Որոնել

Vatican News
Հայր Ղևոնդ Ալիշան Հայր Ղևոնդ Ալիշան 

Ղևոնդ Ալիշանի 200-ամյակի առթիւ հրատարակուել է նրա անտիպ նամակների առաջին հատորը։

Գրքի շնորհանդէսը տեղի ունեցաւ դեկտեմբերի 24-ին ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի և սպորտի նախարարութիւնում:
Ունկնդրէ լուրը

Բանաստեղծ, բանասէր, պատմաբան, աշխարհագրագէտ, թարգմանիչ,  Վենետիկի Մխիթարեան միաբանութեան անդամ Ղևոնդ Ալիշանի 200-ամյա յոբելեանի կապակցութեամբ լոյս է տեսել  «Նամականի» գրքի առաջին հատորը: Գրքում զետեղուել են Ալիշանի 1840-1870 թուականներին գրած անտիպ նամակները, որոնք ներկայացնում են նրա գիտագրական, ստեղծագործական և Մխիթարեան միաբանութիւնում ծաւալած գործունութեան ընթացքը:

Գրքի շնորհանդէսը տեղի ունեցաւ դեկտեմբերի 24-ին ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի և սպորտի նախարարութիւնում:

«Այսօր մեր ժողովուրդը հոգևոր, մշակութային սննդի կարիք ունի: Այն անհրաժեշտ է  առաջ գնալու համար:  Մենք շատ ենք կարևորում մշակութային գործունութիւնը, որն ուղղուած է մեր հայրենակիցների, մեր ժողովրդի հոգևոր վերածննդին: Հիմա անկումային տրամադրութիւններ են, և մենք իրաւունք չունենք  չզարգանալու, իսկ  այդ ճանապարհին հոգևոր բացադրիչը որոշիչ է: Մեր նպատակները պէտք է մեզ տանեն դէպի հզօրացում»,-ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահան Դումանյանը և շեշտեց՝ յոյս ունի՝ Ալիշանի նամակների հրատարակումը շարունակական բնոյթ կկրին, իսկ նախարարութիւնն իր խողովակները կծառայեցնի նման ազգանուէր, ազգանպաստ մշակութային միջոցառումների իրականացմանը:

ՀՀ ԿԳՄՍ փոխ նախարար Նարինե Խաչատուրյանն էլ նշեց, որ «Նամականի» գրքում ներառուել են գիտական ծանօթագրութիւններ, թարգմանութիւններ: «Այս նամակները կարդալով՝ մենք տեղեկանում ենք, թէ ինչպիսի մարդկանց հետ է Ղևոնդ Ալիշանը շփում ունեցել, ինչ կապեր է հաստատել աշխարհով մէկ՝ կայսրուհիներից սկսած,  գիտնականներով աւարտուած: Մինչ այս հատորի հրատարակումը ծանօթ էինք Ալիշանի գրականութեան հայագիտական աշխատութիւններին, իսկ այժմ նամակագրութեան ժանրը հետաքրքիր լոյս է սփռում նրա կերպարի վրայ, որովհետև նամակները շատ անձնական են ու կարևոր բացայայտումներ են անում»,-ընդգծեց Խաչատուրյանը:

Փոխնախարարը յայտնեց, որ հատորը վաճառքի ենթակայ չէ: Գրքերի մի մասը առաքուել է Մխիթարեան միաբանութիւն, միւս մասը տրամադրուելու է աշխարհի մեծագույն  գրադարաններին և արխիւներին:

Միջոցառմանը տեսակապի միջոցով միացաւ Վենետիկի Մխիթարեան միաբան, Հայր Վահան ծայրագոյն վարդապետ Օհանեանը, որը Ղևոնդ Ալիշանի նամակների հրատարակումը մեծանուն հեղինակի 200-ամյակին նուիրուած լաւագոյն նուէրն է համարում:

Նա նոյնպէս կարծում է, որ նամակների ընթերցմամբ՝ մենք ծանօթանում ենք Ալիշանի կերպարին: «Շատ բան գիտենք Ղևոնդ Ալիշանի գործերի մասին, բայց նամակների միջոցով ճանաչում ենք Ալիշան անհատին, անձին,  տեղեկանում ենք, թե  ինչպէս է նա հասել Սուրբ Ղազար կղզի, ապրել այնտեղ, ծանօթանում ենք նրա աշխարհընկալմանը, Մխիթարեան միաբանների հետ շփումներին: Հատորի միջոցով կարող ենք յստակ հասկանալ, թէ ովքեր են եղել նրա զրուցակիցները, գործընկերները, որոնք Ալիշանին աջակցել են իր հատորները հրատարակելու հարցում»,-ասաց Հայր Վահան ծայրագոյն վարդապետ Օհանեանն ու յաւելեց, որ նամակների մեծամասնութիւնն ուղղուած է Մխիթարեան միաբաններին, բայց և կան մանակներ ուղղուած աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ և օտարազգի մեծամեծ հայագէտների, գիտնականների, որոնց հետ Ղևոնդ Ալիշանը մշտապէս պահել է կապը:

«Նամականի» գիրքը  լոյս է տեսել ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան աջակցութեամբ և Վենետիկի Մխիթարեան միաբան, Հայր Վահան ծայրագոյն վարդապետ Օհանեանի ուսումնասիրութեամբ: Գրքի երկրորդ և երրորդդ հատորները կհրատարակուեն 2021 թուականին:

Քաղուած «Արմենփրես»էն

28/12/2021, 07:22