Որոնել

Vatican News
Պատերազմէն փախուստ Պատերազմէն փախուստ 

Սրեբրենիցա. Յովհաննէս Պօղոս Բ-ի համար «քաղաքակրթութեան ձախողում» էր։

25 տարի է անցել Սրեբրենիցայի ջարդերից: Այս կոտորածը Երկրորդ Համաշխարհային Պատերազմի աւարտից յետոյ իրականացուած ամենազարհուրելի ռազմական գործողութիւններից մէկն էր: Մարդկութեան դէմ ուղղուած այս ոճիրը՝ 8000 մարդու կեանք խլած այս սպանդը, Յովհաննէս Պօղոս Բ Սրբազան Քահանայապետի բնորոշմամբ «քաղաքակրթութեան ձախողումն էր»:

Ժան Շառլ Փուցոլու – Վատիկան Նիուզ

1995 թուականի յուլիս 11-ին՝ «էթնիկ զտումների» անուան տակ, աւելի քան 8000 պոսնիացիներ, որոնցից ոմանք հազիւ թէ թեւակոխած լինէին պատանեկութիւն, սպաննուեցին Պոսնիայի Սերպական Հանրապետութեան բանակի կողմից: Բանակը գործում էր Պոսնիայի սերպերի ղեկավար՝ ոմն Ռատկօ Մլատիչի հրամանատարութեան ներքոյ: Տասնհինգ տարի փախուստի մէջ գտնուելուց յետոյ նրան կարողացան ձերբակալել: Միջազգային Քրէական Դատարանի կողմից՝ հօգուտ նախկին Եուկոսլավիայի, նա դատապարտուեց ցմահ բանտարկութեան՝ մարդկութեան դէմ գործած ոճրի եւ ցեղասպանութեան կազմակերպման մեղադրանքով: Նրա պատիժն աւարտուեց 2017 թուականին:

Զանգուածային ջարդերից հինգ օր անց՝ կիրակի, յուլիս 16-ին, Յովհաննէս Պօղոս Բ Քահանայապետը՝ Հրեշտակ Տեառն աղօթքի ընթացքին անդրադառնալով տեղի ունեցած ոճրին, նշում է. «Տեղեկութիւնները եւ նկարները, որ մեզ են հասնում Պոսնիայից, յատկապէս՝ Սրեպրենիցայից եւ Զեպայից, եւս մէկ անգամ վկայում են այն մասին, որ Եւրոպան եւ մարդկութիւնը աւելի խորն են ընկղմուել թշուառութեան խորխորատի մէջ: Ոչ մի պատճառ, ոչ մի ծրագիր չի կարող արդարացնել այսպիսի բարբարոսական գործողութիւնները եւ մեթոտները, քանի որ սրանք յանցագործութիւններ են ընդդէմ մարդկութեան: Որքան կ'ուզէի, որ իմ խօսքը, սէրն ու աղօթքը հասնեն այն եղբայրներին եւ քոյրերին, ովքեր մերժուել եւ յայտնուել են գաղթի ճանապարհին՝ ծայրայեղ աղքատութեան մէջ: Բարի կամքի տէր բոլոր անձանց խնդրում եմ, որ առանց յոգնութեան շարունակեն աջակցել հալածանքների ենթարկուած այս մարդկանց: Ի ցոյց աշխարհի իրականացուող այս յանցանքը ապացոյցն է քաղաքակրթութեան ձախողման: Սրեպրենիցայի կոտորածներն ընդմիշտ կը մնան Եւրոպայի պատմութեան տխրահռչակ էջերում»:

1992 թուականի ապրիլ 6-ին Պոսնիա եւ Հերցեկովինայի Հանրապետութեան անկախութեան հռչակմանը յաջորդեցին պատերազմի երեք տարիները, որոնք բարեյաջող աւարտ ունեցան 1995 թուականի դեկտեմբեր 14-ին կնքուած Դեյթօնեան համաձայնագրով: Այս տարիների ընթացքում Քարոլ Վոյթիլան ջանք ու եռանդ չխնայեց՝ բացայայտելու եւ դատապարտելու բռնութեան, հալածանքների եւ կեղեքումների անթիւ-անհամար դէպքերը, որոնց ենթարկւում էր քաղաքացիական բնակչութիւնը: Այս մռայլ օրերին նա «ագրեսորին զինաթափելու» եւ «մարդասիրական միջամտութեան» կոչ է ուղղում, մինչդեռ համայն աշխարհը լռելեայն հետեւում էր այդ ողբերգութեանը՝ համարելով, որ տարածաշրջանում տեղակայուած խաղաղարարների ներկայութիւնը արդիւնաւէտ չէ: Կասկածներ կային, որ Սրեպրենիցայի մահմետականներով բնակեցուած տարածքում հոլանտացի խաղաղապահները իրենց մասնակցութիւնն ունեն գեներալ Մլատիչի մարդկանց կողմից վտարուած կանանց եւ երեխաների բաժանման գործում, իսկ մինչ այդ՝ աւելի քան ութ հազար մարդ, ի թիւս որոնց նաեւ պատանիներ, սառնասրտութեամբ եւ ստորաբար բնաջնջւում էին:

Պատերազմի առաջին իսկ օրերից Յովհաննէս Պօղոս Բ Սրբազան Քահանայապետը չի պատրաստւում լռել. «Խիղճս թոյլ չի տալիս լուռ մնալ»: Նա Միացեալ Ազգերի Կազմակերպութեանը եւ Եւրոպային մարդասիրական միջամտութեան կոչ է յղում՝ նախկին Եուկոսլավիայում ագրեսորին զինաթափելու համար: 1992 թուականի դեկտեմբեր 5-ին ԱՀԿ-ի եւ ՊԳԿ-ի կազմակերպած պարէնի տրամադրման վերաբերեալ Հռոմում կայացած Միջազգային համաժողովի ժամանակ Քահանայապետը այսպէս է արտայայտում իր միտքը. «Մարդկային խիղճը, որը յետայսու պաշտպանուած է միջազգային մարդասիրական իրաւունքի նորմերով, պահանջում է, որ պարտադիր կիրառուի մարդասիրական միջամտութիւն այն իրավիճակներում, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում ժողովուրդների եւ էթնիկ խումբերի կեանքի իրաւունքի նկատմամբ: Սա է ազգերի եւ միջազգային հանրութեան պարտականութիւնը»:

1994 թուականի յունուար 23-ին Պալկանեան երկրներում խաղաղութեան վերահաստատման համար աղօթքի օր էր յայտարարուել: «Հրեշտակ Տեառն»-ի ժամանակ Նորին Սրբութիւնն իր խորը ցաւն է արտայայտում այս հակամարտութեան վերաբերեալ. «Նախկին Եուկոսլավիայի տարածաշրջանում պատերազմը շարունակում է ընդդիմանալ խաղաղութեան հաստատման իւրաքանչիւր փորձի եւ չի դադարում իր դաժանութեամբ եւ մարդու իրաւունքների ոտնահարման բազմաթիւ դրսեւորումներով ցնցել բոլորիս հոգիները: Ո՛չ, մենք չենք կարող եւ չպէտք է համակերպուենք: Իրաւասու մարմինների պարտականութիւնն է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ագրեսորին զինաթափելու եւ պայմաններ ստեղծելու՝ երկարատեւ ու սպասուած խաղաղութիւնը ձեռք բերելու համար»:

Քրիստոնեաների միութեանը նուիրուած աղօթքի շաբաթուայ ընթացքում Քահանայապետն ընդգծում է իր հիասթափութիւնը. «Ընդամէնը մի քանի տարի է, ինչ փլուզուեց պատը, որը տասնամեակներ շարունակ խորհրդանշում էր աշխարհի բաժանումը երկու հակադիր բեւեռների: Այս իրադարձութիւնը կարծես նոր աշխարհի արշալոյսը լինէր: Ոչ ոք կասկած անգամ չէր կարող ունենալ, որ Եւրոպայի սրտում՝ բոլորովին աննկատ կերպով, վեր կը խոյանան նոր պատեր՝ ատելութեան եւ արիւնի պատնէշներ կառուցելով եղբայրների միջեւ»:

1994 թուականի սեպտեմբերին, երբ կատաղի մարտեր էին ընթանում, Յովհաննէս Պօղոս Բ Սրբազան Քահանայապետը մեկնում է Զակրէպ՝ Խորուաթիա: Թէեւ մեծ էր փափաքը, այնուամենայնիւ, Նորին Սրբութիւնը չի կարողանում կանգ առնել Սարայեվոյում, սակայն, տեղի բնակիչներին դիմում է հետեւեալ խօսքերով. «Դուք լքուած չէք: Մենք ձեր կողքին ենք եւ միշտ կը լինենք»:

Նոյն տարում, Սրբազան Քահանայապետն իր «Tertio Millenio Adveniente» Հովուական Թուղթի մէջ Եւրոպային յիշեցնում է այն յանձնառութեան մասին, որն ունի. «1989 թուականից ի վեր նոր վտանգներ եւ սպառնալիքներ են ի յայտ գալիս: Նախկին Արեւելեան երկրների շարքում՝ Կոմունիզմի փլուզումից յետոյ, ազգայնամոլութեան լուրջ վտանգ է առաջացել, ինչի վկայութիւնն են Պալկանեան երկրներում եւ հարեւան այլ շրջաններում ծաւալուող իրադարձութիւնները: Եւրոպական ազգերի համար սա խղճի կարեւոր քննութիւն էր՝ ճանաչելու պատմութեան ընթացքում տնտեսական եւ քաղաքական ոլորտում գործած սխալները՝ այն ազգերի նկատմամբ, որոնց իրաւունքները պարբերաբար ոտնահարուել են»: 

Պոսնիայում քաղաքացիական պատերազմից երկու տարի անց՝ 1997 թուականի ապրիլ 12-ին, Յովհաննէս Պօղոս Բ Քահանայապետը ոտք դրեց բազմաթիւ վէրքերով խոցուած Սարայեվօ քաղաքի հողի վրայ, որտեղ հրանօթների արկերի թողած անցքերը պատուած էին կարմիր արեամբ ներկուած ցեմենտով: Ժամանելուն պէս Նորին Սրբութիւնը արտաբերեց հետեւեալ խօսքերը. «Այլեւս երբեք... ո՛չ մի պատերազմ, ո՛չ մի ատելութիւն, ո՛չ մի անհանդուրժողականութիւն»: Թէեւ վէրքերը դեռ արիւնահոսում են, շինութիւնները աւերակների են վերածուած, « snipper avenue »-ի երկայնքով այդչափ քաղաքացիական անձանց արիւն է հոսել, եւ, այս նախճիրին զոհ դարձած մարդկանցից շատերը թաղուած են նոյն տեղում, որտեղ սպաննուել են եւ, միայն հողի մէջ դրուած հասարակ խաչերն են, որ վկայում են նրանց շիրիմների մասին, այնուամենայնիւ, Նորին Սրբութիւնը յորդորում է ներել. «Վրէժխնդրութեան բնազդն իր տեղը պէտք է զիջի ներման ազատարար ուժին, որը կարող է վերջ դնել հիւանդագին ազգայնամոլութեանը եւ դրանից սերող էթնիկ վիճաբանութիւններին: Ինչպէս խճանկարի ամէն մէկ տարր պէտք է իր տեղում լինի, այդպէս էլ այս տարածաշրջանի բաղկացուցիչ մասերից իւրաքանչիւրը պէտք է ունենայ իր քաղաքական, ազգային, մշակոյթային եւ կրօնական ինքնութիւնը»:

Գիտակցելով, որ երկար ժամանակ կը պահանջուի, որպէսզի վէրքերը սպիանան՝ Յովհաննէս Պօղոս Բ Սրբազան Քահանայապետը յիշատակում է Սարայեվոյի խորհրդանշական չորս կառոյցները՝ Կաթողիկէ Մայր Տաճարը, Ուղղափառ Մայր Տաճարը, Մահմետական Մզկիթը եւ Հրէական Սինագոգը. «Սրանք սոսկ աղօթքի տներ չեն»,- ասում է Քահանայապետը, - «սրանք նաեւ քաղաքացիական հասարակութեան այն օրինակելի օճախներն են, որ այս տարածաշրջանի մարդիկ ուզում են կառուցել՝ ունենալով խաղաղ հասարակութիւն: Իսկ կայուն խաղաղութիւն ունենալու համար՝ չնայած արեան եւ ատելութեան դառն յիշողութիւններին, անհրաժեշտ է ապաւինել ներման զօրութեանը: Պէտք է կարողանալ ներում խնդրել եւ ներել»:  

Յովհաննէս Պօղոս Բ Քահանայապետի այցելութիւնից տասնութ տարի անց՝ 2015 թուականի յունիս 6-ին, խաղաղութեան մէկ ուրիշ ուխտաւոր ոտք դրեց Սարայեվօ: Գրեթէ քսան տարի է անցել Սրեպրենիցայի ջարդերից, սակայն երկիրը, որտեղ պատերազմը իր խորը հետքերն է թողել, դեռեւս չի յաղթահարել եւ լուծել բոլոր դժուարութիւններն ու խնդիրները: Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոսն իր խօսքում ընդգծում է. «Մահմետականների, հրէաների, քրիստոնեաների եւ կրօնական այլ փոքրամասնութիւնների միջեւ սրտաբուխ եւ եղբայրական փոխյարաբերութիւնները կարեւորութիւն են ձեռք բերում: Արժեւորուած այս փոխյարաբերութիւնները դուրս են գալիս Պոսնիա եւ Հերցեկովինայի սահմաններից եւ համայն աշխարհին վկայում այն մասին, որ տարբեր էթնիկ եւ կրօնական խմբաւորումների միջեւ համագործակցութիւնը՝ ի նպաստ համընդհանուր բարօրութեան, հնարաւոր է»: 1995 թուականի համաձայնագրով սերպ, խորուաթ եւ պոսնիացի համայնքներից կազմաւորուած համատեղ կառավարման խորհուրդի անդամներին Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը յորդորում է ճանաչել «մարդկային հասարակութեան հիմնարար արժէքները», որպէսզի հնարաւոր լինի կառուցել, երկխօսել, ներել եւ առաջ շարժուել՝ ի հակադրումն «բարբարոսութիւնների» եւ «ատելութեան մոլեռանդ դրսեւորումների»:

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

 

  

 

11/07/2020, 11:45