Հայկական ժողովրդական երգեր. Մեսրոպ Մաշտոցի «Ի նեղութեան իմում» ապաշխարութեան շարականը
Այսօր ծանօթանանք Մեսրոպ Մաշտոցի ապաշխարութեան շարականներից մեկին՝ «Ի նեղութեան իմում»։
Շարականի առաջին տողը գրաբարից թարգմանաբար կլինի՝ «Իմ նեղութեան մէջ օգնիր ինձ, Տէր, ինչպէս մի անգամ Յովնանին, և ողորմիր»:
Յովնանն այն մարգարէն էր, որին առաջադրուեց գնալ և Աստծոյ խօսքը քարոզել բաբելացիների երկրում, իսկ նա ցանկանալով խուսափել, նաւ նստեց՝ գնալու Թարսիս՝ Տիրոջից հեռու: Տէրը փոթորիկ է բարձրացնում ծովում:
Ինչպէ՞ս կարելի է Տիրոջից հեռու մի տեղ գտնել, երբ Նա ամենուր է: Նաւավարները խիստ վախենում են, և իւրաքանչիւրը օգնութեան է կանչում իր աստծուն: Իսկ Յովնանը իջել էր նաւի մի խորշը և ննջում էր: Նաւապետը մօտեցաւ նրան և ասաց. «Ի՞նչ ես խռմփացնում, վեր կաց, աղաչիր քո Տէր Աստծուն, թերևս մեզ փրկի, և մենք կորստի չմատնուենք»:
Յետոյ Յովնանի մարգարէութեան մէջ պատմւում է, որ նաւավարները վիճակ գցելով իմանում են, որ փոթորիկի պատճառը Յովնանն է: Նրան ստիպում են պատմել ամեն ինչ, և Յովնանը խոստովանելով, որ փախել է Տիրոջից, խորհուրդ է տալիս իրեն ծովը գցել և փոթորիկը կդադարի: Մարդիկ Յովնանին ծովն են գցում և Տիրոջ հրամանով կէտձուկը կուլ է տալիս նրան: Կէտաձկան փորի մէջ մարգարէն սկսում է աղօթել Աստծուն, սկսելով այս բառերով՝ «Իմ նեղութեան մէջ ես աղօթեցի իմ Տէր Աստծուն», ապա խոստանում է կատարել Աստծոյ կամքը, որից յետոյ կէտը բացում է իր բերանը և ազատում Յովնանին: Ահա, այս շարականի առաջին տան հիմքում ընկած է այս պատմութիւնը:
Երկրորդ հատուածում ասւում է. «Իմ յանցանքներից մաքրիր ինձ, Տէր, ինչպէս մի ժամանակ՝ մաքսաւորին, և ողորմիր»: Այստեղ նկատի է առնուած Մատթէոս աւետարանիչը, ով նախապէս մաքսաւոր էր և երբ Յիսուս կանչեց նրան իր հետևից, նա թողեց իր գործը և գնաց:
Մաքսաւորներն ընդունուած չէին ժողովրդի մէջ, քանզի մարդկանցից գումարներ էին գանձում, անգամ երբ հարկ չկար: Իսկ սա Աստծոյ «Մի գողացիր» պատուիրանի խախտումն է: Եւ ահա, այս մաքսաւորը՝ Մատթէոսը, թողնում է իր աշխատանքը, հրաժարւում մարդկանց կողոպտելով հարստանալուց, մաքրւում իր յանցանքներից և գնում Յիսուսի հետևից, հետագայում էլ գրում Աւետարաններից մէկը:
Վերջին տողերում ասւում է.
«Նենգաւոր շուրթերից փրկիր ինձ, Տէր, արիւնից ապրեցրու և ողորմիր»: Այսօր մենք էլ կուզենանք հեռու մնալ նենգաւոր շուրթերից, որոնցից լսւում են բամբասանքներ, զրպարտութիւններ, հայհոյութիւններ, որոնք ձգտում են գայթակղութիւն տարածել մեր անձի վրայ, որպէսզի մենք ևս հետևենք այդ վատ օրինակին: Եւ այս աղօթքով խնդրում ենք Աստծուն այդպիսի նենգաւոր շուրթերից մեզ հեռու պահել: Իսկ երկրորդ տողում, որ ասւում է Ի յարենէ ապրեցո, պէտք է իմանալ, որ ապրել հին հայերէնում նշանակել է փրկուել, այսինքն ապրեցո, այսօրեայ քերականական ձևով՝ ապրեցրու, կնշանակի փրկիր, փրկի՛ր այրիւնից:
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ