Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Հիմի է՞լ լռենք» երգը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (32)
Ունկնդրէ հաղորդաշարը

«Հիմի է՞լ լռենք» երգի խօսքերը վերցուած են Ռաֆայէլ Պատկանեանի «Քաջ Վարդան Մամիկոնեանի մահը» վիպասանութիւնից: Երգի մեղեդին ժողովրդի մէջ տարածուած է եղել որոշ տարբերութիւններով:

Այս երգում Վարդան Մամիկոնեանը դիմում է իր զինուորներին՝ նկարագրելով հայութեան դրութիւնը, որից պարզ է դառնում, որ թշնամին անգութ է և չի ազդուելու մեր լացից ու գութ խնդրելուց, այլ սուրը դրած մեր կրծքին, սպառնում է բնաջնջել մեզ: Նա սկզբում դաւով ու բարեկամական վերաբերմունքով խաբել է մեզ, մեր զգօնութիւնը քնեցրել, ապա սկսել է հիմքից կործանել Թորգոմա տունը և ջնջել հայ անունը: Նենգ թշնամին նաև խլել է մեր սուրը՝ դարձեալ սկզբում եղբայրական վերաբերմունք ցոյց տալով և վստահեցնելով, թէ մենք սրի կարիքը չունենք: Սակայն դրանից յետոյ հայ գիւղացու ձեռքից նաև խոփը խլեց, երբ արդեն ընդդիմանալ հնարաւոր չէր, քանզի զէնք չկար այլևս նրա ձեռքին:

Եւ այդ սուրն ու խոփը հալեցնելով մեզ համար ստրկութեան շղթայ կռեց՝ ենթարկելով իր տիրապետութեանը: Եւ այդ պատճառով հայ մարդն ընկել է երկրէ երկիր, ազատուելու այդ ծանր լծից, սակայն օտար ափերում էլ նա միշտ մնում է իբրև օտարական՝ արժանանալով այլ ժողովուրդների արհամարհալից վերաբերմունքին ու ենթարկուելով շահագործման:

Եւ այդ ամենից յետոյ, հային իրեն ենթարկած թշնամին, այժմ էլ հասցնում է վերջին հարուածը՝ ձգտելով կործանել հաւատքն ու մշակոյթը: Չէ՞ որ ամեն ազգի ինքնութիւնը կախուած է իրեն մէկ գաղափարի շուրջ համախմբող հաւատքից և ազգային մշակոյթից: Եւ վերացնելով դրանք էլ, այլևս հեշտ կլինի նրան ձուլել ու վերացնել:

Եւ Վարդան Մամիկոնեանը, ահեղ ճակատամարտից առաջ նկարագրելով այս իրավիճակը, հարց է տալիս հայ զօրականներին, թէ ի՞նչ կասեն օտարականները, եթէ մենք լռենք անգամ ա՛յն դէպքում, երբ արդեն նոյնիսկ Հայոց լեռներն ու ապառաժներն են աղաղակում:

Արդեօք չե՞ն կարծի, որ մենք արժանի ենք ստրկական անարգ վիճակին: Ուստի բաւ է՝ լռենք: Թող լռեն համրերն ու նրանք, ում համար թշնամու լուծը քաղցր է, ով տհաճութեամբ չի ընդունում օրավուր նուաստացմամբ քարշ տրուող կեանքը: Եւ Հայոց սպարապետը, խթանելով հայ մարտիկինների սրտում քաջութիւնն ու ազատատենչութիւնը, յայտնում է, որ աւելի լաւ է մեր փառքը մահով ետ խլենք ու այդպէս լռենք, քան թէ ողջ մնալով՝ լռութեամբ ենթարկուենք թշնամու ստորնացումներին ու կեղեքումներին:

Սա Ռաֆայէլ Պատկանեանը գրել է 19-րդ դարավերջին, երբ հայութիւնը հեծեծում էր թուրքական բռնապետութեան տակ: Բանաստեղծը ձգտում էր նախնեաց օրինակով բարձրացնել իր ժամանակակիցների մարտական ոգին, առաւել շատերին դրդել միանալու ֆիդայական ջոկատներին, որոնք ձգտում էին մեր ժողովրդին ազատել Օսմանեան ատելի լծից, կամ գոնէ առաւել տանելի պայմաններով կեանք ապահովել հայութեանը:

Եթէ 5-րդ դարում Պարսից թագաւորութիւնը ձգտում էր Հայքում քրիստոնէութիւնն արմատախիլ անել ու փոխարէնը երկրում հաստատել կրակապաշտութիւնը, ժողովրդի կենցաղից դուրս վանել իր մայրենի հայերէնը և փոխարէնը պարտադրել պարսկերէնը, որպէսզի ժողովուրդն էլ ձուլուելով պարսիկներին, նրա տարածքներն անցնէին իրեն, ապա նման իրավիճակ էր նաև Պատկանեանի օրերում. թուրքահպատակ հայութիւնը միշտ հալածւում էր քրիստոնեայ կրօնի պատճառով, մեղմ ասած՝ չէր խրախուսւում հայերէնը, անգամ որոշ բառեր, որոնք սկսւում էին «Հ» տառով, արգելուած էր օգտագործել թերթերում կամ պաշտօնական փաստաթղթերում՝ «Հայաստան», «հայրենիք», «հայկական» և այլն: Նման հալածական քաղաքականութեան արդիւնքում Օսմանեան կայսրութեան տարածքում ապրող շատ հայեր սկսել էին մոռանալ հայերէնը և առօրեայում խօսում էին բացառապէս թուրքերէն: Ցաւօք, մեր ազգային ինքնութեան առջև այսօր՝ 21-րդ դարում ևս ծառացած է նոյն խնդիրը: Մեր ժողովրդի շրջանում քիչ են հետաքրքրւում ազգային երգ-երաժշտութեամբ, երիտասարդութեան մեծամասնութիւնը տարուած է օտար երգերով, իսկ որ աւելի վատ է՝ հայկական է համարում հայերէն խօսքերով ցանկացած երգ, որոնք իրականում ոչ մի առնչութիւն չունեն ճշմարիտ հայկական երգարուեստի հետ: Այսինքն հայութեան թշնամին այսօր էլ շարունակում է մեր միջից դուրս վանել մեր ազգային մշակոյթը, որպէսզի կորցնենք մեր ազգային դէմքը և սպառուենք ու անհետանանք աշխարհի երեսից: Ուրեմն պէտք է մենք էլ մեր պայքարը մղենք տարբեր բնագաւառներում, և չմոռանանք մեր ազգային մշակոյթը:

Երգը ներկայացուած է «Մարաթուկ» անսամպլի կատարմամբ։ Մենակատար՝ Մկրտիչ Սարգսեան։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

01/10/2023, 07:29