Ժան Շառլ Փուցոլու
Ժորժ Սալինը բժիշկ է, Ազդին Ամիմուրը՝ վաճառական: Երկուսի կեանքն էլ լի է իրադարձութիւններով: Ժորժը տարբեր երկրներում բժշկական գործունէութիւն է ծաւալում, ապա՝ ընտանիքի հետ միասին բնակութիւն հաստատում Փարիզում: Ազդինը արկածախնդիր կեանքով ապրող մարդ է: Նա եւս բնակութիւն է հաստատում Փարիզում՝ աշխարհով մէկ շրջելուց յետոյ: Ժորժը հաւատացեալ մարդ չէ: Նա ինքն իրեն բնորոշում է որպէս «քրիստոնէական արմատներով» աթէիստ (անաստուած): Ազդինը մահմետական է՝ կրօնի խիստ հետեւորդ, բայց ոչ աւելին, թէեւ շատ նուիրուած է Իսլամի դաւանած արժէքներին:
Այս երկու մարդկանց նման կերպ ներկայացնելով չէր կարելի ենթադրել, որ նրանք երբեւէ կարող էին հանդիպել միմեանց: Սակայն, 2015 թուականի նոյեմբերի 13-ի դէպքերի հետեւանքով կեանքը բոլորովին այլ ընթացք ստացաւ:
Լոլան՝ Ժորժի դուստրը, այդ երեկոյ Փարիզի հանրածանօթ հանդիսասրահներից մէկում՝ Պաթաքլանում է ‘Eagles of Death Metal’ ամերիկեան ռոք խումբի համերգի կազմակերպչական աշխատանքներին օգնելու համար: Լոլան 28 տարեկան է, աշխատում է երիտասարդների համար գրքերի հրատարակութեան բնագաւառում եւ, նոյնիսկ, հիմնել է իր սեփական ձեռնարկութիւնը: Նա երջանիկ է, իր ժամանակի մեծ մասն անցկացնում է աշխատավայրում, բայց առաջին իսկ հնարաւորութեան դէպքում՝ ճամբորդում է: Ճամբորդութիւնները ոչ միայն նրա ընտանիքի ԴՆԹ-ի անբաժանելի մասն են կազմում, այլեւ՝ յագուրդ տալիս գիտելիքի, իրականութիւնից փախուստի եւ բնութեան նկատմամբ ունեցած նրա ծարաւին: Լոլան այդ երեկոյ ողջ չը մնաց: Հրազէնի երկու գնդակից ստացած վիրաւորումից նա գետնին է տապալւում եւ այլեւս աչքերը չի բացում:
Ազդինը կորցրել էր իր որդու հետքը: Վերջին տարիներին նրանց փոխյարաբերութիւնները լարուած էին: 2015 թուականի նոյեմբերի 13-ի երեկոյեան նա պատկերացում անգամ չունէր, թէ որտեղից կարող է գտնել Սամիին: Աւելի ուշ, Ազդինը եւ նրա կինը՝ Մունան պէտք է իմանային, որ իրենց որդին Պաթաքլանի ահաբեկչական հարձակման երեք մասնակիցներից մէկն էր:
2015 թուականի նոյեմբերի 13-ի երեկոյեան Փարիզը 33 դժոխային րոպէներ ապրեց: 7 ահաբեկիչներ Իսլամական Պետութիւն խմբաւորման անունից պատասխանատուութիւն ստանձնելով յարձակումներ են իրականացնում մայրաքաղաքի երեք տարբեր հատուածներում: Ժամը 21:20-ին մահապարտ ահաբեկիչներից մէկը՝ Stade de France-ի առջեւ, գործի է դնում պայթուցիկը: Ռումբի թնդիւնն ընդգրկեց շրջակայքը՝ հասնելով մինչեւ մարզադաշտ, որտեղ ընթանում էր Ֆրանսայի եւ Գերմանիայի ֆութպոլի հաւաքականների հանդիպումը: Ֆութպոլիստներից ոմանք անակնկալի են գալիս պայթիւնի աղմուկից, սակայն ֆութպոլային հանդիպումը շարունակւում է: Պայթիւնից վայրկեաններ անց Հանրապետութեան նախագահ Ֆրանսուա Օլլանդը լքում է մարզադաշտը: Նա տեղեակ է դէպքերի ընթացքին եւ միանում է արագ արձագանքման խումբին:
Քիչ անց՝ ժամը 21:25-ին, Փարիզի մէկ այլ թաղամասում, երեք ուրիշ ահաբեկիչներ պարպում են իրենց հրազէնի պարկուճները՝ տեւական կրակ բացելով Ֆօնթեն-օ-Ռոյ փողոցի բացօթեայ սրճարաններում գտնուող մարդկանց ուղղութեամբ: Ժամը 21:36-ին ահաբեկչական գործողութիւնների ալիքը հասնում է Շարոն փողոց եւ արիւնահեղութիւնը շարունակւում է: Անցորդները յայտնւում են ծուղակում: Աւելի ուշ, զինեալների երրորդ խումբն է գործի անցնում Պաթաքլանում, որտեղ 1500 մարդ համերգի էր մասնակցում: Երեք զինեալներ ներխուժում են ամփիթատրոն եւ կրակ բացում մարդկանց բազմութեան ուղղութեամբ: Աննկարագրելի տեսարան էր:
Միաժամանակ իրականացուած այս երեք ահաբեկչական գործողութիւնները 130 կեանք խլեցին, վիրաւորում ստացաւ 350 մարդ: Ահաբեկչութիւնը ցնցեց երկիրը եւ արմատապէս փոխեց Ժորժի եւ Ազդինի կեանքը: Այդ երեկոյ Սամին եւ միւս վեց ահաբեկիչները սպաննուեցին ոստիկանական ուժերի կողմից:
Սամին «պատրաստութիւն» էր անցել Սուրիայում եւ անդամագրուել ՏԱՀԵՇ-ին: Ազդինն անթաքոյց կերպով դատապարտում է ծայրահեղականութիւնը, ուստի, մեկնում է որդու մօտ՝ փորձելով նրան տուն վերադարձնել: Ապարդիւն: Այսօր նրան տանջում է մեղքի զգացումը. «Ես ի՞նչ արեցի, որպէսզի որդիս հրաժարուէր իր ընտրած ճանապարհից»: Այս եւ բազմաթիւ այլ հարցեր հետապնդում են նրան: Նա յաճախում է ժիհատականների ընտանիքների անդամների համար նախատեսուած քննարկման խմբակների: Ինչպէս եւ Ազդինը՝ այս ընտանիքները նոյնպէս ունեն զաւակներ, ովքեր Սուրիայում են: Թէեւ այս քննարկումներին մասնակցութիւնը օգնում է նրան, այնուամենայնիւ, ինչ-որ բան պակասում է, որպէսզի կարողանայ սգալ իր կորուստը:
Այս ահաբեկչական գործողութիւններից յետոյ Ժորժը հիմնում է զոհերի եւ ողջ մնացածների ընտանիքների միաւորում եւ, որոշ ժամանակով ստանձնում «13 տասնմէկ 15, Եղբայրութիւն եւ ճշմարտութիւն» անունը կրող միաւորման նախագահութիւնը: Ժորժի մասին խօսում են զանգուածային լրատուամիջոցները, ուստի, նրա անունը յայտնւում է տարբեր հարցազրոյցներում կամ դիրքորոշումներում, որ կարելի է գտնել, տեսնել կամ լսել մամուլի հրապարակումներում: Ժորժը սգում է իր վիշտը, եւ այն միաւորումը, որ նա հիմնեց, ինչպէս նաեւ, «Անպատմելի իրադարձութիւնները բոլոր մանրամասներով» վերտառութեամբ գիրքը, որ գրում է ահաբեկչական յարձակումից անմիջապէս յետոյ՝ կարծես դարմանող միջոց լինեն, որ օգնում են յաղթահարել անտանելի ցաւը: Նա չի ապաւինում աղօթքի զօրութեանը՝ հաւատ չունի: Նրա սրտում բոյն չեն դրել ատելութեան, ցասումի կամ վրէժխնդրութեան զգացումները, եւ, ինչպէս ինքն է ասում. «չի ընկալում բանականութեանը չենթարկուող այս դէպքերը»:
Ազդինն աւելի հեռուն գնալու կարիքն ունի, որպէսզի կարողանայ յաղթահարել «սեփական» վիշտը: Թէեւ մասնակցում էր քննարկումների խմբակներին, սակայն, չէր գտնում իրեն յուզող հարցերի պատասխանները, այդ իսկ պատճառով՝ որոշում է, որ պէտք է հարցը դիտարկի հակառակ կողմից: Իսկ հակառակ կողմում զոհերի ընտանիքներն էին: Երրորդ անձի միջնորդութեամբ Ազդինը փորձում է հանդիպել Ժորժի հետ: 2017 թուական: Ահաբեկչական յարձակումներից անցել է մէկ տարուց փոքր-ինչ աւելի:
Ժորժը հեռախօսազանգ է ստանում եւ նրան հաղորդում են Ազդինի խնդրանքը, ինչը նրան անակնկալի է բերում, զարմացնում եւ փոքր-ինչ հունից հանում: Ժամանակ էր հարկաւոր որոշ հարցերի շուրջ մտորելու համար. «Ինչու՞ պէտք է Պաթաքլանի ահաբեկիչներից մէկի հայրը ցանկութիւն յայտնէր իրեն տեսնելու: Իսկ ինչ վերաբերում է իրեն՝ արդեօ՞ք պատրաստ է հանդիպելու մի մարդու, ում որդու ձեռքով է գուցէ սպաննուել իր դուստրը»:
Նա համաձայնում է այդ հանդիպմանը: Անկախ ամէն ինչից, Ժորժը համարում է, որ այդ մարդը, ով ցանկութիւն էր յայտնել իրեն տեսնելու՝ եւս զոհ է, հայր՝ ով կորցրել է որդուն: Ի վերջոյ, նա յանգեց այն եզրակացութեանը, որ ահաբեկիչ երիտասարդը՝ Սամին, նոյնպէս զոհ է: Սամին զոհն է այն խելագար գաղափարների, որ նա եւ միւս ծայրահեղականները տարածում են՝ ներշնչուած այն մարդկանցից, ովքեր օգտագործում են այս երիտասարդներին իրենց նպատակներն իրագործելու համար: Ի հարկէ, այն պահին, երբ Ժորժին փոխանցեցին Ազդինի խնդրանքը՝ նա իմանում է, որ վերջինս չի կիսում այն մարդկանց ծայրահեղական գաղափարախօսութիւնները, ովքեր կրօնն իրենց համար գործիք են դարձրել, ուստի, ընդունում է հանդիպման առաջարկը եւ, իր միաւորման անդամներից մէկի հետ գնում Փարիզի կենդրոնում գտնուող Բասթիլ թաղամասի սրճարան:
Ազդինը ժամանում է հանդիպման վայր: Ժորժը ոտքի է կանգնում՝ փոքր-ինչ լարուած ու ջղաձգուած: Նոյն վիճակում է նաեւ Ազդինը, ով աւելի ուշ պիտի խոստովանէր, որ այս քայլը կատարելու համար Ժորժն իր մէջ աւելի մեծ քաջութիւն ունեցաւ, քան ինքը: «Ես արդէն իսկ ամէն ինչ կորցրել էի», - ասում է Ազդինը: «Ես պատմութեան հակառակ կողմում էի յայտնուել, - շարունակում է նա, - իսկ Ժորժը՝ ընդունելով ինձ հետ հանդիպելու խնդրանքը, շատ աւելին կարող էր կորցնել: Նա հանրային ճանաչում ունեցող մարդ է, ահաբեկչութեան զոհերի ընտանիքների շահերը պաշտպանող միաւորման նախագահ, ելոյթ է ունենում ռատիոյի եւ հեռատեսիլի եթերով եւ, ի՞նչ կը մտածեն Ժորժի մասին, երբ իմանան, որ հանդիպում է ունեցել ահաբեկիչներից մէկի հօր հետ»: Ժորժ Սալինը նոյնպէս մտածել էր այս հարցի շուրջ եւ, ի հարկէ, խորհրդակցել իր մերձաւոր շրջապատի հետ՝ մինչ հանդիպման առաջարկն ընդունելը: Այս միտքը թերեւս դրական արձագանք է գտնում, սակայն, իրականում, դէպքերի ընթացքը բոլորովին այլ էր: Ժորժը, շատ յաճախ, ստիպուած էր մեկնաբանել իր կատարած քայլը, որպէսզի կարողանար համոզել մարդկանց: Երբեմն էլ հրաժարւում էր բացատրութիւններ տալ նրանց, ովքեր չէին ուզում ոչինչ հասկանալ: Այնուամենայնիւ, ելնելով իրավիճակից, նա չի պարտադրում իր կարծիքը՝ քաջ գիտակցելով, որ վէրքերը դեռ շատ թարմ են ու ցաւոտ եւ, որ իւրաքանչիւրն իր սեփական ճանապարհը պէտք է անցնի հոգեպէս վերածնուելու համար: Ժորժի եւ Ազդինի ճանապարհն անցնում է Բաստիլ սրճարանով:
2017 թուականի փետրուարեան այդ առաւօտ Ազդինը հաշտութեան ձեռք մեկնեց Ժորժին: Միմեանց ձեռք սեղմելուց եւ ներկայանալուց յետոյ՝ զրոյցը, որ սկզբում կաշկանդուած էր, շատ շուտով աւելի հանդարտ ընթացք է ստանում: «Ազդինը ազնիւ եւ բարի մարդ է», - ասում է Ժորժը:
Նրանք զրուցում են իրենց կեանքի, ընտանիքների եւ, ի հարկէ, Լոլայի ու Սամիի մասին, նոյնիսկ, եթէ այս խօսակցութիւնը չափազանց մեծ ցաւ է պատճառում երկուսին էլ: «Սա էր իմ բուժամիջոցը», - ասում է Ազդինը: «Ահաբեկչական գործողութիւններից յետոյ մեզ առաջարկեցին օգտուել հոգեբանի ծառայութիւններից, սակայն, ես հրաժարուեցի, քանի որ պէտք է ինքս ուղիներ որոնէի այս ողբերգութիւնը յաղթահարելու համար»: Ժորժի հետ հանդիպումը նրան թոյլ տուեց փակել օղակը:
Ժորժը եւ Ազդինը սկսում են յաճախակի հանդիպել եւ, նրանց յարաբերութիւնները դառնում են բարեկամական: Ամէն անգամ հանդիպում էին որեւէ սրճարանում կամ ռեստորանում, բայց ոչ երբեք նրանցից մէկի կամ միւսի տանը՝ պահպանելով որոշակի հեռաւորութիւն:
Հանդիպումների ընթացքում նրանք եկան այն եզրակացութեան, որ իրենց համատեղ ու արտասովոր ճանապարհը կարող է ուրիշների համար դառնալ ուղերձ: Որքան շատ են միասին ժամանակ անցկացնում, որքան շատ են զրուցում՝ այնքան աւելի են գիտակցում, որ այս երկխօսութիւնը՝ իրենց երկխօսութիւնը, մեծ ուժ ունի: Այն օգնում է յաղթահարել ատելութեան զգացումը, վրէժի ծարաւը, միմեանց չհասկանալը, եւ, այն ամէնը՝ ինչը, ի վերջոյ, ստիպում է հասարակութեանը պառակտուել: Միասին, նրանք յղում են ուղերձ, որը լիովին հակադրւում է ահաբեկիչների տարածած սարսափին: «Երկխօսութեան միջոցով ամէն բան հնարաւոր է»: Եւ, որպէսզի այս ուղերձը դուրս գայ նրանց բազմաթիւ հանդիպումների շրջանակից՝ Ժորժը եւ Ազդինը որոշում են գիրք գրել իրենց պատմութեան, զրոյցների, հաշտութեան եւ տարաձայնութիւնների մասին: Անշուշտ, կան տարակարծութիւններ, սակայն, դրանք այլեւս չեն կարող պառակտման պատճառ դառնալ, եւ, թէեւ յաղթահարուած չեն՝ հաւանաբար երբեք էլ չեն լինի, սակայն հասկացուած եւ ընդունուած են:
Նրանք իրենց գրքի համար ընտրեցին հետեւեալ վերտառութիւնը. «Մեզ մնում են միայն խօսքերը»:
Ժորժ ՍԱԼԻՆ Ազդին ԱՄԻՄՈՒՐ
«Մեզ մնում են միայն խօսքերը»
Հանդուրժողականութեան եւ տոկունութեան օրինակ
Ռոպէր Լաֆֆոն
Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը