Որոնել

ARMENIA-AZERBAIDJAN-CONFLICT

«Հայ զինծառայողները խոցուել են այն դիրքերից, որոնք ՀՀ տարածքի ներսում են». Արման Թաթոյեան

Ադրբեջանական զինուած ծառայողների ցանկացած ներկայութիւն Հայաստանի որեւէ բնակավայրի հարեւանութեամբ կամ համայնքների միջեւ ճանապարհներին անօրինական է, յանցաւոր

Սիւնիքի մարզի Ներքին Հանդի մէջ ատրպէյճանցի զինուորներու արձակած կրակոցներէն սպաննուած եւ վիրաւորած հայ զինուորները հարուած ստացան ատրպէյճանական այն դիրքերէն, որոնք Հայաստանի տարածքին մէջ կը գտնուին, այսինքն` մեր տարածքը ներխուժած վայրերէն են: Այս մասին «Ֆէյսպուք»ի իր էջին վրայ գրած է Մարդու իրաւունքներու նախկին պաշտպան Արման Թաթոյեան:

«Ադրբեջանական զինուած ծառայողների ցանկացած ներկայութիւն Հայաստանի որեւէ բնակավայրի հարեւանութեամբ կամ համայնքների միջեւ ճանապարհներին անօրինական է, յանցաւոր: Առաւել եւս այստեղ խօսքը Հայաստան ներխուժած զինուած ծառայողների մասին է: Ադրբեջանական այս սանձարձակ պահուածքը նաեւ այն բանի հետեւանքն է, որ Հայաստանի իշխանութիւնը, յանուն քաղաքական շահերի, ամէն կերպ արդարացնում էր ադրբեջանական յանցանքները, ներխուժումները, յայտարարում, թէ ադրբեջանական զինուած ծառայողները ներկայ են իրենց տարածքներում: Ադրբեջանական իշխանութիւնն էլ օգտւում էր այս իրենց նուէր մատուցած հնարաւորութիւնից, ամրապնդում իրենց դիրքերը: Դրան զուգահեռ էլ առաջ էին բերում խաղաղութեան կեղծ յայտարութիւններ` միաժամանակ խորացնելով հայատեացութիւնն ու թշնամանքը:

Կից հրապարակում եմ Սիւնիքի մարզի Ներքին Հանդ գիւղում մեր բազմաթիւ փաստահաւաք աշխատանքների արդիւնքների մի մասը», գրած է Թաթոյեան՝ կցելով համապատասխան լուսանկարներ:

Թաթոյեան նաեւ կ՛անդրադառնայ Հայաստանի իշխանութիւններուն կեցուածքին: «Բացարձակ անթոյլատրելի եւ ստորացուցիչ է այն, որ Հայաստանի իշխանութիւնը արդարանում ու «մեղայ է գալիս» Ադրբեջանի առաջ, թէ երէկ Սիւնիքում` Ներքին Հանդի հատուածում, իբր միջադէպ է եղել, եւ իրենք դա պարզում, քննութիւն են իրականացնում», կը շեշտէ Թաթոյեան՝ աւելցնելով. «Սա միանշանակ ադրբեջանական օրակարգ է: Այսինքն` ի՞նչ է ստացւում. ադրբեջանական զինուած ծառայողները ներխուժել են մեր երկրի տարածք, եւ հիմա դեռ մենք պէտք է քննենք, թէ մեր տարածքում ադրբեջանցիների հանդէպ ի՞նչ մեղք ենք գործել: Բա ո՞ւր մնաց իրողութիւնը, որ ադրբեջանական զինուած ծառայողների ներկայութիւնն ի սկզբանէ անօրինական, յանցաւոր է: Նրանք դեռ 2020թ. 44օրեայ պատերազմի ընթացքում` Հոկտեմբերի 20ին են ներխուժել Ծաւ գիւղի հարեւանութեամբ տարածքներ, իսկ 2021 թուականին ու դրանից յետոյ ընդլայնել են ներխուժումների աշխարհագրութիւնը: Ներքին Հանդը շրջափակել են 3 կողմից, կրակում են գիւղերի ուղղութեամբ, մարդկանց զրկել են խմելու ջրից, ապրուստի միջոց վաստակելու, հարազատների շիրիմներին ու եկեղեցի այցելելու հնարաւորութիւնից, անհնարին են դարձրել մարդկանց կեանքը: Հայաստանի զինծառայողներն ամէն րոպէ պաշտպանում են մեր ժողովրդի կեանքն ու առողջութիւնը: Սա պէտք է լինի հայկական կողմի օրակարգն ու հաւատամքը, այլ ոչ թէ Ադրբեջանի թելադրածը»:

Աղբիւրը` Ասպարէզ

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

14/02/2024, 09:00