Որոնել

Vatican News
Դեսպան Կարեն Նազարեան Դեսպան Կարեն Նազարեան 

Դեսպան Կարեն Նազարեանը հարցազրոյցը «Օրեր» ամսագրին

Սուրբ Աթոռում, համատեղութեան կարգով նաև Պորտուգալիայում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Կարեն Նազարեանը պատասխանում է ՕՐԵՐ եւրոպական ամսագրի գլխաւոր խմբագիր Յակոբ Ասատրյանի հարցերին:

ՕՐԵՐ-  Իտալիան դարձաւ Եւրոպայում կորոնավիրուսի տարածման հիմնական օջախը։ Եթէ յետադարձ հայեացք նետենք, ինչի՞ց սկսուեց վարակի տարածումը եւ մի՞թե ժամանակին հնարաւոր չէր այն կանխել։ Ո՞րն էր պատճառը, որ Իտալիայի կառավարութեանը չյաջողուեց արագ կանխարգելել կորոնավիրուսի տարածումը։

ԿԱՐԵՆ ՆԱԶԱՐԵԱՆ-Այո, Իտալիան Եւրոպայի առաջին երկրներից էր, որտեղ յայտնաբերուեցին կորոնավիրուսով վարակուածութեան դէպքեր, իսկ այս պահին համարւում է Եւրոպայում վարակուածների թուով  երրորդ երկիրը: Վարակի առաջին դէպքերը գրանցուեցին դեռևս յունուարի 30-ին, ինչից յետոյ իտալական կառավարութիւնը ձեռնարկեց վիրուսի տարածման կանխարգելմանն ուղղուած միջոցառումներ, մասնաւորապէս, անմիջապէս դադարեցուեց օդային հաղորդակցութիւնը Չինաստանի հետ, և երկրում մտցուեց վեցամեայ արտակարգ դրութիւն։ Այնուհետև, կորոնավիրուսի տարածմանը զուգընթաց կառավարութիւնը ստիպուած եղաւ առաւել խստացնել սահմանափակումներն՝ ընդհուպ մինչև երկրի ողջ տարածքը կարանտինային՝ «կարմիր գօտի», ինչպես իրենք իտալացիներն են ասում, «ձոնա ռոսսա»  յայտարարելով։ Պէտք է նշել սակայն, որ Իտալիան բնակչութեան թուաքանակի յարաբերակցութեամբ Եւրոպայում ամենաշատ թեստաւորում կատարած երկիրն է, և եթէ խօսում ենք Իտալիայի՝ որպես Եւրոպայում վարակի տարածման օջախ դառնալու մասին, ապա պէտք է հաշուի առնել, որ վարակուածների այդպիսի մեծ քանակի յայտնաբերումը կապուած էր նաև թեստավորման մեծ ծաւալների հետ:

Իսկ ինչու՞ չյաջողուեց արագ կանխարգելել կորոնավիրուսի տարածումը․ գուցէ պատճառն այն է, որ սկզբնական փուլում բնակչութեան շրջանում չկար վիրուսի՝ այդչափ վտանգաւոր լինելու պատկերացումը։ Եթէ շատ եւրոպական երկրներում աշխատանքային օրուայ աւարտից յետոյ բոլորը հիմնականում շտապում են տուն, ապա Իտալիայում այդպէս չէ։ Լինելով շատ ջերմ և անմիջական ժողովուրդ՝ իւրաքանչիւր իտալացու կեանքի անբաժանելի մաս է «ապերիտիվո» երևոյթը, երբ իտալացիները հարազատների կամ ընկերների հետ միասին մեծաքանակ խմբերով երեկոյեան հաւաքւում են մէկ գաւաթ գինու շուրջ՝ շփուելով և քննարկելով օրուայ նորութիւնները: Գուցէ, այս մշակոյթը ևս իր որոշակի ազդեցութիւնն ունեցաւ վարակի տարածման արագութեան վրայ: Սակայն, պէտք է նկատի ունենալ որ համավարակի տարածման առաջին ամիսներին որևէ կառավարութեան չի յաջողուել կանխարգելել այն, որևէ կառավարութիւն պատրաստ չէր նման աղէտի դէմ համապարփակ ու արդիւնաւէտ պայքար մղել։

ՕՐԵՐ- Ինչպիսի՞ն էր իտալացիների եւ կառավարութեան համագործակցութիւնը։ Մի մասը քննադատում էր կառավարութեանը, միւս մասը՝ ժողովրդին, որ անկարգապահ է։ Ի՞նչ  քայլեր է ձեռնարկել  կառավարութիւնը, որպէսզի  մեղմի վարակի տարածումը, եւ ապագայի ի՞նչ կանխորոշումներ կան։

ԿԱՐԵՆ ՆԱԶԱՐԵԱՆ-Կարելի է ասել, որ իտալական իշխանութիւնների և ազգաբնակչութեան միջև կապի ու հաղորդակցութեան արդիւնքում հնարաւոր եղաւ յաղթահարել կորոնավիրուսի տարածմամբ պայմանաւորած աննախադէպ ճգնաժամի, ինչպես այժմ բոլորն են ասում, առաջին փուլը։ Դրա յաղթահարման նպատակով կառավարութիւնը ձեռնարկեց աննախադէպ միջոցառումներ, որոնցից ամենակարևորն ու ամենաարդիւնաւէտը, հաւանաբար, կառավարութեան «Մնա՛ տանը» կոչն էր։ Կարծում եմ, այդ փոխ ըմբռնման ու համբերատարութեան արդիւնքն է, որ այսօր իտալացիներն աստիճանաբար կարողանում են վերադառնալ իրենց բնականոն կեանքին․ դուրս գալ փողոց, գնալ աշխատանքի, հանդիպել իրենց հարազատներին, օգտուել մարզասրահներից, զբօսնել այգիներում, իհարկէ, այս ամենն առողջապահական անվտանգութեան նորմերի պահպանմամբ։

Առաջիկայում սպասւում է Իտալիայի ռեգիոնների միջև ազատ տեղաշարժի և ԵՄ ու Շենգեն գօտու երկրների հետ հաղորդակցութեան վերականգնում, ինչը թերևս յաւելեալ ռիսկեր կարող է պարունակել։ Յուսանք, որ դրանք կհասցուեն նուազագոյնի, կլինեն կառավարելի և կշրջանցուի վարակի բռնկման երկրորդ ալիքը։

ՕՐԵՐ- Իտալահայերի շրջանում  նոյնպէս կային վարակուածներ։  Յայտնի է արդեօ՞ք  վարակուած հայերի թիւը,  ինչպիսի՞ն է նրանց առողջական վիճակը։ Համագործակցել էք արդեօ՞ք համայնքային կառոյցների հետ։

ԿԱՐԵՆ ՆԱԶԱՐԵԱՆ- Այո, մեր տուեալներով, ցաւօք, Իտալիայում բնակուող հայերի շրջանում ևս կային վարակուածութեան դէպքեր։ Չի կարելի բացառել, սակայն, որ վարակուածների թիւը կարող է շատ աւելին լինել, քանի որ դեսպանութիւնը տեղեկացուած է եղել միայն այն վարակուածների մասին, ովքեր կապ են հաստատել մեզ հետ:

Գտնուելով մեկուսացման մէջ ու ստանալով անհրաժեշտ բուժօգնութիւն, վարակուածները բոլորն ապաքինուել են, իսկ նրանցից երկուսն արդեն վերադարձել են Հայաստան ու միացել իրենց ընտանիքներին։

Համայնքային կառոյցների, անհատների, Վենետտոյում մեր պատուաւոր  հիւպատոսութեան հետ համագործակցութեան անհրաժեշտութիւնը զգացուեց երբ համավարակի տարածման ամենավտանգաւոր փուլում Հայաստանի ԱԳՆ-ի հետ համակարգելով կազմակերպում էինք մեր քաղաքացիների տարհանումը վիրուսի էպիկենտրոն հանդիսացող երկրի հիւսիսային շրջաններից և նրանց վերադարձը հայրենիք։ Իտալիայի փռուած տարածքով մեր քաղաքացիների տեղակայուած լինելը պահանջում էր օգտագործել բոլոր հնարաւորը, այդ թւում՝ համայնքային ներուժը։ Այս գործընթացում կարևոր էր նաև Իտալիայի կենտրոնական ու ռեգիոնալ իշխանութիւնների հետ համագործակցութիւնը։

ՕՐԵՐ-Հռոմում գտնուող Հայաստանի  զոյգ դեսպանութիւնները ներկայացուած են ոչ միայն Սուրբ Աթոռում եւ Իտալիայում, այլեւ Պորտուգալիայում եւ Մալթայում։ Քանի որ այս օրերին Դուք համակարգում էք նաև Իտալիայում Հայաստանի դեսպանութեան աշխատանքները համավարակի դէմ պայքարի շրջանակներում, մինչեւ նոր դեսպանի նշանակումը, կխնդրէի նաեւ պատասխանել Իտալիային եւ Մալթային նուիրուած հարցերին։ Ինչպիսի՞ն է այս երկրներում համավարակի դէմ պայքարը եւ տեղի հայութեան վիճակը։

ԿԱՐԵՆ ՆԱԶԱՐԵԱՆ-Կարող եմ նշել, որ Մալթայի կառավարութեան կողմից ներդրուած հակահամաճարակային միջոցառումները տուել են իրենց դրական արդիւնքը։ Մտցուել էին տեղաշարժի խիստ սահմանափակումներ, այս պահի դրութեամբ փակ են օդանավակայանը և նաւահանգիստները։  Մեր ունեցած տեղեկութիւններով այսօր Մալթայում նույնպէս կեանքն աստիճանաբար վերադառնում է բնականոն հունի։ Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան կողմից Մալթան որակուել է որպէս օրինակելի երկիր կորոնավիրուսի դէմ պայքարի հարցում։

Համավարակի դէմ պայքարի պորտուգալական մոդելի հիմքում է ընկած նաև արագ արձագանքման մեխանիզմն ու բնակարաններում բուժօգնութիւն ցուցաբերելու կարողութիւնը։ Սա հնարաւոր է դարձնում հիւանդանոցներն ու մասնաւորապէս վերակենդանացման բաժանմունքներն օգտագործել միայն ծանր դէպքերի համար։ Իհարկէ, դժուար է ասել, թե որն է արդիւնաւէտ մոդելը կամ տալ գնահատականներ, քանի որ ամէն երկիր ունի իր մօտեցումները, տարբերուող սոցիալական միջավայրը, աշխարհագրութիւնը, ժողովրդագրութիւնը և այլն։

Մենք շարունակում ենք կապի մէջ մնալ այդ երկրներում մեր հայրենակիցների հետ և պարբերաբար թարմացնում ենք նրանց իրավիճակի մասին մեր տեղեկատուական բազան և այդ մասին իրազեկում Երևանին։ Այս օրերին Մալթայում և Պորտուգալիայում բնակուող մեր հայրենակիցները շարունակում են դիմել մեզ ամենատարբեր հարցերով, մասնաւորապէս, Հայաստան վերադարձի նպատակով խորհրդատուութիւն ստանալու համար։

ՕՐԵՐ-Ի՞նչ օգնութիւն է ցոյց տուել Հայաստանի դեսպանութիւնը Իտալիայում եւ ներկայացուած երկրներում բնակուող ՀՀ քաղաքացիներին։

ԿԱՐԵՆ ՆԱԶԱՐԵԱՆ- Պետք է նշել, որ  ճգնաժամային օրերին դեսպանութիւնն աշխատել է արտակարգ ռեժիմով։ Մինչ օրս էլ գործում են շուրջօրեայ թեժ գծի հեռախօսահամարներ, խորհրդատուական աջակցութիւն է ցուցաբերւում Իտալիայում և հաւատարմագրման միւս երկրներում գտնուող ՀՀ քաղաքացիներին, լինեն նրանք թե՛ մշտական բնակութեան իրաւունք ունեցողներ, թէ՛ ուսանողներ, և թէ՛ զբօսաշրջիկներ ու աշխատանքի նպատակով գործուղուածներ։ Մշտապէս թարմացւում է տեղեկատուութիւնը դեսպանութեան ֆեյսբուքյան էջում և պաշտօնական կայքում։

Համավարակի բռնկումից ի վեր, ընդհանուր առմամբ դեսպանութիւնն աջակցել է Հայաստանի Հանրապետութեան շուրջ 160 քաղաքացու՝ կազմակերպել և աջակցել նրանց վերադարձը Հայաստան, այդ թւում՝ երկու յատուկ չուերթների իրականացմամբ: Այս օրերին  դեսպանութիւնը շարունակում է կապ պահպանել այս կամ այն պատճառով յատուկ չուերթի հնարաւորութիւնից չօգտուած, սակայն Հայաստան վերադառնալու ցանկութիւն յայտնած ՀՀ քաղաքացիների հետ՝ տալով նրանց անհրաժեշտ խորհրդատուութիւն, այդ թւում՝ նորացուած տեղեկատուութեան տրամադրում առկայ տարանցիկ չուերթների մասին և մատուցում հիւպատոսական այլ ծառայութիւններ։

ՕՐԵՐ- Եթէ ամփոփելու լինենք վերջին երեք ամիսների համավարակի դէմ իտալական  պայքարի փորձը, կարելի է ասել, որ Իտալիան արդեն աւելի է պատրաստ համավարակի սպասուելիք երկրորդ ալիքին։ Ինչպիսի՞ գնահատականներ կան այս խնդրի առնչութեամբ։

ԿԱՐԵՆ ՆԱԶԱՐԵԱՆ-Մեր կարծիքով այս ամիսների ընթացքում Իտալիան իրապէս հսկայական փորձ է կուտակել կորոնավիրուսի դէմ պայքարի հարցում։ Շատ երկրներ հենց Իտալիայի փորձն են համարել արդիւնաւէտ և սկսել են կիրառել իրենց երկրներում: Գնահատականները տարբեր են ու նոյնիսկ իրարամերժ։ Միանշանակ է, որ այսօր էլ Իտալիայի կառավարութեան կողմից ձեռնարկւում են քայլեր համավարակի հնարաւոր երկրորդ ալիքը կանխելու նպատակով, սակայն հասկանալի է նաև, որ ամեն ինչ կախուած չէ միայն կառավարութիւններից, կարևոր է այստեղ իւրաքանչիւրիս պատասխանատուութեան գիտակցումը։ Ժողովրդավար հանրութեան պարագայում, նմանօրինակ ճգնաժամային իրավիճակում պատկան մարմինների կողմից ձեռնարկուող քայլերի նկատմամբ հաւատի կամ վստահութիւն դրսևորումն ամենակարևոր գործօնն է։

 

Յակոբ Ասատրյան

ՕՐԵՐ Եւրոպական  անկախ ամսագիր

Պրահա

 

01/06/2020, 10:00