Որոնել

2023.10.12 Monsignor Betencourt con Karekin II

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցաւ Սուրբ Աթոռի առաքելական նուիրակի հետ

Իր խօսքում Հայոց Հովուապետն անդրադարձաւ տարածաշրջանում առկայ մարտահրաւէրներին, բռնի տեղահանուած արցախահայութեան իրաւունքների պաշտպանութեան ու մարդասիրական խնդիրներին։ Այս առնչութեամբ Նորին Սրբութիւնն իր շնորհակալութիւնը յայտնեց Կաթողիկէ Եկեղեցուն ներդրուող ջանքերի համար։
Ունկնդրէ լուրը

Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրաժեշտի հանդիպում ունեցաւ Անդրկովկասում իր առաքելութիւնն աւարտող Սուրբ Աթոռի առաքելական նուիրակ, արքեպիսկոպոս Խօսէ Ավելինօ Պեթանքուրի հետ:

Վեհափառ Հայրապետը, ողջունելով առաքելական նուիրակին, իր բարձր գնահատանքը յայտնեց վերջինիս` երկու Աթոռների փոխյարաբերութիւնների առաւել սերտացմանն ուղղուած ջանքերի համար և մաղթեց նորանոր ձեռքբերումներ յետագայ սրբազան առաքելութեան մէջ։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակութեամբ հաստատեց, որ Մայր Աթոռի և Վատիկանի միջև ձևաւորուել են ջերմ և եղբայրական յարաբերութիւններ, որոնց վառ ապացոյցներն են Հռոմի Սրբազան Քահանայապետերի՝ Յովհաննէս-Պօղոս Երկրորդ և Ֆրանչիսկոս Պապերի այցելութիւնները Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ էջմիածին, ինչպէս և Հայոց Հայրապետի փոխադարձ այցելութիւնները Վատիկան, նաև Սուրբ Աթոռում Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի առիթով կազմակերպուած միջոցառումն ու Սուրբ Գրիգոր Նարեկացուն տիեզերական վարդապետ հռչակելը։

Իր խօսքում Հայոց Հովուապետն անդրադարձաւ տարածաշրջանում առկայ մարտահրաւէրներին, բռնի տեղահանուած արցախահայութեան իրաւունքների պաշտպանութեան ու մարդասիրական խնդիրներին։ Այս առնչութեամբ Նորին Սրբութիւնն իր շնորհակալութիւնը յայտնեց Կաթողիկէ Եկեղեցուն ներդրուող ջանքերի համար։

Իր հերթին արքեպիսկոպոս Խօսէ Ավելինօ Պեթանքուրի խորին շնորհակալութիւն յայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելութեան համար՝ նշելով, որ հետագայում ևս կշարունակի առաւելագոյն չափով իր նպաստը բերել երկու Եկեղեցիների եղբայրական փոխյարաբերութիւնների զօրացմանը:

Զրոյցի ընթացքում անդրադարձ կատարուեց նաև Արցախի հոգևոր, մշակութային ժառանգութեան պահպանման և Ադրբեջանում մինչ օրս պահուող հայ գերիների վերադարձման խնդիրներին։

Աղբիւրը` Արեւելք

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

13/10/2023, 09:41