Որոնել

Հարցազրոյց Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Արմէն Սարգսեանի հետ:

Անցեալ օրերուն Վատիկան կատարած պաշտօնական այցելութեան առիթով, ՀՀ նախագահ վսեմաշուք Տիար Արմէն Սարգսեանը բարեհաճեցաւ Վատիկան Նիուզի հայկական բաժնի հետ ունենալ հարցազրոյց մը։

Վատիկան Նիուզ

Անցեալ օրերուն Վատիկան կատարած պաշտօնական այցելութեան առիթով, ՀՀ նախագահ վսեմաշուք Տիար Արմէն Սարգսեանը բարեհաճեցաւ  Ռատիօ Վատիկան - Վատիկան Նիուզի հայկական բաժնի հետ ունենալ հարցազրոյց մը` որ ուրախութիւնն ունինք ներկայացնելու ստորեւ. ձայնիւ եւ համառօտ կերպով նաեւ գրութեամբ։

Ունկնդրէ հարցազրոցյը

Յարգելի Պարոն նախագահ, Նախ եւ առաջ շնորհակալութիւն մեզի ընծայած այս գեղեցիկ հնարաւորութեան համար ձեր հետ զրուցելու ձեր նախագահի հանգամանքով Վատիկան եւ Սուրբ Աթոռ կատարած անդրանիկ այցելութեան առիթով։

Այս առաջին անգամը չէ, որ դուք կ՜այցելէք առաքելական պալատը տրուած ըլլալով որ դուք եղած էք ՀՀ Սուրբ Աթոռի մօտ նշանակուած առաջին դեսպանը եւ ահա այսօր կը վերադառնաք այստեղ` որպէս նախագահ։

Ա.- Մեր հայրենիքը այս տարի բոլորեց իր վերանկախացման երեսուներորդ տարեդարձը եւ դուք ականատեսն ու հաւատալի վկան էք այդ երեսուն տարուայ պատմութեան ու նաեւ Սուրբ Աթոռի եւ Հայաստանի միջեւ ծնունդ առած ու տարիներու ընթացքին աճ արձանագրած եւ զարգացած դիւանագիտական ու բարեկամական կապերուն։ Ի՞նչպէս կը գնահատէք այս յարաբերութիւնները։

Հայաստանի և Վատիկանի միջև յարաբերութիւնները ես շատ բարձր եմ գնահատում։ Յաջորդ տարի մենք նշելու ենք դիւանագիտական յարաբերութիւնների երեսունամեակը և այդ տարիների ընթացքում մենք կարողացանք ամբողջացնել և ի մի բերել այն յարաբերութիւնները, որոնք ունէինք առանց պետականութեան՝ Քրիստոնեայ Հայաստանի երկու հազար տարուայ յարաբերութիւնները  Քրիստոնեայ Հռոմի հետ։ Դրանք խորը և բազմակողմանի յարաբերութիւններ էին աշխարհի տարբեր կէտերում սկսած Լատինական Ամերիկայից մինչև Երուսաղեմ, Երուսաղեմից սկսած մինչև Սիրիա, Սիրիայից Լիբանան, այսօր պետական ձև և իմաստ են ստացել, քանի որ և Հայաստանը և Վատիկանը, երկուսն էլ փոքր պետութիւն են, բայց ներկայացնում են համաշխարհային ազգեր։ Հայերն ունեն փոքր պետութիւն, բայց ունեն այն առաւելութիւնը, որ աշխարհի բոլոր մասերում կան հայեր, որոնց մեծ մասը ազնիւ, նուիրուած և աշխատասէր մարդիկ են, ովքեր սիրում են և իրենց եկեղեցին և իրենց հայրենիքը։ Նոյնը կարելի է ասել կաթոլիկների մասին, Վատիկանը փոքր պետութիւն է, սակայն կաթոլիկները ողջ աշխարհում հսկայական ազդեցութիւն ունեն և ես կարծում եմ, որ Հայաստան Վատիկան յարաբերութիւնները, ինչպէս նաև հոգևոր առաջնորդների և հոգևոր ինստիտուտների միջև յարաբերութիւնները շատ մեծ նշանակութիւն ունեն։ Եւ իհարկէ յիշելով մեր յարաբերութիւնների մասին չես կարող չյիշել 1999թ․ Վատիկանում կազմակերպուած Հռոմ Հայաստան, երկու հազար տարուայ պատմութիւն ցուցահանդէսը, որի հետ ես առնչութիւն ունէի որպէս Հայաստանի Հանրապետութեան դեսպան Սուրբ Աթոռում և, իհարկէ, Յովհաննէս Պօղոս Բ Պապի այցելութիւնը Հայաստան, Ֆրանչիսկոս Պապի այցելութիւնը Հայաստան 5 տարի առաջ և իհարկէ այն պատարագը, որ տրուեց Վատիկանում 2015թ․ Եղեռնի հետ կապուած, այս բոլորը երկու պետութիւնների միջև սերտ և բազմակողմանի յարաբերութիւնների նշաններն են, հաջողութիւններն են և միջոցառումներ, որոնք պատմական իմաստ են ստացել։

Բ.- Վատիկանի ձեր այս պաշտօնական այցի ծիրէն ներս ստորագրեցաւ նաեւ կարեւոր պայմանագիր մը, Վատիկանի Մշակոյթի Քահանայապետական խորհուրդի նախագահ` կարդինալ Ռավազիի հետ, Հայաստանի մշակութային, կրօնական ժառանգութեան և այդ ժառանգութեան պահպանութեան վերաբերեալ: Ի՞նչ կը ներառէ այդ պայմանագիրը ե ի՞նչ յոյսեր ունիք այդ ուղղութեամբ։

Այդ պայմանագիրը շատ էական է և կարևոր, որովհետև վերաբերում է Հայաստանի և Վատիկանի միջև հիմնական համագործակցութեան ուղղութիւններից մեկին՝ մշակութային երկկողմանի յարաբերութիւններին և պատմամշակութային և հոգևոր ժառանգութեան պահպանութեանը վերաբերող հարցերին։ Դա շատ լայն հասկացութիւն է, որը  ենթադրում է եկեղեցիների նորոգում, ձեռագրերի վերականգնում, գիտահետազօտական կենտրոնների ստեղծում։

Գ.- Պարոն նախագահ։ Մենք ապրեցանք ու տակաւին կը շարունակենք - նաեւ որպէս սփիւռքահայեր- ապրիլ, մեր նորանկախ հայաստանի պատմութեան մէջ ամենասարսափելի, աղէտալի եւ ցաւալի ժամանակներէն մին։ Բացի 44օրեայ պատերազմի պարտութենէն, մենք ունեցանք նաեւ մարդկային մեծ ու անհամար զոհեր։ Մենք կորսնցուցինք ամբողջ սերունդ մը, երիտասարդ սերունդ մը, մեր ապագան։ Դուք անցեալ օրերուն ձեր ելոյթներէն մէկուն մէջ ըսիք թէ «մեր ժողովուրդի բնական հարստութիւնը նոյնինքն ժողովուրդն է»։

Արդեօ՞ք այս բնական հարստութիւնը, այսինքն ժողովուրդը, պէտք եղածին չափ գնահատուած եւ արժեւորուած է, եւ կամ անոր նկատմամբ բաւարար ներդրումներ կը կատարու՞ին։

Կրկին անգամ ուզում եմ հաստատել, որ եթէ մեր ժողովուրդը ունի մէկ մեծ հարստութիւն դա նոյն ինքը ժողովուրդն է և իր պատմութիւնը, ժողովուրդ ասելով հասկանում եմ նաև պատմութիւնը, մշակումը, հոգևոր արժէքները, կրօնը, ամեն ինչ։ Ցաւօք սրտի, մենք բաւարար չափով չենք օգտագործում մեր բնական հարստութիւնը, ընդհակառակը՝ պատնէշներ ենք ստեղծել մասնաւորապէս սփիւռքի և Հայաստանի միջև։  Ամենաբարձր մակարդակի պրոֆեսիոնալ մարդը , ով ապրում է սփիւռում, ցաւօք սրտի չի կարող գալ  Հայաստան և միանգամից  նուիրուել  աշխատանքի, դառնալ, օրինակ, կառավարութեան անդամ կամ նախարար։  Սահմանադրութեան մէջ կան սահմանափակում է դրուած, որ մարդը  վերջին չորս տարում Հայաստանում միայն պէտք է ապրած լինի և ունենայ հայկական յանձնագիր։ Կարծում եմ, որ  21-րդ դարում դա սխալ  է։ Սխալ է, քանի որ մեր հսկայ պոտենցեալն արտասահմանում չի օգտագործուում։ Իմ առջև դրուած կարևորագոյն խնդիրներից մէկը համարում եմ Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան փոփոխութիւնը։ Նախ, որովհետև այն հաւասարակշռուած չէ քաղաքականօրեն, չկան հակակշիռների լծակներ չկան և ի վերջոյ, բազմաթիւ այլ թերութիւնների հետ միասին այն ունի սահմանադրական օրէնքներ, որոնք թոյլ չեն տալիս, որպէսզի մեր ժողովուրդը մեր ամենամեծ հարստութիւնը ծառայի հայրենիքին։

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

15/10/2021, 11:30