Որոնել

Open Doors-ի 2022 թուականի զեկոյցը քրիստոնեաների հալածանքների վերաբերեալ Open Doors-ի 2022 թուականի զեկոյցը քրիստոնեաների հալածանքների վերաբերեալ 

Open Doors – աշխարհում իւրաքանչիւր 7 քրիստոնեայից մէկը հալածանքների է ենթարկւում

Աշխարհում 360 միլիոն քրիստոնեայ հարուածի տակ է իր հաւատքի պատճառով։ Դա է փաստում World Watch List-ի 2022 թուականի տարեկան զեկոյցը։ Կազմակերպութեան տնօրէն Քրիստիան Նանին ընդգծել է, որ հալածողներից շատերն են անպատիժ մնում։
Ունկնդրէ լուրը

Վատիկան նիուզ – Հայկական բաժին

Աշխարհում աւելի քան 360 միլիոն քրիստոնեաներ հալածանքների և խտրականութիւնների են ենթարկւում իրենց հաւատքի պատճառով։ Հարիւրի է հասնում այն երկրների թիւը, ուր  հալածանքներն աճել են։ Հաւատքի պատճառներով սպաննուած քրիստոնեաների թիւը 2020 թուականի հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թուականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատուածում գերազանցում է 5800-ը՝ նախորդ տարուայ ցուցանիշներից 23%-ով աւելի։ World Watch List (Համաշխարհային դիտումների ցուցակ)  2022-ը՝ Open Doors  (Բաց Դռներ) կազմակերպութեան տարեկան զեկոյցը, պատմում է աշխարհի 50 երկրներում հակաքրիստոնէական հալածանքների մասին:

Բռնութիւնների, խտրականութիւնների և ոտնձգութիւնների աճ

Open Doors-ի իտալական մասնաճիւղի տնօրէն Քրիստիան Նանին նշել է, որ 30 տարուայ մէջ՝  առաջին զեկոյցի հրապարակման օրուանից, սա հալածանքների ամենաբարձր ցուցանիշն է։ Աշխարհում իւրաքանչիւր 7 քրիստոնեայից մէկը, Աֆրիկայում՝ 5-ից մէկը, Ասիայում՝ 5-ից երկուսը հալածանքների է ենթարկւում: Աֆղանիստանը թալիպների իշխանութեան գալուց յետոյ դարձել է աշխարհում ամենավտանգաւորը քրիստոնեայ համայնքի համար՝ երկրորդ տեղ մղելով Հիւսիսային Կորէային։ Open Doors-ի ներկայացրած աղիւսակում առաջին տասնեակում տեղ են զբաղեցրել աֆրիկեան եօթ երկրներ, ուր ճիհատիստական շարժումներն աւելի ու աւելի են զարգանում։

Պատճառները

Ըստ Նանիի բռնութիւնների, խտրականութիւնների և ոտնձգութիւնների աճի հիմնական պատճառներն են.

·  Կառավարութիւնների կողմից քրիստոնէական համայնքների պաշտպանութեան բացակայութիւնը, որոնք չեն ցանկանում կամ չեն կարող դա անել քաղաքական կամ կրօնական տարբեր պատճառներով։

·  Անպատժելիութեան մթնոլորտը:

·   Միջազգային քաղաքական դերակատարների գերակշիռ մասի ակնյայտ անտարբերութիւնը, ովքեր դիւանագիտական ​​հարաբերություններ վարելիս բաւարար ուշադրութիւն չեն դարձնում հիմնարար իրաւունքների ոտնահարմանը, ինչպիսին է աշխարհում քրիստոնեաների կրօնական ազատութիւնը:

Եկեղեցին փախուստի մէջ

Մէկ այլ շատ լուրջ երևոյթ է Open Doors-ի զեկոյցում «փախստական» սահմանուած Եկեղեցին, այսինքն՝ փախուստի մէջ գտնուող հարիւր հազարաւոր քրիստոնեաները. մարդիկ, ովքեր ուղղակի յարձակումների  պատճառով լքում են իրենց Երկրները։ Եւ այն որ ցաւալի է Քրիստիան Նանիի բնութագրմամբ՝  նրանք  յաճախ փախչում են դէպի այնպիսի Երկրներ, որոնք իրենց հերթին գտնւում են հալածողների ցուցակում, կամ էլ  յայտնւում են ճամբարներում, ուր հնարաւոր է կրկին ենթարկուեն  խտրականութիւնների ու հալածանքների, ինչից, իրականում, նրանք  փորձում են փախչել»: 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

21/01/2022, 08:07