Որոնել

Vatican News
Նարեկացու յիշատակի օր Վատիկանում Նարեկացու յիշատակի օր Վատիկանում 

Նարեկացու յիշատակի օր Վատիկանում

Իր խօսքում Կ․Նազարյանը նաև նշեց, որ իր հազարամեայ պատմութեան ընթացքում հայ ժողովուրդը երբեք չընկրկեց իրեն պարտադրուած պատերազմների, հարևանների ագրեսիայի, ջարդերի, ցեղասպանութեան ու այլ զրկանքների առջև, ու, վեր յառնելով, շարունակեց հաւատարիմ մնալ քրիստոնէական ու համամարդկային իտէալներին։
Ունկնդրէ լուրը

Ս․թ․ փետրուարի 27-ին Վատիկանի Ս․ Պետրոսի տաճարում տեղի ունեցաւ Գրիգոր Նարեկացու յիշատակի օրուան նուիրուած պատարագ` Սուրբ Աթոռի Արևելեան եկեղեցիների միաբանութեան պրեֆեկտ Լեոնարդո Կարդինալ Սանդրիի նախագահութեամբ։   Պատարագին հետևեց Էկումենիկ աղօթք՝ Վատիկանի այգիներում դեռևս 2018թ․-ին վեր խոյացած Նարեկացու արձանի մօտ, որին ներկայ են գտնուել նաև Սուրբ Աթոռի Քրիստոնէական միութեան խթանման քահանայապետական խորհրդի նախագահ Կուրտ Կարդինալ Կոխը, պաշտօնատար անձինք, օտարերկրեայ դեսպաններ, ԶԼՄ-ների ու հասարակական կառոյցների ներկայացուցիչներ։

ՀՀ դեսպան Կարեն Նազարեանն իր ելոյթի ընթացքում անդրադառնալով Նարեկացու հոգևոր-գրական ժառանգութեանը, նշեց, որ Հռոմէական գլխաւոր օրացոյցում Ս․ Գրիգոր Նարեկացու յիշատակի օրը ներառելու Ֆրանցիսկոս Պապի վերջերս կայացրած որոշումը գալիս է փաստելու հայաստանեայց ու կաթողիկէ քոյր եկեղեցիների միջև շարունակական սերտացման, ինչպէս նաև Հայաստանի ու Սուրբ Աթոռի միջև զարգացող յարաբերութիւնների մասին։

Իր խօսքում Կ․Նազարյանը նաև նշեց, որ իր հազարամեայ պատմութեան ընթացքում հայ ժողովուրդը երբեք չընկրկեց իրեն պարտադրուած պատերազմների, հարևանների ագրեսիայի, ջարդերի, ցեղասպանութեան ու այլ զրկանքների առջև, ու, վեր յառնելով, շարունակեց հաւատարիմ մնալ քրիստոնէական ու համամարդկային իտէալներին։ «Խաղաղութեան վարդապետի» (ինչպէս որ աւելի վաղ  Նարեկացուն անուանել էր Հռոմի Պապը)  օրուայ առթիւ ՀՀ դեսպանն ընդգծեց ազգային ու գլոբալ մակարդակներում խաղաղութեան քաղաքակրթութիւն կերտելու Եկեղեցու ու միջազգային հանրութեան ջանքերին սատարելու անհրաժեշտութիւնը։

Յիշատակի այս արարողութիւնները կազմակերպել էին Սուրբ Աթոռի Արևելեան եկեղեցիների միաբանութիւնը, Քրիստոնէական միասնութեան խթանման  Քահանայապետական խորհուրդը՝ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանութեան հետ համագործակցաբար ու վերջինիս նախաձեռնութեամբ։ Արարողութիւններին մասնակցել են նաև Մխիթարեան միաբանութեան քահանայապետական պատուիրակ Լևոն արք. Զեքիյանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ներկայացուցիչ Խաժակ արք. Պարսամյանը, Քահանայապետական Լևոնեան հայ վարժարանի տնօրէն Նարեկ վրդ․ Նամոյանը, հայ կաթողիկէ քոյրերը, հայ առաքելական ու կաթողիկէ եկեղեցիների հոգևորականներն ու հայ համայնքի ներկայացուցիչները։

Աղբիւրը՝ «ՀՀ Սուրբ Աթոռի մօտ դեսպանութիւն՝

28/02/2021, 09:01