Որոնել

Հայոց Ցեղասպանութեան զոհերու դիակներ Հայոց Ցեղասպանութեան զոհերու դիակներ  

Սուրբ Աթոռում և Իտալիայում Հայաստանի դեսպանների մասնակցութիւնը «Ցեղասպանութեան կանխարգելում. պայքար կրօնական հետապնդումների դէմ» քննարկմանը

Հայոց ցեղասպանութեան ոգեկոչման 106-րդ տարելիցին նուիրուած առցանց միջոցառումը, որը կազմակերպել էին Սուրբ Աթոռում և Իտալիայում ՀՀ դեսպանութիւնները #StandTogether ներառական և էկումենիկ թւային հարթակի հետ մէկտեղ

Ս․թ․ ապրիլի 22-ին Սուրբ Աթոռում և Իտալիայում ՀՀ դեսպաններ Կարեն Նազարեանը և Ծովինար Համբարձումեանը հանրային, ակադեմիական ու քաղաքական յայտնի գործիչների ու լրագրողների հետ մէկտեղ մասնակցել են «Ցեղասպանութեան կանխարգելում» խորագրով առցանց քննարկմանը։

Իր բացման խօսքում դեսպան Համբարձումեանը մասնաւորապէս նշել է, որ սա կարևորագոյն պահ է, որպէսզի միջազգային հանրութիւնը գիտակցի ոչ միայն անցեալի ցեղասպանութիւնները յիշելու, այլեւ վաղ նախազգուշացմանն արձագանքելու՝ կանխելու, ժամանակին գործելու, աշխարհում քրիստոնեաներին և միւս փոքրամասնութիւններին պաշտպանելու և յանցագործներին պատասխանատուութեան ենթարկելու իր պատասխանատուութիւնը:

Մասնակիցներն անդրադարձ կատարեցին Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործընթացին, ապագայում մարդկութեան հանդէպ նմանօրինակ յանցագործութիւնների կանխարգելման լոյսի ներքոյ, խօսեցին ժխտողականութեան դէմ միասնական ու անողոք պայքար մղելու, ցեղասպանութեան թեման դասաւանդելու անհրաժեշտութեան, ինչպէս նաև Արցախի ժողովրդի հանդէպ իրականացուած ոճրագործութիւնների մասին։

Հարց ու պատասխանին հետևած իր ամփոփիչ խօսքում դեսպան Նազարեանը նշեց, որ պանել-քննարկման խորագրում ցեղասպանութեան կանխարգելումը կրօնական հալածանքների հարցի հետ կապակցելը պայմանաւորուած է նրանով, որ Հայոց ցեղասպանութեան օտարալեզու պատմագրութիւնում ու այդ յանցագործութեանը նախորդած շրջանի վերնախորագրութիւնում բաւականաչափ ուսումնասիրուած չէ հայերի և միւս փոքրամասնութիւնների նկատմամբ երիտթուրքերի քաղաքականութիւնը, ներառեալ զանգուածային տեղահանումները, բռնի ձուլումը և ընդհանրապէս տարբեր էթնիկ խմբերի՝ արաբների, քրդերի, յոյների և ասորիների ցեղասպան բնաջնջումը, որոնք ևս ծանրագոյն կորուստներ են կրել այդ հետապնդումների ու հալածանքների արդիւնքում:

Հայոց ցեղասպանութեան ոգեկոչման 106-րդ տարելիցին նուիրուած առցանց միջոցառումը, որը կազմակերպել էին Սուրբ Աթոռում և Իտալիայում ՀՀ դեսպանութիւնները #StandTogether ներառական և էկումենիկ թւային հարթակի հետ մէկտեղ, հեռարձակուել է Հռոմում տեղակայուած միջազգային անկախ հեռուստալուրերի Rome Reports գործակալութեան հարիւր հազարաւոր հետևորդներ ունեցող սոցիալական մեդիայի միջոցով։

Աղբիւր՝ Սուրբ Աթոռի մօտ ՀՀ դեսպանութիւն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

23/04/2021, 07:23