Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. Առաքելոյ Աղաւնոյ շարականը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (36)
Ունկնդրէ հաղորդաշարը

«Առաքելոյ աղաւնոյ» յայտնի շարականի հեղինակն է VII դարի հայ գիտնական, մաթեմատիկոս և աշխարհագրագէտ Անանիա Շիրակացին։ Նրա այս շարականը երգւում է Հոգեգալստեան տօնին և Մկրտութեան Խորհրդի ժամանակ:

Յիսուս Քրիստոսի Յարութեան տօնից յիսուն, իսկ Համբարձման տօնից յետոյ տասն օր ետքը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հոգեգալստեան տօնը:

Այն համընկաւ հրեաների Պենտեկոստէի տօնին, որով նրանք նշում էին եգիպտական գերութիւնից ազատուելու յիսուներորդ օրը Աստուծոյ կողմից Մովսէսին Օրէնքների սալիկները յանձնելը:

Ղուկասի աւետարանի 24-րդ գլխի 49-րդ նախադասութեան մէջ կարդում ենք, որ յարուցեալ Յիսուս ասում է իր աշակերտներին, որ սպասեն Երուսաղեմում, մինչև որ երկնքից զօրութեամբ զգեստաւորեն: Իսկ «Գործք առաքելոց»-ի 2-րդ գլխի սկզբում կարդում ենք, որ երբ լրանում են Պենտեկոստէի օրերը, մինչ բոլոր մէկ տեղում էին, յանկարծ երկնքից մի սաստիկ ձայն է հնչում, և այն տունը, որտեղ նստած էին, լցուեց բոցանման լեզուներով, որոնք նստեցին իւրաքանչիւրի վրայ: Բոլոր տասնմէկ առաքեալները լցուեցին Սուրբ Հոգով և սկսեցին խօսել տարբեր լեզուներով, ինչպէս` որ Սուրբ Հոգին նրանց խօսել էր տալիս:

Ձայնի վրայ այդ տան մօտ է հաւաքւում զանազան ազգերի մարդկանց մեծ բազմութիւն, որոնք յանկարծ հասկանում են առաքեալների խօսքը` ինչպէս իրենց մայր լեզուն:

Խորենացու այս շարականում Սուրբ Հոգին անուանուած է Աղաւնի, ինչպէս Յիսուսի մկրտութեան դրուագում տեսնում ենք, թէ ինչպէս Սուրբ Հոգին աղաւնու կերպարանքով իջնում է Նրա վրայ (Մատթ., գլուխ 3, 13-17): Եւ ահա, Խորենացու շարականում տեսնում ենք, թէ ինչպէս Պենտեկոստէի օրը Վերնատանը հաւաքուած աշակերտների վրայ երկնառաք Աղաւնին, մեծաձայն որոտմամբ բարձունքներից իջնում է, ինչպէս լոյսի փայլ և հրով պատում նրանց` առանց կիզելու:

Աննիւթ Աղաւնին, որին մարդու միտքը չի կարող քննել, սակայն ինքը քննում է Աստուածային խորհուրդները, այժմ, առաքուած Հայր Աստծուց, պատմում է Յիսուսի երկրորդ գալստեան մասին, որն էլ, Սուրբ հոգու օգնութեամբ, մարդկանց են քարոզում աշակերտները:

Շարականի վերջին հատուածում շարականագիր Շիրակացին օրհնութիւն է յղում առ բարձունքս և Հայր Աստծուց բխող Սուրբ Հոգուն, որի միջոցով առաքեալներն ըմպեցին անմահութեան բաժակից և երկրայիններին իրենց քարոզով հրաւիրեցին դէպի Երկինք` երկնային թագաւորութիւն:

Շարականը ներկայացուած է հնագոյն երաժշտութեան «Տաղարան» անսամբլի կատարմամբ։ Գեղարուեստական ղեկավար և դիրիժոր՝ Երուանդ Երկանեան։ Մենակատար՝ Վարդենի Դավթեան։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

05/11/2023, 07:45