Որոնել

Արմէն Սարգսեան Արմէն Սարգսեան 

Մենք պէտք է կարողանանք վերականգնել հանդուրժողականութեան, փոխադարձ յարգանքի մթնոլորտը. ՀՀ նախագահի կոչը

Այս լարուած ու բարդ օրերին դիմում եմ բոլորիդ՝ ձեր իւրաքանչիւր գործողութիւն պէտք է լինի օրէնքին համապատասխան, պէտք է լինի իրաւաչափ:

Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը հանդէս է եկել հայ ժողովրդին ուղղուած կոչով, որում նշում է, որ պետութիւնն ու հասարակութիւնն այս պահին յետպատերազմեան խորը ճգնաժամի մէջ են, և ամեն ինչ պէտք է արուի այն յաղթահարելու համար: Արմենպրես-ը ներկայացնում է ՀՀ նախագահի կոչը:

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մեր երկիրը՝ որպէս պետութիւն, և մեր հասարակութիւնը, բոլորս միասին գտնւում ենք յետպատերազմեան խորը ճգնաժամի մէջ: Սա պէտք է արձանագրել առանց ձևականութեան, առանց ինքներս մեզ խաբելու և, միաժամանակ, առանց յուսահատութեան: Պէտք է ամբողջութեամբ գիտակցենք և ընդունենք այդ ճգնաժամի գոյութիւնն ու ամեն ինչ անենք այն յաղթահարելու համար: Միասին, ձեռք ձեռքի տուած:

Անկախ զբաղեցրած պաշտօնից, քաղաքական համոզմունքներից ու հայեացքներից, անձնական համակրանքներից ու հակակրանքներից, մենք պէտք է մտածենք մեր պետութեան, երկրի ու ժողովրդի ապագայի մասին:

Մեզնից իւրաքանչիւրն իրաւունք ունի արտայայտելու իր կարծիքը, դժգոհութիւնը եւ իշխանութիւններից բացատրութիւն պահանջելու պատերազմի հետևանքով մեզ պատճառուած ահռելի մարդկային և տարածքային կորուստների համար:

Կառավարութիւնը չի կարող գործել 2018թ. հանրային տրամադրութիւնների ոգով: Այսօրեայ իրականութիւնը բոլորովին այլ է:

Այս լարուած ու բարդ օրերին դիմում եմ բոլորիդ՝ ձեր իւրաքանչիւր գործողութիւն պէտք է լինի օրէնքին համապատասխան, պէտք է լինի իրաւաչափ:

Դիմում եմ նաև իրաւապահ մարմինների ներկայացուցիչներին՝ կարգ ու կանոնի պահպանումը կարևոր է: Միաժամանակ յիշէք, որ ձեր առջև, Երևանի փողոցներում մեր հայրենակիցն է, մեզնից մէկը՝ կին, թէ տղամարդ, երիտասարդ, թէ տարեց: Նրանց մէջ են նաև մարդիկ, ովքեր մի քանի օր առաջ պաշտպանում էին հայրենիքը, մեզանից իւրաքանչիւրին, ձեզ:

Անթոյլատրելի ու անընդունելի են ցանկացած բռնութիւն և ոչ համաչափ ուժի ու միջոցների կիրառումը: Ձեր գործողութիւններում պէտք է դրսևորէք պատասխանատուութիւն, մարդկային և մասնագիտական բարձր յատկանիշներ:

Այսօր մենք կարիք ունենք շրջադարձային որոշումների: Լուծումները պէտք է լինեն ազգային համաձայնութեան շրջանակում: Մենք պէտք է կարողանանք վերականգնել հանդուրժողականութեան, փոխադարձ յարգանքի մթնոլորտը, ի մի բերել մեր ժողովրդի բոլոր դրական ու կենսական որակները և դրանք վերածել հաւաքական ուժի, որը կլինի մեր հետագայ հաջողութիւնների գրաւականը: Հանրապետութեան նախագահի և նախագահական ինստիտուտի գործունութիւնն ուղղուած է հենց այդ նպատակին:

Աստուած պահապան բոլորիս»:

Քաղուած «Արմենպրես»էն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

05/12/2020, 09:47