Որոնել

Շրջակայ Միջավայրի պաշտպանութիւնը։ Շրջակայ Միջավայրի պաշտպանութիւնը։ 

«Պէտք է փոխենք աշխարհը». Էրիկ Նազարեանի վերլուծական յօդուածը բնապահպանութեան մասին։

Ազգային մակարդակում շարունակենք ու խորացնենք տեղական իշխանութիւնների հետ հանրային երկխօսութիւնը շրջակայ միջավայրի հարցերի շուրջ ու օգտագործելով նորարական սոցիալական ցանցերը փորձենք առաւել բարձրացնել իրազեկուածութիւնը։
Ունկնդրէ լուրը

Այս դժուարին օրերին աննկատ են անցնում մեր շուրջ տեղի ունեցող դրական զարգացումները։ Մեզ միայն յուզում են ամենօրեայ բացասական իրադարձութիւնների՝ մահերի քանակի, տնտեսական ու հանրային անկայունութեան մասին շարունակուող նորութիւնները։ Ակնյայտ է, որ այս ամէնն անցողիկ է, և հաւանաբար, ապագայում կապրենք մի աշխարհում ուր մարդիկ ուշադիր կլինեն իրենց առողջութեան և շրջապատի բարեկեցութեան հարցերում։

Նախ, արձանագրենք այն դրականը, որն այս օրերին տեղի է ունենում երկրագնդի վրայ, և որը շղարշուել էր COVID-19-ի մասին ահագնացող լուրերի հետևանքով։ Վիրուսը կանխելու նպատակով, համավարակի տարածումից ի վեր մարդկանց շարժը հասցուեց նուազագոյնի, որի հետևանքով էլ կրճատուեց շրջակայ միջավայրի աղտոտուածութիւնը։ Առաջին անգամ Երկրին թոյլ տրուեց շունչ առնել ջերմոցային գազերի արտանետումներից։ Վենետիկի ջրանցքները մաքրուեցին, այնտեղ յայտնուեցին դելֆինները, Չինաստանի տարածքում չվերականգնուող էներգիայի, էլեկտրոկայանների, գործարանների, ավիացիայի  նուազ գործարկման արդիւնքում օդի աղտոտուածութեան աստիճանը բարելաւուեց և այլն։

Նոր կորոնավիրուսի դէմ պայքարն առաջացրեց թոքերի օդափոխիչների հսկայական կարիք, սակայն, պէտք է հաշուի առնել, որ նոյնիսկ համավարակից յետոյ էլ կարիք կզգացուի այդ օդափոխիչների համար, եթէ մենք հոգ չտանենք մեր երկրագնդի արդեն իսկ վնասուած թոքերի մասին, ու նոյն տեմպով շարունակենք անտառահատումները և արտանետումները։ Համաձայն Բրազիլիայի Տիեզերքի ուսումնասիրման ազգային ինստիտուտի տուեալների, անտառների 15-17% արդեն իսկ կործանուել է անտառահատումների և հրդեհների հետևանքով, և եթէ այդ տոկոսաչափը հասնի 25-ի, ապա անտառները չեն կարող այլևս իրականացնել ջրի ու ապահովել թթուածնի շրջապտոյտը: Սա ոչ միայն անվերադարձ կէտ է Ամազոնի, այլ  նաև ողջ երկրագնդի համար, քանի որ վերջինիս թթուածնի 20% արտադրում են Ամազոնի անտառները։

Ի դէպ, այստեղ ամէն օր իրականացւում են անհաշիւ անտատահատումներ, ոչնչացւում է էկոհամակարգը պատճառ հանդիսանալով բնիկ համայնքների տեղահանման համար։ Ու կարդալով այս ամենի մասին, մտովի տեղափոխուեցի մեր երկրի հիւսիս արևելեան շրջանները, որտեղ ցաւալիօրէն տեղի էին ունենում անօրինական անտառահատումների դէպքեր։ Դրանք այսօր բարեբախտաբար հասցուել են նուազագոյնի՝ ի շնորհիւ խիստ վերահսկման ու տեղացիների հետ տարուող բացատրական աշխատանքի։ Երկրի ղեկավարութեան մակարդակով խօսւում է Երևանում ու մարզերում 10 միլիոնի հասնող տնկիների ու այդօրինակ այլ նախաձեռնութիւնների մասին։

Հայաստանն աւելի վաղ միացել էր Փարիզեան համաձայնագրին, ակտիվ են հասարակական կազմակերպութիւնները ինչպես օրինակ «Արմենիա Թրի Պրոջեքթ»-ը (Armenia Tree Project) կամ «Գրին Լեյն»-ը (Green Lane) և ուրիշներ։ Կարելի է արագօրէն փոխել իրավիճակն ու դրա համար կարծում եմ պէտք է համատեղ աշխատել մի քանի ուղղութիւններով ստեղծելով  շրջական միջավայրի ու մեր բոլորի կայուն զարգացման միջև ամուր կապը։

Ազգային մակարդակում շարունակենք ու խորացնենք տեղական իշխանութիւնների հետ հանրային երկխօսութիւնը շրջակայ միջավայրի հարցերի շուրջ ու օգտագործելով նորարական սոցիալական ցանցերը փորձենք առաւել բարձրացնել իրազեկուածութիւնը։ Կրթական համակարգում ներառենք «կանաչ ապրելակերպի» հայեցակարգը, որպէսզի կեանքի միւս փուլերում մարդը, ու մասնաւորապէս, երիտասարդը տեղեկացուած լինի ու մշտապէս դրսևորի աննահանջ սոցիալական պատասխանատուութիւն։

Տարածաշրջանային կտրուածքով (տուեալ դէպքում Հայաստան-Վրաստան, Հայաստան-Արցախ-Իրան) ցանկալի կլիներ իրականացնել քաղաքականութիւն, որը հնարաւոր կդարձնի անտառների, գետերի ազգային այգիների, արգելանոցների, լեռնային գօտիների  համատեղ պաշտպանութիւնը։

Միջազգային մակարդակում յայտնի հասարակական կառոյցների ու ՄԱԿ-ի հետ իրականացնել միջազգային յանձնառութիւնները, որոնք ամրագրում են կանաչ քաղաքականութիւնը, որպէս համավարակից յետոյ ընկած ժամանակահատուածի գլոբալ նորմ։

Այսօր ամենուր կարող ես հանդիպել «համավարակը փոխեց աշխարհը» արդեն իսկ հոգնացնող արտայայտութիւնը, մինչդեռ, մենք պէտք է փոխուենք ու փոխենք աշխարհը։


Էրիկ Նազարյան,

Ճորճ Վաշինկթոն համալսարանի Էլիոթի միջազգային յարաբերութիւնների դպրոց 2022թ. աւարտական տարի։

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

23/06/2020, 07:42