Հաւատացեալներ Հաւատացեալներ  

Կառուցել «ապագայի աշխարհը». Պելճիքայի եպիսկոպոսների կոչը կաթողիկէներին

Եպիսկոպոսների կոչն է հաւատացեալներին. «Առաջ ընթանալ դէպի «երկրի սիրտը», «զգօն լինել», չկորցնել «հովուական ստեղծագործ միտքը», որպէսզի համայնքները դառնան «աւելի գեղեցիկ», «աւելի եղբայրասէր», «աւելի զգայուն լինեն այլոց վէրքերի եւ այս աշխարհի ցաւերի նկատմամբ»:
Ունկնդրէ լուրը

«Նուիրել յոյս» վերտառութեամբ հովուական թուղթի մէջ Պելճիքայի եպիսկոպոսներն ամփոփում են վերջին շաբաթների իրադարձութիւնները եւ խրախուսում հաւատացեալ ժողովուրդին լուծում գտնել այն խնդիրներին, որոնց այսօր բախւում են:

Եպիսկոպոսներն ի սկզբանէ փաստում են. «Այս վերջին շաբաթները, որ ապրեցինք՝ պատմական էին: Որոշ դէպքերում ստեղծուած իրավիճակը կարելի է նաեւ փորձութիւն համարել», - ուստի, նրանք իրենց համերաշխութիւնն են յայտնում բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ տուժել են Քովիտ-19 ժահրի համաճարակից կամ դրա հետեւանքներից: Թէեւ դժուարին ժամանակաշրջան էր, սակայն այն նաեւ առիթ հանդիսացաւ համերաշխութեան եւ բարեգործութեան դրսեւորումների համար:  Եկեղեցւոյ Սուրբ Խորհուրդներին, մասնաւորապէս՝ Սուրբ Հաղորդութեանը մօտենալու անհնարինութիւնը չափազանց ցաւալի էր քրիստոնեաների համար, սակայն այս ամէնը թոյլ տուեց զարգացնել մարդկանց ստեղծարար միտքը եւ փորձեցին «Եկեղեցի այցելելու» նոր միջոցներ գտնել: Եպիսկոպոսները նշում են, որ այս նախաձեռնութիւնները «յուզում» են պատճառում իրենց, ուստի, նրանք երախտապարտ են այն բոլոր համայնքներին, ժողովրդապետութիւններին եւ հաւատացեալներին, ովքեր այդ նորարարութիւնների շարժիչ ուժն են:

«Ապագայի աշխարհի» մարտահրաւէրները

«Ահա՛, արդէն իսկ նշմարւում է վաղուայ օրը: Արդեօ՞ք այդ օրը տարբեր կը լինի երեկուայ օրուանից: Մեզանից իւրաքանչիւրը հնարաւորութիւն ունի վաղուայ այդ օրը աւելի լաւը դարձնելու», - հաւաստում են հովուական թուղթի հեղինակները, ովքեր նշում են այն հիմնական, սոցիալական, տնտեսական եւ բնապահպանական մարտահրաւէրները, որոնք հետեւանքն են այս համաճարակի:

Ինչպէ՞ս աջակցել երիտասարդներին, տարեցներին, հասարակութիւնից դուրս մղուած եւ ամենախոցելի մարդկանց: Եպիսկոպոսները խոստովանում են, որ այս բոլոր խնդիրների լուծման համար չունեն ոչ մի «հրաշագործ բանաձեւ», սակայն յորդորում են «ապաւինել հաւատքին եւ մասը կազմել համայնքի»:

Եպիսկոպոսների կոչն է հաւատացեալներին. «Առաջ ընթանալ դէպի «երկրի սիրտը», «զգօն լինել», չկորցնել «հովուական ստեղծագործ միտքը», որպէսզի համայնքները դառնան «աւելի գեղեցիկ», «աւելի եղբայրասէր», «աւելի զգայուն լինեն այլոց վէրքերի եւ այս աշխարհի ցաւերի նկատմամբ»: Շարունակենք հոգալ մեր եկեղեցական արարողութիւնների կազմակերպման մասին, որպէսզի դրանք դառնան մեր ներքին հաւատքի ու նուիրուածութեան աղբիւրը», - եւ, խրախուսական այս խօսքով աւարտում են հովուական նամակը:

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

03/07/2020, 07:26