Հայկական ժողովրդական երգեր. Ձախորդ օրերը երգը
1879 թուականին արդեն աւարտած էր ռուս-թուրքական պատերազմը: Կարս նահանգն անցել էր ցարական Ռուսաստանի տիրապետութեան տակ: Անի քաղաքը տեսնելը այսուհետ հնարաւոր էր դարձել:
Այդ տարիներին ալեքսանդրապոլցիք սովորութիւն ունէին հիւրերին Անի տանել` զբօսանքի:
Հերթական խնջոյքի առիթն էր բանաստեղծ Ռափայել Պատկանեանի այցը Գիւմրի:
Հրաւիրուած էին քաղաքի մտաւորական եւ հոգևոր այրերը, որոնց շարքում էր նաև աշուղ Ջիվանին:
Միջնադարեան քաղաքի՝ դեռ կանգուն շինութիւնների հմայքը գերել էր բոլորին: Նրանք որոշում են գիշերել Անիում:
Յաջորդ օրը սկսւում է խնջոյքը` ի պատիւ բանաստեղծ Ռափայել Պատկանեանիի: Ջիվանին նրա խօսքերով երգեր է երգում և ճոխացնում խնջոյքը: Բայց մասնակիցները խնդրում են Ջիվանիից մի նոր երգ երգել:
Աշուղն առանձնանում է Սբ. Առաքելոց վանքի աւերակների մէջ, ի մի բերում յոյզերն ու մտքերը, որոնք կամաց-կամաց բառ են դառնում, մեղեդի ստանում.
«Ձախորդ օրերը ձմրան նման կու գան ու կ’երթան,
Վհատելու չէ, վերջ կ’ունենան, կու գան ու կ’երթան»։
․․․ Բոլորը յուզւում են, լսելով նոր երգը, հիանում. Պատկանեանը համբուրում է երգչի ճակատն ու ասում.
– Դուն իմ «Թող փչէ քամին» նսեմացուցիր:
Այդ երկու օրերի ականատեսներից էր նաև լուսանկարիչ Յովհաննէս Քիւրքչեանը: Նա քար առ քար լուսանկարում էր և արձանագրում Անիի փառահեղ անցեալի նշխարները: Նաև այդ օրը յաւերժանում է Քիւրքչյանի ֆոտոխցիկի շնորհիւ:
Երգը ներկայացուած է «Գագիկ Մուրատեան» անսամպլի կատարմամբ։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ