Որոնել

Vatican News
Տեղահանուած արցախցիներ Տեղահանուած արցախցիներ  (ANSA)

Տեղահանված արցախցիներին տրամադրելու համար շուրջ 700 առանձնատուն կվերանորոգուի

Տեղահանուած բնակիչների համար Ասկերանի,Մարտունու և Մարտակերտի շրջանների գիւղական անբնակ առանձնատների վերանորոգման ծրագրի շրջանակներում՝ անցած տարուայ դեկտեմբերի 30-ի դրութեամբ մեկնարկել է 71 առանձնատան վերանորոգումը:

Արցախի գիւղական բնակավայրերում առաջիկայ 3-4 ամիսների ընթացքում նախատեսւում է վերանորոգել և շահագործման յանձնել շուրջ 700 առանձնատուն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրոյցում տեղեկացրեց քաղաքաշինութեան փոխ նախարար Ազատ Համբարձումեանը՝ յաւելելով, որ առանձնատները տրամադրուելու են իրենց բնակավայրերից տեղահանուած արցախցիներին:

«Տեղահանուած բնակիչների համար Ասկերանի,Մարտունու և Մարտակերտի շրջանների գիւղական անբնակ առանձնատների վերանորոգման ծրագրի շրջանակներում՝ անցած տարուայ դեկտեմբերի 30-ի դրութեամբ մեկնարկել է 71 առանձնատան վերանորոգումը: Դրանցից 34-ն արդեն յանձնուել է շահագործման, իսկ միւսների վերանորոգումն ընթացքում է:   

Նախատեսուած 700 առանձնատների վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում՝ անբնակ տների թուի վերաբերեալ շրջվարչակազմերի ներկայացրած տուեալները ստանալուց անմիջապէս յետոյ: Քաղաքաշինութեան նախարարութեան և 28 շինարարական կազմակերպութիւնների միջև պայմանաւորուածութիւն է ձեռքբերուել՝  վերականգնման աշխատանքներին զուգահեռ սկսել նաև այդ առանձնատների վերանորոգումը: Գիւղական առանձնատները, ներքին և արտաքին յարդարումից բացի, կունենան խոհանոց և ներքին սանհանգույց»,-մանրամասնեց քաղաքաշինութեան փոխ նախարարը՝ նշելով,որ ծրագրի ֆինանսաւորումը կատարուելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով:

Մինչ այդ՝ համապատասխան պայմանաւորուածութիւններ են ձեռքբերում շրջվարչակազմերի և անբնակ առանձնատների սեփականատէրերի հետ: Բացի այդ՝ ծրագրում ընդգրկուած են նաև գիւղական բնակավայրերի այն տները, որոնցում երկար տարիներ փաստացի ոչ ոք չի բնակւում:

11/01/2021, 13:00