Որոնել

Բնութեան ապականումը Բնութեան ապականումը 

Համավարակը պլաստիկէ քաոսի ներքոյ. Էրիկ Նազարեանի վերլուծական յօդուածը բնապահպանութեան մասին

COVID-19 տարածմանը զուգահեռ ու համավարակը կանխելու նպատակով սկսել են արտադրուել ահռելի քանակութեամբ ամենօրեայ օգտագործման ապրանքներ՝ ներառեալ ձեռնոցներ, լատեքսից պատրաստուած վիրաբուժական այլ պարագաներ, որոնք ևս այսօր յայտնւում են մեծաթիւ երկրների լողափերին...
Ունկնդրէ լուրը

60 ականներից՝ պոլիէթիլենի մասայականացումից ի վեր, կարելի է ասել,  որ մարդկութեան կողմից աշխարհում հրահրուեց պլաստիկի օգտագործման անկառավարելի քաոս: Շրջական միջավայրի խնդիրներով զբաղուող «Ովկիանոսների պահպանում» կազմակերպութեան տուեալների համաձայն, այս պահի դրութեամբ աշխարհի ջրային տարածքներում առկայ է 150 մլն․ մետրիկ թոննա պլաստիկէ թափօն, որը տարեկան աւելանում է 8 մլն․ մետրի թոննայով։ Կազմակերպութեան այս հաշուարկն առաւել պատկերաւոր ներկայացնելու համար ասենք, որ Խաղաղ ովկիանոսում այսօր առկայ է Ֆրանսիայի տարածքից երեք անգամ մեծ պլաստիկէ թափօնի մակերես, որը բախւում է ջրային բուսական ու կենդանական աշխարհի հետ։

COVID-19 տարածմանը զուգահեռ ու համավարակը կանխելու նպատակով սկսել են արտադրուել ահռելի քանակութեամբ ամենօրեայ օգտագործման ապրանքներ՝ ներառեալ ձեռնոցներ, լատեքսից պատրաստուած վիրաբուժական այլ պարագաներ, որոնք ևս այսօր յայտնւում են մեծաթիւ երկրների լողափերին՝ Միացեալ Թագաւորութիւնից մինչև Չինաստան։ Միևնոյն ժամանակ, առցանց առաքումների համակարգում ևս աւելացել են պլաստիկէ պարագաների օգտագործումը՝ որպէս համավարակի կարանտինային միջոցառումներից բխող պահանջ։

Այսպիսով հարց է առաջանում թէ ի*նչպիսի հետք կթողնի համավարակը մոլորակի վրայ․ եթէ շարունակուելու է աղտոտուածութեան այս ժամանակը։ Հարաւային Աֆրիկան, Մեքսիկան, Չինաստանը և Իտալիան լաւ օրինակ են ծառայում միւս երկրներին արգելելով մէկ անգամուայ օգտագործման պոլիէթիլենային տոպրակները;

Հռոմում, ուր այժմ ապրում եմ, տեսնում եմ թէ ինչպես տեղացիները ջանքեր են գործադրում նուազեցնելու համար պլաստիկից պատրաստուած պարագաների օգտագործումը։ Մէկ օր հանդիպեցի հարևանիս, ով խանութի ճանապարհի կէսից ետ էր վերադառնում, քանի որ տանն էր մոռացել սնունդի համար նախատեսուած կտորէ պայուսակը։ Այստեղ ամէն օր կարող ես հանդիպել մարդկանց ովքեր իրենց գնումները տեղաւորում են իրենց հետ խանութ բերուած կտորի կամ թղթեայ  տոպրակներում՝ դրանով իսկ քաղաքային միջավայրումը ձևաւորելով պլաստիկի օգտագործման դէմ տաբու։ Սա ի ցոյց է դնում բնակչութեան ցանկութիւնը և պատրաստակամութիւնը ինքնակրթուելու ու կատարելագործուելու, հասկանալով թէ որքան կարևոր հետևանքներ ունեն մեր քայլերը, որոնք կատարում ենք նոյն մոլորակի վրայ, նոյն արևի ներքոյ։

Թերևս իմ ցանկութիւնն է, որ աշխարհում գոյութիւն ունեցող լաւագոյն փորձն ու մեր միջավայրին, հոգեբանութեանը ու կացութաձևին համարեցուած միջազգային արդիւնաւէտ պրակտիկա օր առաջ ու արագօրէն մուտք գործի մեր առօրեայ։

Հայաստանում պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը կարգելուի 2022թ․ յունուարից, ու չնայած որ քաղաքացիական հասարակութեան անդամները շարունակում են այս ուղղութեամբ աշխատանքը, պլաստիկի պարագաների վաճառքն ու օգտագործումը երկրում դեռևս հանրային լայն տարածում ունի, մասնաւորապէս, սուպերմարկետներում, տեղական շուկաներում, սնունդի արագ առաքման ցանցերում։

Կարծում եմ ժամանակն է որպէսզի մասնագէտները մոնիտորինգի ենթարկեն մասնաւոր հատուածի կողմից պլաստիկէ պարագաների օգտագործումն ու առաջ քաշեն նոր պահանջներ մեր երկիրն առաւել կանաչ, մաքուր ու ապահով դարձնելու համար։ Հասկանալի է, այս պահին կան շատ առաջնայնութիւններ, այլ դժուարութիւններ, սակայն, կարևոր է, որ մեր գիտակցութեան մէջ ևս ներառուի, մեր երկրի ու մոլորակի պաշտպանութեան պատասխանատուութիւնը։ Չսպասելով 2022-ին միգուցէ սկսենք փողոցներում վերամշակուող աղբի համար նախատեսուած առանձին կոնտեյնըր տեղադրելուց, ինչպես նաև պոլիէթիլենին փոխարինող նոր պայուսակների արտադրութիւնից։ Երիտասարդներիս կողմից նման մօտեցում որդեգրելով, մեր անմիջական շրջապատի մասին կրթական մակարդակի ու իրազեկուածութեան շարունակական բարձրացման, օրէնքներ ընդունելու ու յարգելու միջոցով ճանապարհ կբացուի բոլորիս համար վերջնականապէս լուծելու այս առաջնային խնդիրը։

Թարգմանուած է անգլերէնից "Pandemic within the Plastic Pandemonium"

հեղ․ Էրիկ Նազարյան

Ճորճ Վաշինկթոն համալսարանի Էլիոթի միջազգային յարաբերութիւնների դպրոց 2022թ. աւարտական տարի։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

30/06/2020, 07:30