Որոնել

Vatican News
Քապուլը քաոսի մէջ Քապուլը քաոսի մէջ 

Քապուլի օդանաւակայանը հրթիռակոծուել է։

Ընդհանուր առմամբ արձակուել է հինգ հրթիռ, թէև պարզ չէ՝ արդեօք դրանք բոլորը եղել են C-RAM պաշտպանութեան համակարգի կողմից, որը նախատեսուած է հրթիռներից, հրետանիից ու ականանետային արկերից ցամաքային ուժերը պաշտպանելու համար

Այսօր առաւօտեան Աֆղանիստանի մայրաքաղաք Քապուլի միջազգային օդանաւակայանի ուղղութեամբ մի քանի հրթիռ է արձակուել, ԱՄՆ հակաօդային պաշտպանութեան համակարգը որսացել է դրանք։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` տեղեկութիւնը հաղորդում է CNN հեռուստատեսիլը՝ յղում անելով ամերիկացի անանուն պաշտօնեային:

Ընդհանուր առմամբ արձակուել է հինգ հրթիռ, թէև պարզ չէ՝ արդեօք դրանք բոլորը եղել են C-RAM պաշտպանութեան համակարգի կողմից, որը նախատեսուած է հրթիռներից, հրետանիից ու ականանետային արկերից ցամաքային ուժերը պաշտպանելու համար:

Պաշտօնեան ներկայացրել է նախնական տուեալները, նշել, որ ԱՄՆ-ի կողմից զոհեր չկան, բայց ամէն ինչ կարող է փոխուել։

Ընդ որում, ականատեսները «Ասոշիեյթեդ պրես» գործակալութեանը յայտնել են, որ հրթիռները հարուածել են օդանաւակայանի մօտ գտնուող թաղամասին։ Ականատեսների խօսքով՝ ականներն ընկել են Քապուլի Սալիմ Կարվան շրջանում: Պայթիւններից յետոյ հրաձգութիւն է տեղի ունեցել, բայց անհասկանալի է, թէ ով է կրակել։

Ականատեսներից մէկը, որը ցանկացել է անանուն մնալ, գործակալութեանը յայտնել է, որ սկզբում լսել է երեք պայթիւնների ձայն, այնուհետև տեսել երկնքում կրակի նմանուող բռնկումը: Նրա խօսքով՝ պայթիւններից յետոյ մարդիկ սկսել են փախչել։

Յիշեցնենք՝ Աֆղանիստանում իրավիճակը սրուել է ամերիկեան զօրքերի դուրսբերման ֆոնին։ Օգոստոսի սկզբին «Թալիպանի» զինեալները լայնածաւալ յարձակում էին ծաւալել, գրաւել խոշոր քաղաքներ, իսկ օգոստոսի 15-ին մուտք գործել Քապուլ: Նախագահ Աշրաֆ Ղանին փախել է ԱՄԷ։ Թալիպանները յայտարարում են, որ 20-ամեայ պատերազմն աւարտուած է, իսկ կառավարման ձևը պարզ կլինի մօտ ժամանակներս:

Այժմ շարժումը վերահսկում է Աֆղանիստանի տարածքի մեծ մասը և ցամաքային բոլոր սահմանային անցումները։ Այլ երկրների քաղաքացիներին և օտարերկրեայ առաքելութիւններում աշխատող աֆղանցիներին տարհանում են Քապուլում միակ օդանաւակայանի միջոցով, որը պահում են ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի երկրները:

Աղբիւրը` «armeniasputnik»

30/08/2021, 08:40