Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Ցորեն եմ ցանէ» երգը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (30)
Ունկնդրէ հաղորդաշարը

Ներկայացնում ենք հայ ժողովրդական «Ցորեն եմ ցանէ» երգը, որը գրի առել Քոմփոզիթոր Էտկար Յովհաննիսեանը գրի է առել 1948 թուականին Ապարանի շրջանում: Երգի ազգագրական տարբերակը չի պահպանուել: Չի պահպանուել նաև կատարողի անունը, սակայն նա, ամենայն հաւանականութեամբ, Մշոյ դաշտի (Տարոնի) ծնունդ է, ինչպէս Ապարանի շրջանում ապրող բազմաթիւ գաղթականներ:

Երգը, որը պատկանում է «Գորանի» պարերգային տեսակին, տարածուած էր յատկապէս Տարոն աշխարհում: Նրա տեքստում առկայ «թարգի» բառի փոխարէն բնագրում գրուած է «զարկի»: Սակայն ժողովրդական երգերում հանդիպում է նաև «թարգի» տարբերակը:

«Ցորեն եմ ցանէ» խմբերգն աշխատանքային երգ է: Էտկար Յովհաննիսեանը այն մշակել է խառը կազմի համար: Երգի սկզբում հանդէս է գալիս երգչախմբի կանացի կազմը, որին կրկնողութեան ժամանակ միանում է արական կազմը: Խմբերգի միջին հատուածում և վերջում կա երկու մեներգային դրուագ: Ժողովրդական երգի այս մշակման մէջ վառ կերպով դրսևորւում է կոմպոզիտորի առանձնայատուկ ու գեղեցիկ վերաբերմունքը իւրաքանչիւր ձայնաբաժնի նկատմամբ, քանզի նրանցից իւրաքանչիւրը, կարծես, իրական գործողութիւն կատարող մէկը լինի: Ամեն ինչ այնքան բնական է, որ թւում է, թէ բնաւ մշակման ենթարկուած չէ*:

Երգի սկզբում, թէև երգում է կանանց խումբը, սակայն տեսնում ենք հանդէս եկող մէկ կնոջ: Նա յայտնում է, որ ցորեն է ցանել, բայց հասկերը, կարկուտից, թէ այլ պատճառով, պառկել են: Դա նշանակում է, որ վերջ, էլ բերք հաւաքել չի կարող այդ արտից: Այս տողում արտայայտւում է աշխատաւոր մարդու դառն ճակատագիրը, երբ մեծ ջանքերով արտը խնամում է, հոգ տանում, որ հասկերը պարարտանան ու առատ բերք տան իրեն, սակայն արտը կարող է տարբեր պատճառներով փչանալ ու մարդու ամբողջ տքնաջան աշխատանքը ջուրը լցնել: Բայց սա չէ գեղջկուհու միակ հոգսը: Նա նաև սիրել է տարիքով իրենից փոքր տղայի: Իսկ հասարակութիւնը սովորաբար չէր ընդունում տարիքային այդպիսի տարբերութիւնը: Բայց, չնայած դրան, ինքը չի կարողանում վերջ դնել իր զգացմունքներին:

Այնուհետև աղջիկը յիշում է իրենց հանդիպումները, երբ ամեն հոգս մոռացւում էր, թւում էր, թէ ամբողջ աշխարհում միայն իրենք են: Բայց, քանի որ մարդիկ չընդունեցին իրենց սերը, ստիպուած է հեռու մնալ տղայից և կարոտել նրան:

Երգի յաջորդ հատուածը յիշեցնում է «Գորանի» տեսակի պարերգերում հանդիպող խօսքերը. ինչպէս նրանցում, այնպէս էլ այստեղ յիշատակւում են Մշոյ դաշտի մի քանի հարիւր գիւղերը: Ինչպէս երևում է, նա այժմ հեռու է գտնւում հայրենի եզերքից, ներկայիս աղքատութեան մէջ, երբ ընդամէնը մէկ նեղօձիք շապիկով է մնացել, անձկութեամբ է յիշում հայրենի գիւղի բնապատկերը, ինչպէս նաև տղայի լայնաճակատ դէմքը, որի հանդէպ կարոտը, մէկ անգամ ևս տեսնելու փափագն է օգնում իր սրտին դիմանալու, ինչպէս մի սիւն:

Երգի վերջին հատուածում աղջկայ տառապանքին արձագանքում է տղան. պարզւում է՝ նա էլ չարքաշ կեանքով ապրող երիտասարդ է: Նա էլ բոստան է ցանել դիքի վրայ, որն անվանում է «քամբախ», այսինքն՝ չոր ու բերքից զուրկ հող է, որի վրայ ինչքան էլ չարչարուել է, ինքը ևս արդիւնք չի ստացել:

Կարծես՝ Աստուած դարձեալ անիծել է իրենց գիւղի հողը, որ այս տարի էլ կարգին բերք չի տալիս: Եւ այս հոգսը տղայի համար քիչ է, դեռ մի բան էլ շրջապատի մարդիկ ստիպում են, որ մոռանայ սիրած աղջկան, քանի որ իրենից մի քանի տարի մեծ է:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

10/09/2023, 07:26