Արցախցիք յաճախ առանց հացի տուն կը վերադառնան
Արցախի արդէն 258 օր շրջափակուած է. Ստեփանակերտի մէջ նոյնիսկ հաց գնելը խնդիր դարձած է: Մարդիկ ժամերով հացի համար հերթ կը կանգնին եւ շատ ժամանակ ալ ձեռնունայն տուն կը վերադառնան:
Ստեփանակերտի բնակիչ Սէյրան Մայիլեանը NEWS.am-ի հետ զրոյցին պատմած է, թէ ինչ կը կատարուի այս օրերուն Ստեփանակերտի մէջ, ինչ խնդիրներ կ'առաջանան հաց ձեռք բերելու ընթացքին:
«Կոնկրետ խնդիրը կայանում է նրանում, որ Ստեփանակերտում հացի խնդիրը կառավարութիւնը ոչ մի ձեւ չի կարողանում լուծել: Խնդրի էութիւնը կայանում է նրանում, որ մարդիկ մէկ օր հերթ են կանգնում, որ հացի համար հերթագրուեն, յետոյ մի օր էլ հացի համար են հերթ կանգնում, արդիւնքում կարող է ստացուել, որ իրենց հերթը չհասնի եւ առանց հացի տուն վերադառնան, կամ մէկ այլ հացի փուռ գնան, նորից հերթագրուեն ու սպասեն իրենց հերթին: Երբեմն ստացւում է այնպէս, որ մարդկանց մեծ մասն առանց հացի են տուն գնում, մինչեւ գիշերուայ 4-5-ը հերթ կանգնելուց յետոյ»,-ըսած է ան:
Սէյրան Մայիլեանը կը կարծէ, որ հարցի լուծում կրնայ ըլլալ կտրօնով հացի տրամադրումը, այսինքն իւրաքանչիւր անձի հաշուով փուռերուն ալիւրի տրամադրում, որու հետեւանքով բոլորին ալ հաց կը հասնի:
«Հիմա հացի հերթերին երեխաներն են հերթագրւում, որ գիշերը հերթ կանգնեն, քանի որ մեծերը աշխատանքի բերումով չեն էլ կարողանում, բայց երեխաներն էլ յոգնում են ժամեր շարունակ հերթ կանգնել»,-ըսած է ան:
Ստեփանակերտի բնակչի խօսքով՝ քաղաքաբնակներու համար հիմա դժուար է բանջարեղէն եւ միրգ ճարելը, քանի որ նոյնիսկ խանութներուն մէջ ալ չկայ, կամ շատ քիչ քանակութեամբ կ'ըլլայ:
«Նախ քիչ է միրգն ու բանջարեղէնը, քանի որ հիմնականում թշնամու կողմից օկուպացուած տարաածքներում էին մշակում, հիմա նոյնիսկ գիւղերում էլ ոռոգման ջրի խնդիր կայ, շատ ժամանակ չեն էլ կարողանում ոռոգեն, որ նորմալ բերք ստանան, յետոյ էլ տեղափոխեն քաղաք»,-ըսած է ան:
Սէյրան Մայիլեանը նշած է, որ բնակիչներու մեծ մասը անվտանգութեան երաշխիքներ ունենալու պարագային կը մնայ Արցախի մէջ, բայց ոչ Արցախը Ատրպէյճանի կազմին մէջ ներառուելու պարագային:
«Ճիշդ է՝ այս վիճակը շատ է ազդում մարդկանց հոգեբանութեան վրայ, բայց թէկուզ անվտանգ ապրելու մի փոքր յոյս ունենալու դէպքում, մարդիկ կը նախընտրեն այստեղ մնալ, քան դուրս գալ: Բայց մենք մեր կապը պէտք է Հայաստանի հետ պահենք, ոչ մի դէպքում Ադրբեջանից ապրանքներ չենք ստանալու»,- եզրափակած է ան:
Աղբիւրը` Արեւելք
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ