Մէկ միլիոն ԱՄՆ տոլար Լիբանանահայութեան հրատապ կարիքներուն. Հայաստան Համահայկական հիմնադրամ։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմնի ջանքերով ս․թ․ սեպտեմբեր ամսուայ ընթացքում 1,000,000 ԱՄՆ դոլար է հաւաքագրուել և փոխանցուել Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեանը՝ Լիբանանի հայ համայնքի սոցիալական, ինչպէս նաև հայ կրթական հաստատութիւնների կարիքները հոգալու նպատակով: Սոյն դրամահաւաքն արձագանքն էր Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա-ի համայն հայութեանն ուղղուած կոչին։
Հիմնադրամը, հաւատարիմ մնալով իր համահայկական առաքելութեանը, ամուր կանգնած է Լիբանանում գործող հայկական կրթօջախների և լիբանանահայութեան կողքին: Այս օժանդակութիւնը շարունակական բնոյթ է կրում և սկիզբ է առել դեռևս 2019 թ-ի դեկտեմբերին, երբ Լիբանանում խորացաւ տնտեսական ճգնաժամը։ Յաջորդ աջակցութիւնը 2020թ.-ի օգոստոսին Պէյրութի աղետալի պայթունից անմիջապէս յետոյ Հիմնադրամի նախաձեռնած դրամահաւաքն էր: Այնուհետ սոյն թուականի ապրիլ ամսին ևս որոշակի դրամական աջակցութիւն ցուցաբերուեց տեղի հայ կրթական հաստատութիւններին՝ ընդհանուր առմամբ շուրջ 600,000 ԱՄՆ տոլար։
«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր երախտիքն է յայտնում բոլոր նուիրատուներին, Հիմնադրամի ցանցին, ինչպէս նաև ԱՄՆ տեղական մարմնին՝ Armenia Fund Inc. կազմակերպութեանը՝ լիբանանահայութեան գոյապահպանման խնդիրներին արագ արձագանքելու և տեղում դրամահաւաք կազմակերպելու համար։
«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր զօրակցութիւնն է բերում Լիբանանի անքակտելի մաս հանդիսացող հայ համայնքին՝ յոյս յայտնելով, որ կայունութիւնն ու բարեկեցութիւնը մօտ ապագայում կվերահաստատուեն Լիբանանում։
***
ՀՀՀ առաքելութիւնը համահայկական ցանցային համակարգի ձևաւորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպէս նաև աշխարհասփիւռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցուած զարգացման ապահովումն է՝ հիմնուելով ընդհանուր ինքնութեան վրայ։