Հայկական ժողովրդական երգեր. խնոցու երգը
Խնոցին յատուկ ձևով պատրաստուած տակառաձև կամ երկարաւուն անօթ էր, միջնամասում ուռուցիկ, իսկ կենտրոնում անցք ունէր, որի միջոցով նրա մէջ էին լցնում կաթի սերուցքը, ապա, հարելուց յետոյ դատարկում ստացուած բաղադրութիւնը: Հայաստանում գործածուել է երկու տեսակ խնոցի՝ կաւից պատրաստուած, որ կաւէ կարասի էր նման և հարում էին գետնին նստած, կամ փայտէ, երկարաւուն խնոցիներ, որոնք եզրերին ելուստներ ունէին՝ առաստաղի գերաններից կախելու համար և հարում էին ձեռքով կամ ոտքով ետ ու առաջ հրելով:
Ըստ սովորութեան, խնոցին հարում էին երկու կին՝ գերդաստանի աւագ սերնդից: Նրանք պէտք է խնոցին տարուբերէին միատոն հրելով իրար, որի արդիւնքում խնոցու մէջ լցուած կաթի սերուցքը յարւում էր և միմեանցից զատւում էին կարագն ու թանը: Հայաստանի տարբեր վայրերում խնոցին նաև անուանել են ձձում կամ ծփոց: Այս վերջին անունը հաւանաբար առաջացել է նրա մէջ պատերին զարկուող թանի ձայնից՝ ճողփիւնից, ծփոցից: Եւ սերուցքը հարող կանայք աշխատանքի ընթացքում նաև բազմաթիւ երգեր են երգել, որոնք ստացել են խնոցու երգ ընդհանուր անվանումը: Այս խնոցու երգը մեզ աւանդուել է Շատախի հայերից:
Առաջին քառատողում կանանցից մէկը երգում է, որ իրենց ձձումը, այսինքն խնոցին, նախշուն է: Հաւանաբար նրա վրայ գեղեցիկ նախշեր են փորագրուած եղել: Ապա ասում է՝ (գդալով) զարկեմ, տիկից իւղ հանեմ և ճաշ եփեմ: Խօսում է այն մասին, որ հարելու արդիւնքում կարագ է ստացւում, որը լցրել է իւղի համար նախատեսած կաւէ կճուճի մէջ, որով այժմ պէտք է սարակտիրուն, այսինքն սարւորների, սարում աշխատողների համար ճաշ պատրաստեն: Ապա յաջորդում է կրկներգը, որտեղ խնոցու միջի կիսահեղուկ զանգուածի տարուբերուելուց արձակած ձայներն է կարծես ընդօրինակում՝ ցամփ հա ցըմփ զարկեմ, եղ հանեմ, յետոյ ասում է՝ մեր տունը շէն անեմ: Չէ՞ որ տան շէն, կանգուն, կեանքով լի մնալու համար ապրուստ ու կերակուր է պէտք և ահա, կարագը դրա մի մասն է կազմում, որն իրենք պատրաստում էին:
Երգը ներկայացուած է «Շողակն» անսամբլի կատարմամբ։ Մենակատար՝ Հասմիկ Հարությունյան։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ