Որոնել

Ալիշանի ծննդեան 200-ամեայ յոբելենանը։ Ալիշանի ծննդեան 200-ամեայ յոբելենանը։ 

Ալիշանի ծննդեան 200-ամեայ յոբելեանը։

Ղևոնդ Ալիշանի ծննդեան 200-ամեակի ոգեկոչումը մեզ կ՛օգնի կառուցելու այն Հայաստանը, որի կերտման ոգեղէն երազանքով ապրեց Հայոց աշխարհի Նահապետը:

Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանը, ՀՀ ԳԱԱ Պատմութեան և Գրականութեան ինստիտուտները, Սուրբ Աթոռում և Իտալիայում Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւնները յոբելենական այս տարեթիւը պատեհ համարելով այսօր անդրադառնում են հայ մտքի հսկաներից մէկի՝ Մեծն Ալիշանի թողած ժառանգութեանը։
Հայր Ղևոնդ Ալիշանի գործունէութիւնը ստուգաբանւում է Մխիթարեան ողջ միաբանութեան ընդհանուր գործունէութեան շրջանակում:

Մխիթարեանների ուսումնասիրութիւնները մի շարք բնագաւառներում և յատկապէս պատմագիտութեան, պատմական աշխարհագրութեան, տեղագրութեան և հնագիտութեան, որոնք սկզբնաւորել էին Մխիթար Սեբաստացիով և Միքայէլ Չամչեանով ու շարունակուել Ղուկաս Ինճիճյանով, Ստեփանոս Գիվեր Ագոնցով և Մկրտիչ Ավգերյանով, իրենց լրումին հասան Ղևոնդ Ալիշանի գիտական գործերով:

Ալիշանի ստեղծագործութիւնները լեցուն են վառ հայրենասիրական շնչով, շնորհիւ որի իրար են միահիւսուում գիտական խոր վերլուծութիւնը և ժողովրդական ոգին, որով Հայոց Նահապետը բարձր գնահատութեան արժանացաւ թէ՛ եւրոպական գիտական շրջանակներում և թէ՛ հայ ժողովրդի բոլոր խաւերի կողմից:

Պատահական չէ, որ Ալիշանին նուիրուած իւրաքանչիւր յոբելենական տարելից կատարւում է համահայկական ընդգրկմամբ և միջազգային տարողութեամբ:
Նոյնը պէտք է լիներ նաև այս յոբելեանի պարագայում: Ցաւօք, համավարակը մասնակիօրէն խանգարեց և որոշ չափով ուշացրեց յոբելենական հանդիսութիւնները, սակայն դրանք կը մեկնարկեն յուլիսի 6-ին՝ Հայոց Նահապետի ծննդեան օրը:

Մխիթարեանների, այդ թւում և Ալիշանի երազանքն էր Հայոց պետականութեան վերականգնումը:
Վենետիկի 1881թ. աշխարհագրական երրորդ համաժողովին, շնորհիւ Ալիշանի, Հայաստանը ներկայացուեց առանձին տաղաւարով, որը գերազանցեց շատ երկրների ցուցադրութիւնները, վերջիններիս զիջելով միայն դրօշ չունենալով:

Մխիթարեան միաբանութեան նահապետ Հայր Ղևոնդ Ալիշանը հայագիտութեան գրեթէ բոլոր բնագաւառներում հսկայական վաստակ ունի։ Ալիշանը հայ նոր գրականութեան պատմութեան մէջ մտել է որպէս աշխարհաբար պոեզիայի հիմնադիրներից և ականաւոր ներկայացուցիչներից մէկը:

«Հայրենի՜ք ... Այն քիչ անուններէն մէկն է այս՝ զոր գրեթէ ամօթ է բացատրել բարեկիրթ եւ զգօն անձի մը ... Գրեթէ մտքէն առաջ սիրտն կը հասնի, կʼըմբռնէ, կʼիմանայ զայս. կʼիմանայ զայն նաեւ երբ չի կրնար քիչ բառով կամ խօսքով բացատրել. մանաւանդ ուր քաղաքական եւ բարոյական տեսութիւնք՝ ասոր իմաստն այլ այլայլած կամ զանազանած ըլլան։ ... Եւ ահա [մարդ արարածը] կու ճանչնայ զազգս. եւ անոնց մէջ իր Համազգին. եւ երկրիս բնակութեան վրայ ասոր բռնած տեղն այլ՝ Հայրենիք։ Բնական է մարդուս փնտռել եւ սիրել զՀայրենիքը։ Ու՞ր է հայրենիքն ...»

Այս հարցադրմանը լաւագոյնս պատասխանում է նոյն ինքը՝ Ալիշանը, ասելով թէ «... Ուր որ հայրենի երգեր կլսուին՝ Հոն հայրենիքը ողջ է»:

Յիրաւի, մարգարէական այս խօսքերով Ալիշանին յաջողուեց յաջորդող սերունդներին փոխանցել հայրենիքի երգը՝ առաւել հնչեղ դարձնելով այն Հայաստանում և գաղթաշխարհում՝ չնայած պետականութեան բացակայութեան պայմաններում հայ ժողովրդին բաժին հասած բազմաթիւ դժուարութիւններին։ Այսօր էլ համաշխարհային մարտահրաւէրների պայմաններում Ալիշանի թողած ժառանգութիւնը ուղենիշ է աշխարհասփիւռ հայութեան համար ամուր կապուած մնալու իրենց արմատներին։

Ալիշանի գործերի մէջ ուրոյն տեղ են զբաղեցնում պատմական ու աշխարհագրական բնոյթի գործերը: Առանց գեթ մէկ անգամ Հայաստանում լինելու նա տեղագրել է Հայաստանի նահանգները, գաւառները, քաղաքներն ու գիւղերը, տուել է դրանց բնութագրերը, պատմութիւնը, նկարագրել նիւթական մշակոյթի յուշարձանները: Պատմական Հայաստանի նահանգներին նուիրուած գործերը շարունակում են անգնահատելի աղբիւրներ լինել մերօրեայ հետազօտողների համար: Դեռևս նրա կենդանութեան օրօք ասոյթ էր դարձել այն միտքը, թէ «Ալիշանը մեծ ու հեռատես աչք է, որ Վենետիկում ապրելով` կարողանում է համրել Հայաստանի բոլոր քարերը»:

Տիրապետելով եւրոպական ու արևելեան լեզուների՝ Ալիշանը կատարել է մի շարք թարգմանութիւններ, որոնց թւում է նաև Ջորջ Բայրոնի «Իտալիա»–ն («Չայլդ Հարոլդ» պոեմի չորրորդ երգը, 1860)։

Այլ ձեռքբերումների շարքում Ալիշանը եղել է նաև Իտալիայի Ասիական ընկերութեան և Վենետիկի ակադեմիայի պատուաւոր անդամ, դասաւանդել Վենետիկի Ռաֆայելյան վարժարանում։

Այսօր, երբ իրականացել է Մխիթարեան սերունդների երազանքը, հպարտութեամբ կարող ենք փաստել, որ հայ միւս մեծերի շարքում ըստ արժանւոյն է գնահատուել նաև Ալիշանի վաստակը՝ տպագրուել է նրա պատկառելի Նամականու մի մասը, ժամանակակիցների յուշերը, Ալիշանի գեղարուեստական ստեղծագործութիւնները և վերջինիս նուիրուած մի շարք ուսումնասիրութիւններ:

Դժուար է պատկերացնել հայագիտական որևէ լուրջ հետազօտութիւն, ուր վկայակոչուած չլինեն մեծանուն հայագէտի մէկ կամ մի քանի ուսումնասիրութիւնները:

Հայաստանի Հանրապետութեան և սփիւռքի տարբեր պահոցներում սրբութեամբ են պահւում ալիշանյան մասունքները՝ ձեռագրերը, Մխիթարեան շքեղ և ոսկեզօծ կազմերով նրա գործերը, այդ թվում նաև ինքնագիր ընծայականներով:

Ղևոնդ Ալիշանի ծննդեան 200-ամյակի ոգեկոչումը մեզ կօգնի կառուցելու այն Հայաստանը, որի կերտման ոգեղէն երազանքով ապրեց Հայոց աշխարհի Նահապետը:

6 յուլիսի 2020թ․
Երևան – Հռոմ

Քաղուած՝ Վատիկանի մօտ Հայաստանի հանրապետութեան դեսպանատան դիմատետրէն։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

07/07/2020, 09:29