Որոնել

Vatican News
Երեք նոր նամականիշ Երեք նոր նամականիշ 

Երեք նոր նամականիշ` նուիրուած «Պատմամշակութային յուշարձաններ. Հայաստանի պատմամշակութային յուշարձաններ» թեմային

Կտրօնների վաճառքից գոյացած հասոյթը կուղղուի Հայաստանի պատմամշակութային յուշարձանների պահպանմանը:

2020 թուականի նոյեմբերի 30-ին «Հայփոստ»-ի կողմից շրջանառութեան մէջ է դրուել երեք նամականիշ՝ նուիրուած «Պատմամշակութային յուշարձաններ. Հայաստանի պատմամշակութային յուշարձաններ» թեմային: «Արմենպրես»ի հաղորդմամբ, «Հայփոստ»-ը տեղեկացնում է, որ 240 ՀՀ դրամ անուանական արժէքով նամականիշի վրայ պատկերուած է Վայոց ձորի մարզի Ագարակաձորի կամուրջը (մ.թ. XIII դ.). այն գտնւում է Արփա գետի վրայ, Ագարակաձոր գիւղից 2,5 կմ դէպի արևմուտք: Միակամար կամուրջը գործել է մինչև 1970-ական թուականները:

330 ՀՀ դրամ անուանական արժէքով նամականիշի վրայ պատկերուած է Շիրակի մարզի Մարմաշենի վանքը (մ.թ. X-XI դդ.): Մարմաշենի վանքը տեղակայուած է Ախուրեան գետի ձախ ափին, հայկական ճարտարապետութեան լաւագոյնն յուշարձանախմբերից է: Յուշարձանախմբի գլխաւոր եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին 988-1029 թուականներին: 350 ՀՀ դրամ անուանական արժէքով նամականիշի վրայ պատկերուած է Շիրակի մարզում գտնուող Երերույքի տաճարը (մ.թ. VI դ.):

Երերույքը եռանավ Պազիլիկ է՝ երեք զոյգ խաչաձև մոյթերով, չորս անկիւններում երկյարկ սենեակներով: Ունի հարուստ դեկորատիվ յարդարանք:

Նամականիշերը տպագրուած են Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը՝ իւրաքանչիւրը 10 000 տպաքանակով: Նամականիշերի դիզայնի հեղինակն է դիզայներ Վահագն Մկրտչեանը: 240, 330 և 350 ՀՀ դրամ անվանական արժէքով երեք փոստային նամականիշերի հետ մէկտեղ «Հայփոստ» ՓԲԸ-ն թողարկել է 120 ՀՀ դրամ արժողութեամբ նուիրատուութեան կտրօն: Կտրօնների վաճառքից գոյացած հասոյթը կուղղուի Հայաստանի պատմամշակութային յուշարձանների պահպանմանը: 

Քաղուած «Արմենպրես»էնն

 

30/11/2020, 10:40