Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Բոստան իմ դրիր»

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (52)
Ունկնդրէ հաղորդաշարը

Ռոբերտ Աթայանը իր «Կոմիտաս․ երկերի ժողովածու» գրքի 9-րդ հատորում բերում է այս երգի առաջին քառատողը և որոշ բացատրութիւն: Սա շուրջպարի երգ է՝ Մոկաց աշխարհից (Գինեկաց), որը Կոմիտասն անուանել է պարերգ, թէև հայ գեղջկական ցանկացած շուրջպարային երգ յաջողութեամբ կարող է կատարուել նաև առանց պարի:

Հայ գեղջուկ պարերգերում խօսքերը, որպէս կանոն, արտայայտում են սիրոյ զգացմունք և կատակ: Բայց որոշ երգերի դէպքում, ինչպէս այս մէկում, երբեմն արտայայտւում են սոցիալական երևոյթներ: Հայ գիւղացու աշխատանքը, բնութեան պատկերների և երևոյթների հետ, նրա համար անձնական իր հոգեվիճակը, ապրումները երգով արտայայտելու առիթ էին, որոնցից է և այս երգը: Սա նաև անուրանալի մի յիշատակ է՝ հաւանաբար շատ հին ժամանակներից, քանզի խոր հնութիւն է բուրում երգի խօսքերից: (Այսպէս է բնութագրում Ռոբերտ Աթայանը հատոր 12-ում, Երևան, 2003թ., որտեղ «Ցորեն իմ ցանի» քառատողը, խօսքերի որոշ տարբերութեամբ, բերուած է որպէս առանձին երգ):

«Բոստան իմ դրիր» երգի խօսքերում առկայ է պանդխտութեան թեման: Այստեղ կարծես թէ աղջիկն է պատմում, որ բոստանը մշակել է, բաւականին ջանք թափել, որ բերք ստանայ, բայց տարին հաջող չի եղել, անգամ մէկ շամամ չի ելել, որ ուղարկի պանդխտութեան մէջ գտնուող յարին: Միւս քառատողում երգում է, որ ցորեն է ցանել: Այն լաւ բռնել էր, ծլեր արձակել դէպի արևը, սակայն արծիւը եկել կերել է, հատիկը մնացել է կոկորդում ու խեղդուել է, իսկ կաքաւը խռովել է իր հորից ու մորից, որոնք, կարելի է ենթադրել, որ տեսնելով, թէ ինչ պատահեց արծուի հետ, արգելել էին իրենց ձագին մօտենալ այդ անիծուած արտին։

երգը ներկայացուած է «Սաղմոս» երգչախմբի կատարմամբ:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

03/03/2024, 07:20