել մասնաւոր հողատարածք՝ հիմնելով նախ քահանայատուն (1922 թ.), ապա մատուռը (1924 թ.): 1925 թ. նոյեմբերին պաշտօնապէս հաստատուել է շուրջ 300 հետևորդ ունեցող հայ կաթողիկէ եկեղեցին: Բուդապեշտի տարբեր թաղամասերում (Բաթոր փ. թիվ 19, Վադաս փ. թիվ 6, Տելեկի Պալ փ. թիվ 6, Սեմելվեյս փ. թիվ 9) ժամանակաւոր գործելուց յետոյ՝ հայ կաթողիկէ համայնքի հոգևոր կենտրոնը հաստատուել է Օրլայ փ. թիվ 6 հասցէում գտնուող եռայարկ մի շինութիւնում, ուր հիմնել են Սուրբ Աստուածածին մատուռը, աղօթարանը և գրասենեակներ, իսկ վերնայարկը համայնքի առաջնորդ Հ. Անտոն Դանիել Կադարյանի (1916–1988թթ.) հոգածութեամբ 1974 թ. վերածուել է թանգարանի: Այս սրահում տեղ է գտել՝ մօտաւորապէս նախորդ դարի երկրորդ կէսին գոյացած հնագիտական, պատմագիտական ու ազգագրական կարևոր նշանակութեան եկեղեցական ու կենցաղային իրերի հաւաքածուն, այս թանգարանի մասին առաւել մանրամասն տե՛ս՝ այստեղ:

Յայտնի է, որ կոմունիստական իշխանութեան տարիներին ևս, երբ կրօնական կեանքը հալածւում էր և պաշտամունքային արարողութիւններն արգելուած էին, համայնքի հոգևոր հովիւը մատակարարել է Սուրբ Խորհուրդները: Հ. Անտոն Դանիել Կադարյանը բանտարկուել է:

1960-ականներին հալածանքները մեղմացել են: Վերջին երեք տասնամեակներին Հունգարիայում մնայուն հայ կաթողիկէ քահանաներ չեն ծառայել, մխիթարեան, ապա նաև Զմմառեան պատրիարքական մաիաբանութեան վարդապետները ժամանակ առ ժամանակ այցելել են և մատակարարել Սուրբ Խորհուրդները:

Տեղի լատինածէս կաթողիկէների եպիսկոպոսի տնօրինութեամբ Բուդապեշտում Սուրբ Պատարագը հայերի համար սկսել են մատուցել ոչ հայ քահանաները՝ հայկական Պատարագի տեքստով և ծէսով, բայց հունգարերէնով:

Աղօթե՛նք, որ Աստծոյ կամօք և Հայ Կաթողիկէ Եկեղեցու նուիրապետութեան ջանքերով Հունգարիայի հայ կաթողիկէ համայնքը ունենայ մնայուն հոգևոր հովիւներ:

Տ. Յովսէփ Քհն. Գալստեան

Տեղեկութիւնները տրամադրեց՝ Տ. Մաշտոց Քհն. Ղազարեան

10/09/2021, 20:30