Որոնել

առցանց երիտասարդական սեմինար։ առցանց երիտասարդական սեմինար։ 

«Ժամանակը հնարաւորութիւն է». առցանց երիտասարդական սեմինարներ։

Առցանց հանդիպումների համար որպէս առաջին թեմա ընտրեցինք «Ժամանակի կառավարումը», որի շուրջ խօսեցինք երկու հանդիպումների ընթացքում: Մասնակցեցին քսան երիտասարդներ ու պատանիներ՝ Բավրայից, Մեծ Սեպասարից, Ղազանչիից և Սիզավետից:

Ժամանակը օգտագործեցէք, քանզի օրերը չար են», Եփ. 5, 16

Ցաւալի է, որ այս չարիք համաճարակի օրերին անհնար է դարձել կազմակերպել միասնական հանդիպումներ երիտասարդների և պատանիների հետ, բայց ջանում ենք գտնել ուղիներ՝ պահելու մշտական կապը, հաղորդակցութիւնը միմեանց միջև, այլապէս մեզ սպառնում է իրական սոցիալական հեռացումը: Մենք, որպէս Տիրոջ ընտանիք, որ կապուած ենք միմեանց հետ որպէս Տէր Յիսուս Քրիստոսի Խորհրդաւոր Մարմնի անդամներ՝ միմեանց շաղկապուած Տիրոջ Սուրբ Հաղորդութեամբ, պարտաւոր ենք ամեն ժամ առաւել զարգացնել և ջերմ պահել հոգևոր և սոցիալական մտերմութիւնը միմեանց միջև՝ անկախ այն բանից, թէ համաճարակը դեռ քանի օր մեզ կստիպի ֆիզիկապէս հեռու գտնուել միմեանցից և Սուրբ Հաղորդութիւնը իրապէս ճաշակելուց: Այս մտայնութեամբ որոշեցինք երիտասարդական հանդիպումները, սեմինարները շարունակել՝ օգտագործելով համացանցային սոցիալական ցանցերի հնարաւորութիւնները, ինչը լաւագոյնն արդիւնք չի խոստանում, բայց, վստահաբար, միշտ արդիւնաւէտ հոգևոր շարժման մէջ է պահում բոլորիս, և յիշում ենք, որ միասին ենք, որ ունենք միասնական առաքելութիւն՝ զարգանալ որպէս Տիրոջ Եկեղեցի, որպէս համակողմանիօրէն զարգացած, հասարակական բարիք ստեղծող, նախաձեռնող անհատներ. «Հոգով եռացե՛ք», Հռմ. 12, 11։

Առցանց հանդիպումների համար որպէս առաջին թեմա ընտրեցինք «Ժամանակի կառավարումը», որի շուրջ խօսեցինք երկու հանդիպումների ընթացքում: Մասնակցեցին քսան երիտասարդներ ու պատանիներ՝ Բավրայից, Մեծ Սեպասարից, Ղազանչիից և Սիզավետից: Առցանց  սեմինարը վարեցին Հայկական Կարիտասի Շահերի պաշտպան Քրիստինե Մխիթարյանը, Բավրայի երիտասարդական միութեան համակարգող Անդրանիկ Մարգարյանը և ես:

Առաջին հանդիպման (27 ապրիլի, 2020) ընթացքում, որպէս նախաբան, նախ խօսեցի առցանց սեմինարներ կազմակերպելու այս նախաձեռնութեան նպատակի մասին և քաջալերեցի երիտասարդներին ակտիվորեն մասնակցել, որովհետև թանկ է իւրաքանչիւրի՛ կարծիքը և նախաձեռնութիւնը: Շեշտեցի, որ ժամանակը Աստծոյ պարգևն է մեզ և, ըստ էութեան, մեր կեանքն է, որ ապրում ենք այս աշխարհում: Մենք պարտաւոր ենք այդ մեծ պարգևն օգտագործել պատասխանատուութեամբ՝ գնահատելով իւրաքանչիւր վայրկեանը և այն դարձնել հնարաւորութիւնն՝ զարգանալու համակողմանիօրէն որպէս մարդ, որ կրում է Աստծոյ պատկերը և նմանութիւնը, ոչ կոչուած է իր աստուածատուր տաղանդներն օգտագործել ոչ միայն իր կատարելագործման, այլև համընդհանուր բարիք ստեղծելու համար՝ եղբայրասիրութեան աւետարանական և համամարդկային սկզբունքներով։

Քրիստինէ Մխիթարեանը ներկայացրեց ժամանակը ճիշտ կառավարելու մի քանի հմտութիւններ, սկզբունքներ, օրինակ՝ ինչպէս կազմակերպել օրուայ զբաղուածութեան ժամանակացոյցը, որ հնարաւոր լինի առաւելագոյնս արդիւնաւէտ օգտագործել օրը և ժամանակ խնայել: Անդրանիկ Մարգարեանը կազմակերպեց խաղ-վարժանք՝ սովորելու համար, թե ինչպէս կարելի է գործողութիւնները կատարել աւելի քիչ ժամանակ ծախսելով:

Երկրորդ հանդիպումը (3 մայիսի, 2020) շարունակեց առաջինի թեման՝ այլ շեշտադրութեամբ՝ «Ժամանակը հնարաւորութիւնն է»: Աստուած մեզ պարգևել է մեր կեանքի ժամանակը, բայց ինչի՞ համար. սա էր գլխաւոր հարցադրումս երիտասարդներին: Հրաւիրեցի մտածել հետևեալ հարցերի շուրջ.

-ինչպէ՞ս օգտագործել ժամանակը՝ մեր նպատակներին և երազանքներին առաւելագոյնս ծառայեցնելու համար,

-ինչպէ՞ս տարբերել առաջնայինը երկրորդականից, ի՞նչ սկզբունքներով առաջնորդուել՝ զբաղուածութեան արժէքը գնահատելիս,

-ինչպէ՞ս անցկացնել ժամանցը և հանգիստը, որ չստացուի ժամանակի վատնում:

Քրիստինէ Մխիթարեանը ներկայացրեց նպատակներ սահմանելու և առաջնայինը երկրորդայինից զանազանելու սկզբունքներ և բացատրեց, թե ինչպես կարելի է դրանք կիրառել: Նիւթը շատ հարուստ էր և հետաքրքիր, խնդրեցի, որ այդ հարցերի շուրջ առաւել երկար ու հանդարտ մտածեն մեր երիտասարդները: Քրիստինեն սիրով տրամադրեց իր պատրաստած նիւթերը՝    ՆՊԱՏԱԿՆԵՐ-ԴՐԱՆՑ-ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ :

Անդրանիկը ներկայացրեց համակարգչային ծրագրեր՝ նպատակները դասակարգելու, ժամանակը ճիշտ կառավարելու համար:

Երիտասարդներն արտահայտեցին իրենց կարծիքները, սեփական պատմութիւնները՝ նպատակները սահմանալու և իրենց առաքելութիւնը հասկանալու մասին, որոնք շատ հետաքրքիր էր լսել: Ես էլ կիսուեցի իմ փորձառութեամբ, որ, յուսով եմ, օգտակար եղաւ:

Ժամանակը ճիշտ բովանդակութեամբ ապրելը, թերևս, ամենաառանցքային խնդիրներից մեկն է այսօր՝ երիտասարդի համար, որ ապրում է իր կեանքի ամենակարևոր որոշումները կայացնելու վճռական տարիները: Որպէսզի յետոյ չզղջանք սխալ որոշումներ կայացնելու և մեր հնարաւորութիւնները բաց թողնելու համար, հարկ է այսօ՛ր, հենց հիմա՛, ժամանակ չկորցնել և ինքներս մեզ համար յստակեցնել, թէ որն է մեր երազանքը, որոնք են մեր նպատակները, դէպի ուր ենք գնում, ինչի համար ենք սովորում կամ աշխատում: Այս բարդ և պատասխանատու ճանապարհը մենք պարտաւոր ենք անցնել Տէր Յիսուս Քրիստոսի՝ մեր միակ անդաւաճան ընկերոջ և Խորհրդատուի հետ միասին, աղօթքով և Նրա Սուրբ Անձի հետ մտերմութեամբ, որպէսզի իր օգնութեամբ կարողանանք գնահատել մեր իւրաքանչիւր վայրկեանը և ճիշտ օգտագործենք՝ ինքներս մեզ և հասարակութեանը առաւելագոյնն բարիք անելու համար՝ ի փառս Աստծոյ:

Քաղուած Հայաստանի հայ Կաթողիկէ առաջնորդարանի կայքէջէն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

05/05/2020, 11:16