Կառուցել «ապագայի աշխարհը». Պելճիքայի եպիսկոպոսների կոչը կաթողիկէներին
«Նուիրել յոյս» վերտառութեամբ հովուական թուղթի մէջ Պելճիքայի եպիսկոպոսներն ամփոփում են վերջին շաբաթների իրադարձութիւնները եւ խրախուսում հաւատացեալ ժողովուրդին լուծում գտնել այն խնդիրներին, որոնց այսօր բախւում են:
Եպիսկոպոսներն ի սկզբանէ փաստում են. «Այս վերջին շաբաթները, որ ապրեցինք՝ պատմական էին: Որոշ դէպքերում ստեղծուած իրավիճակը կարելի է նաեւ փորձութիւն համարել», - ուստի, նրանք իրենց համերաշխութիւնն են յայտնում բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ տուժել են Քովիտ-19 ժահրի համաճարակից կամ դրա հետեւանքներից: Թէեւ դժուարին ժամանակաշրջան էր, սակայն այն նաեւ առիթ հանդիսացաւ համերաշխութեան եւ բարեգործութեան դրսեւորումների համար: Եկեղեցւոյ Սուրբ Խորհուրդներին, մասնաւորապէս՝ Սուրբ Հաղորդութեանը մօտենալու անհնարինութիւնը չափազանց ցաւալի էր քրիստոնեաների համար, սակայն այս ամէնը թոյլ տուեց զարգացնել մարդկանց ստեղծարար միտքը եւ փորձեցին «Եկեղեցի այցելելու» նոր միջոցներ գտնել: Եպիսկոպոսները նշում են, որ այս նախաձեռնութիւնները «յուզում» են պատճառում իրենց, ուստի, նրանք երախտապարտ են այն բոլոր համայնքներին, ժողովրդապետութիւններին եւ հաւատացեալներին, ովքեր այդ նորարարութիւնների շարժիչ ուժն են:
«Ապագայի աշխարհի» մարտահրաւէրները
«Ահա՛, արդէն իսկ նշմարւում է վաղուայ օրը: Արդեօ՞ք այդ օրը տարբեր կը լինի երեկուայ օրուանից: Մեզանից իւրաքանչիւրը հնարաւորութիւն ունի վաղուայ այդ օրը աւելի լաւը դարձնելու», - հաւաստում են հովուական թուղթի հեղինակները, ովքեր նշում են այն հիմնական, սոցիալական, տնտեսական եւ բնապահպանական մարտահրաւէրները, որոնք հետեւանքն են այս համաճարակի:
Ինչպէ՞ս աջակցել երիտասարդներին, տարեցներին, հասարակութիւնից դուրս մղուած եւ ամենախոցելի մարդկանց: Եպիսկոպոսները խոստովանում են, որ այս բոլոր խնդիրների լուծման համար չունեն ոչ մի «հրաշագործ բանաձեւ», սակայն յորդորում են «ապաւինել հաւատքին եւ մասը կազմել համայնքի»:
Եպիսկոպոսների կոչն է հաւատացեալներին. «Առաջ ընթանալ դէպի «երկրի սիրտը», «զգօն լինել», չկորցնել «հովուական ստեղծագործ միտքը», որպէսզի համայնքները դառնան «աւելի գեղեցիկ», «աւելի եղբայրասէր», «աւելի զգայուն լինեն այլոց վէրքերի եւ այս աշխարհի ցաւերի նկատմամբ»: Շարունակենք հոգալ մեր եկեղեցական արարողութիւնների կազմակերպման մասին, որպէսզի դրանք դառնան մեր ներքին հաւատքի ու նուիրուածութեան աղբիւրը», - եւ, խրախուսական այս խօսքով աւարտում են հովուական նամակը:
Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ