Հայկական ժողովրդական երգեր. «Զորս ըստ պատկերի քում ստեղծեր» շարականը
Ծանօթանանք մի շարականի, որը առաջինն է, որ գրուած լինելով աշխարհական մարդու կողմից, ընդունուել է եկեղեցու կողմից։ Եւ դա 7-րդ դարի հայ իշխան Աշոտ պատրիկ Բագրատունու «Զորս ըստ պատկերի քում ստեղծեր» շարականն է։
Աշոտ պատրիկի ծննդեան թուականն անյայտ է:
Հայաստանի կառավարիչ է եղել 685 թուականից՝ այս պաշտօնում յաջորդելով Գրիգոր Մամիկոնեանին: Աշոտ պատրիկ Բագրատունին, յայտնի է, որ ստանձնելով Հայաստանի կառավարչի պաշտօնը, իր եղբայր Սմբատին նշանակեց Հայոց զօրքերի սպարապետ, ապա հաշտութիւն կնքեց արաբների հետ և խաղաղութեան պայմաններում երկրի մէջ ծաւալեց շինարարական գործունութիւն: Սակայն յաջորդ տարուայ մէջ՝ 686-ին Հայքի վրայ են յարձակւում բիւզանդական զօրքերը, ինչի պատճառով Պատրիկի ուշադրութիւնն ու ջանքերը շինարարութեան ասպարէզից փոխադրւում են մարտի դաշտ: 689-ին Բիւզանդեայի կայսր Հուստինիանոս 2-րդը նուաճում է Հայքը, բայց պահպանում է Աշոտ Բագրատունու իշխանութիւնը և պատրիկական իրաւունքները:
Նոյն թուականին երկիրն ասպատակում են արաբական զօրքերը: 7-րդ դարի պատմիչ Ղևոնդը յայտնում է, որ Աշոտ պատրիկ Բագրատունին յարձակւում և ջախջախում է արաբական զօրքերը՝ վանելով հայրենեաց սահմաններից դուրս: Սակայն այդ կռիւներում ինքը ևս ծանր վիրաւորւում է, և նրան փոխադրում են հայրենի Դարույնք բերդաքաղաքը: Այստեղ էլ, տառապելով ծանր վէրքերից, նա մահանում է և ամփոփւում իր նախնիների գերեզմանատանը: Նա կառուցել է Դարույնքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին և հեղինակել «Զորս ըստ պատկերի քում ստեղծեր» շարականը: Դանիէլ Երաժիշտն այս շարականի մասին յայտնեց հետևեալը. «Ըստ աւանդութեան ինքը եկեղեցին կառուցել է և այս շարականն էլ կամ ինքն է երգել, կամ հնչել է հենց եկեղեցու նաւակատիքին:Սա խաչի վերացման, բարձրացման շարական է: Շատ ուսանելի է, որովհետև նա հայրենիքի զրահն է և հոգևոր մշակոյթի պահապանը, մի ձեռքում սուր, մի ձեռքում խաչ ու գրիչ:
Շարականում ասւում է, որ մարդ ստեղծուել է Աստծու պատկերով: Այստեղ դիմելով Յիսուսին և ասելով «նորոգել», նկատի ունի հին, Ադամական մեղքով ախտահարուած մարդը, որ նորոգելով «տաճարացուցեր», «քեզ տաճար դարձրիր» և Ադամական մեղքից ձերբազատեց մարդուն: Այսինքն մարդը դառնում է Սուրբ Հոգու բնակարան: Միւս տան մէջ փառաբանում է Սուրբ Երրորդութիւնը»:
Շարականը ներկայացուած է հնագոյն երաժշտութեան «Շարական» անսամբլի կատարմամբ։ Մենակատար՝ Արմենուհի Սեյրանյան։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ