Որոնել

2023.06.14 Cerimonia 25 anniversario rapporti diplomatici Armenia - SMOM

Հայաստանի և Մալթայի Ուխտի միջև դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 25-ամեակին նուիրուած միջոցառում

Այցի շրջանակում նախարար Ավանեսեանը նաև հանդիպումներ ունեցաւ Հռոմում տեղակայուած համայնքային աւանդական կառոյցներում՝ այդ թւում Քահանայապետական Լևոնեան հայ վարժարանում և Հայ կաթողիկէ քոյրերի միաբանութիւնում։
Ունկնդրէ լուրը

Երեքշաբթի Յունիսի 13-ին Հռոմի Ավենթինօ բարձրունքի վրայ գտնուող Վարպետաց ամարանոցում տեղի ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի միջև դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 25-ամեակին նուիրուած պաշտօնական ընդունելութիւն և դասական համերգ՝ Մեծ կանցլեր (ԱԳ նախարար) Ռիկառտօ Փատեռնօ դի Մոնտեկուպոյի հովանիի ներքոյ։

Պաշտօնական միջոցառումից առաջ նախարար Անահիտ Ավանեսյանը (ով հանդիսանում է Հայաստանի և Մալթայի Ուխտի միջև համագործակցութեան համաձայնագրի իրականացման կոմիտէի համանախագահը) դեսպան Կարեն Նազարեանի ուղեկցութեամբ հանդիպում ունեցաւ Մեծ կանցլերի հետ, որի ընթացում քննարկուեցին առողջապահութեան, ինչպէս նաև աղէտների ռիսկերի նուազեցման ոլորտներում Մալթայի Ուխտի միջազգային փորձի փոխանակման ու ներդրման հնարաւորութիւնը, երկկողմ ծրագրերի իրականացման ընթացքը։

Նախարարը շնորհակալութիւն յայտնեց Մեծ կանցլերին Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հարցում Մալթայի Ուխտի որդեգրած սկզբունքային դիրքորոշման համար ու ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում շարունակուող ճգնաժամային իրավիճակը։

Դասական համերգին, որին մասնակցեցին ՀՀ առողջապահութեան նախարարը, Մեծ կանցլերը, Մալթայի Ուխտի բարձրաստիճան պաշտօնատարներ, մեծ թուով հաւատարմագրուած դեսպաններ, հանրային գործիչներ, լրագրողներ, խօսքով հանդէս եկաւ նաև դեսպան Նազարեանը՝ կարևորելով դարերի խորքից եկող բարեկամական կապերի վրայ խարսխուած երկկողմ յարաբերութիւնների և քաղաքական երկխօսութեան շարունակական զարգացումը մարդասիրական դիւանագիտութեան ոլորտում, ինչպէս նաև Մալթայի Ուխտի մարդասիրական գործունէութիւնը Հայաստանում։

Երեկոյի ընթացքում հայ առաքելական և կաթողիկէ եկեղեցիների հոգևորականների կողմից հնչեց օրհնական խօսք և Նարեկացու աղօթքը, իսկ ֆիլհարմոնիկ նուագախումբը հանդէս եկաւ մեծ դասականների կատարումներով։

Այցի շրջանակում նախարար Ավանեսեանը նաև հանդիպումներ ունեցաւ Հռոմում տեղակայուած համայնքային աւանդական կառոյցներում՝ այդ թւում Քահանայապետական Լևոնեան հայ վարժարանում և Հայ կաթողիկէ քոյրերի միաբանութիւնում։

Աղբիւրը` Սուրբ Աթոռի մօտ ՀՀ դեսպանատութիւն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

14/06/2023, 14:16