Որոնել

2018.12.03 Nativita, la nascita di Gesu' - Natale

Հայկական ժողովրդական երգեր. «Խորհուրդ մեծ եւ սքանչելի» շարականը։

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (42)
Ունկնդրէ լուրը

Այսօր ներկայացնում ենք Սուրբ Ծննդեանը նուիրուած մի շարական, որի հեղինակն է հայոց պատմահայր Մովսէս Խորենացին։

Ընդունուած է Մեսրոպ Մաշտոցից յետոյ 5-րդ դարի երկրորդ նշանաւոր շարականագիր համարել Խորենացուն: «Շարակնոցը» հաղորդում է, որ նա գրել է մի քանի տէրունական տօների կանոնները:

Ընդհանուր առմամբ, Մովսէս Խորենացուց մեզ հասել է մի քանի տասնեակ շարական: Դրանց մէջ իրենց քնարականութեամբ, թափով ու ջերմութեամբ աչքի են ընկնում Ծննդեան կանոնի «Օրհնութիւնները» և «Մեծացուսցէները»: «Շարակնոցում», ինչպէս Աստուածածնի Ծննդեան և Աւետման տօների, այնպէս էլ Քրիստոսի Ծննդեան տօնի առթիւ գրուած առաջին օրերի շարականները սկսւում են Մովսէս Խորենացու հեղինակած «Օրհնութիւններով»:

Ժողովրդի մէջ դրանցից ամենատարածուածը «Խորհուրդ մեծ և սքանչելի» շարականն է, որը երգում են ոչ միայն եկեղեցում, այլեւ տներում, հանդէսներում և յատկապէս Ծննդեան աւետիսների ժամանակ: Այս շարականի այդքան սիրուած լինելու պատճառը նրա պարզութիւնն է, գեղեցկութիւնը և մատչելիութիւնը:

Այս շարականի խօսքերը կարդալիս զգում ես, որ Խորենացին անչափ հիացած է Քրիստոսի ծննդեան խորհուրդով, և ինքն է՛լ հովիւների ու հրեշտակների հետ երգում, փառաբանում է Աստծոյ Որդու գալուստը՝ աւետելով մարդկութեանը: Շարականի խօսքերում ասւում է, որ անբովանդակելի Քրիստոսը, որին չեն կարող պարփակել երկինքն ու երկիրը, այսօր համեստօրէն տեղաւորուել է մի այրի ու մսուրի մէջ, և այդ մեծապայծառ աւետիսից ցնծում է երկինքը: Քրիստոսի ծննդեան առթիւ հրեղէնների բազմութիւնը երկնքից երկիր է իջել և զարմացած մարդկանց հետ աշխարհին աւետում է Նոր թագաւորի ծնունդը:

Շարականը ներկայացուած է «Տիրամայր Հայաստանի» երգչախմբի կատարմամբ։ Խմբավար՝ Ռոբետր Մլքեյեան։

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

24/12/2023, 07:28