Որոնել

Vatican News

Հերոսների անկիւն Փանիկի Միջնակարգ դպրոցում

Սիրելի՛ մայրեր, խոնարհուում եմ ձեր առջեւ: Վասն հայրենիքի դուք տուեցիք ամենաթանկը՝ ձեր զաւակներին, որպէսզի մենք կարողանանք ապրել խաղաղ երկնքի տակ: Սիրելի՛ մայրեր ձեր միակ մխիթարութիւնը աղօթքն է եւ խնկարկումը ձեր որդիների հոգիների հանգստութեան համար»:

Շաբաթ, 10 ապրիլի, 2021 թուական. Փանիկի Միջնակարգ դպրոցում տեղի ունեցաւ «Մեզ բացակայ չդնէք» խորագրով միջոցառում՝ նուիրուած Արցախեան երկրորդ պատերազմի նահատակների անմահ յիշատակին: Միջոցառմանը ներկայ էին՝ Փանիկի Սուրբ Աստուածածին Եկեղեցւոյ ժողովրդապետ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը, Շիրակի փոխմարզպետ Դաւիթ Սեխլէեանը, Փանիկ համայնքի ղեկավար Վարդան Մակէեանը, հերոսների մայրերը եւ հարազատները, մանկավարժական ողջ հանրոյթը եւ դպրոցի սաները:

Բացման խօսքով հանդէս եկաւ Փանիկի Միջնակարգ դպրոցի տնօրէն Արսեն Մամիկոնեան. «12 տարի դպրոցում ռազմահայրենասիրական դաստիարակութիւն քարոզելուց եւ դասաւանդելուց յետո թէեւ դժուար է խօսել, այնուամենայնիւ, պէտք է ասեմ, որ Փանիկի դպրոցի համար այսօր յիշատակալից պահ է, քանի որ բացւում է փառքի անկիւն, որը յետագայում վերածուելու է փառքի սրահի: «Մեզ բացակայ չդնէք» խորագիրը մեր բոլորի մէջ արթնացնում է տխուր եւ յուզիչ պահեր, գիտակցում ենք, որ մեր տղաները՝ մեր հերոսները մէկ կամ մի քանի տարի առաջ սովորել են այս դպրոցում՝ չգիտակցելով, որ այսօր իրենց հարազատ դպրոցում փառքի են արժանանալու իրենց կատարած սխրանքի համար: Հայ ազգի պատմութեան էջերում գրուելու է նրանց անունները եւ այս սխրանքներով դաստիարակուելու են սերունդներ: Ես հասկանում եմ մեր հերոսների ծնողներին եւ վստահեցնում, որ կիսում ենք նրանց ցաւն ու վիշտը: Մեր տղաները անմահացան յանուն հայրենիքի, յանուն ազգի, յանուն մեր ծնողների եւ յանուն մեզ բոլորիս: Այս փառքի անկիւնը իր խորհրդով արդէն իսկ ամէն ինչ ասում է»:

Միջոցառման աւարտին խօսք առաւ նաեւ Գերյարգելի Հայր Գառնիկը՝ ներկաներին խնդրելով զոհուած զինուորների հոգիների հանգստութեան եւ խաղաղութեան համար յոտնկայս կատարել հանգստեան կարգ: Հայր Սուրբը յորդորեց չմոռանալ երեք շատ կարեւոր կէտեր. «Առաջինը յիշողութիւնն է: Վա՜յ այն ազգին, որ յիշողութիւն չունի եւ կը մոռանայ իր անցեալը, վա՜յ այն ազգին, որ չի մեծարում իր սրբութիւններին: Երկրորդը հայրենասիրութիւնն է: Մենք պէտք է կրթենք մեր ապագայ սերունդներին հայրենասիրական ոգով, որպէսզի նրանք եւս պահեն եւ պաշտպանեն մեր հայրենիքը այնպէս, ինչպէս մեր այսօրուայ անմահ հերոսները: Երրորդը հաւատքն է: Այնպէս, ինչպէս Քրիստոսի աշակերտները խնդրեցին զօրացնել իրենց հաւատքը՝ այդպէս եւ մենք պէտք է ամէն օր խնդրենք Տիրոջից՝ ասելով. «Տէ՛ր, զօրացրու մեր հաւատքը»: Մենք եւս զօրանալով եւ հաւատով պէտք է կարողանանք յաղթահարել այս դժուարութիւնները եւ ամոքել այս ցաւը:

Սիրելի՛ մայրեր, խոնարհուում եմ ձեր առջեւ: Վասն հայրենիքի դուք տուեցիք ամենաթանկը՝ ձեր զաւակներին, որպէսզի մենք կարողանանք ապրել խաղաղ երկնքի տակ: Սիրելի՛ մայրեր ձեր միակ մխիթարութիւնը աղօթքն է եւ խնկարկումը ձեր որդիների հոգիների հանգստութեան համար»:

Փոխմարզպետ պրն. Սեխլէեանն իր խօսքում յատուկ ընդգծեց, որ թէեւ սգում է ողջ ազգը, սակայն յարգելով եւ չմոռանալով մեր կորուստը պէտք է պայքարենք եւ հնարաւոր ամէն միջոց ձեռնարկենք արդարութեան հասնելու եւ մեր հերոսների թափած արեանը արժանի լինելու համար:

Համայնքի ղեկավար պրն. Մակէեանն ասաց, թէ 32 տարիների ընթացքում այն բոլոր զոհերը, որ ունեցել է հայ ազգը՝ յաղթանակի զոհեր են: 44-օրեայ այս պատերազմը ցոյց տուեց, որ 18-20 տարեկան ժամկէտային զինծառայողները աւելի մեծ խիզախութիւնների եւ սխրանքների են ընդունակ: Փա՛ռք մեր հերոսներին եւ շուտափոյթ ապաքինում վիրաւորուած զինուորներին եւ բարի վերադարձ մեր գերեվարուածներին:

Յիշատակն Արդարոց Օրհնութեամբ Եղիցի…

Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ,

Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութեան նախագահ

10/04/2021, 16:01