Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Չալմը դանգը» պարեղանակը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (49)
Ունկնդրէ հաղորդաշարը

«Չալմը դանգը» անուամբ յայտնի այս պարեղանակը տարածուած եղել Մուսա լեռան հայութեան շրջանում։ Անուանումը նշանակում է դանակներով (հնարանքների) ցուցադրում: Գուցէ «Չալ մը դանգը» - «Մի խաղացրո՛ւ դանակը»: Սա հարսանեկան ռազմապար է:

Գուցէ հարցնէք, թե ի՞նչ կապ ունեն հարսանիքն ու կռիւը. այն շրջանում, երբ Կիլիկեան Հայաստանի անկումից յետոյ տարածքը ենթարկւում է թուրքական տիրապետութեանը, թուրքերի ու քրդերի մէջ ստոր սովորութիւն է եղել հայկական (կամ՝ առհասարակ քրիստոնէական) հարսանիքների ժամանակ զինուած յարձակմամբ նորահարսին առևանգելու:

Այս կերպ միշտ փորձել են ստորացնել, նսեմացնել քրիստոնեաներին: Եւ հայերը, հարսին տնից դուրս բերելու պահին, սկսել են մերձակայ բոլոր տների տանիքներին դանակներով պարել այս մեղեդու տակ՝ ցուցադրելով տարբեր հնարանքներ ու իրենց՝ զէնքը գործածելու հմտութիւնները՝ վախեցնելու և նորահարսից հեռու պահելու համար մահմեդականներին:

«Դանգը» հենց նշանակում է «դանակ»: Այդպէս են ասում նաև Գիւմրիում՝ «Հացը դանգով կտրէ» կամ «Դանգըները տարաւ սրելու»: Իսկ «Չալմը» բառը հաւանաբար օտարամուտ բառ է և նշանակում է ցուցադրել: Գուցէ առնչութիւն ունի «չալել» բառի հետ, որ նշանակում է «խաղալ», «խաղացնել» կամ «նուագել»:

«Յաճախ եղել են դէպքեր, երբ հարսին հանել են տնից, թուրքերը, քրդերը փախցրել են: Քանի` որ հայերը շատ դէպքերում իրաւունք չունէին զէնք կրելու, այս եղանակով, որպէս ազգային ծէսի մաս, ցոյց էին տալիս, թէ ինչպէս են տիրապետում զէնքին: Պարում էին զոյգ-զոյգ՝ իրար դիմաց և կարծես թէ միմեանց էին ցուցադրում դաշոյնին տիրապետելու վարպետութիւնը, բազկի ուժը, առնականութիւնը: Սակայն իրականում՝ քրդերին ու թուրքերին էին ցոյց տալիս, որպէսզի հայոց օջախներում սրբապղծութիւն չլիներ», - ասում է Կարին անսամբլի ղեկավար Գագիկ Գինոսյանը:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

11/02/2024, 08:00