Որոնել

Vatican News
Հայաստանի դեսպանն իր հաւատարմագրերը յանձնեց Մալթայի Ինքնիշխան Ուխտի Արքայազն ու Մեծ Վարպետին: Հայաստանի դեսպանն իր հաւատարմագրերը յանձնեց Մալթայի Ինքնիշխան Ուխտի Արքայազն ու Մեծ Վարպետին: 

Հայաստանի դեսպանն իր հաւատարմագրերը յանձնեց Մալթայի Ինքնիշխան Ուխտի Արքայազն ու Մեծ Վարպետին:

Երկկողմ դիւանագիտական կապերը հաստատուել են 1998թ․-ի մայիսին: 1988թ․-ի աւերիչ երկրաշարժից ի վեր Մալթայի Ուխտը մարդասիրական ծրագրեր է իրականացնում Հայաստանում։

Յունուարի 8-ին ՀՀ դեսպան Կարեն Նազարեանն իր հաւատարմագրերը յանձնեց Մալթայի ինքնիշխան Ուխտի Արքայազն ու ՄԵծ Վարպետ՝ Ֆրա Ջակոմո Դալա Տոռե Դել Տեմպիո Դի Սանգուինետոյին։

Հռոմում գտնուող Վարպետաց պալատում պաշտօնական արարողութեանը հետևած հանդիպմանը դեսպան Նազարեանը Նորին Վսեմութեանը և Ինքնիշխան Խորհրդի անդամներին փոխանցեց Հայաստանի քաղաքական ղեկավարութեան ու հայ ժողովրդի ջերմ ողջոյններն ու երախտագիտութիւնը Հայաստանում և աշխարհի տարբեր անկիւններում կարիքաւորներին աջակցելու պատմական առաքելութեան իրագործման հարցում։

ՀՀ դեսպանն իր պատրաստակամութիւնը յայտնեց ջանքեր ներդրել առաւել զարգացնելու երկկողմ յարաբերութիւններն  առողջապահութեան, պարենային անվտանգութեան, կամաւորական գործունէութեան, աղէտների ռիսկերի նուազեցման, սոցիալական ծրագրերի իրականացման ուղղութիւններով, որի համար լաւ հիմք է հանդիսանում անցած տարի Հայաստանի Հանրապետութեան ու Մալթայի Ինքնիշխան Ուխտի կողմից վաւերացուած երկկողմ համագործակցութեան համաձայնագիրը։

Նորին Վսեմութիւնը բարձր գնահատեց հնամեայ կապերի և առնչութիւնների հիման վրայ ձևաւորուած փոխ վստահելի յարաբերութիւնները՝ նշելով, որ քրիստոնէական նույնա­կունք արժեհամակարգն ամուր հիմք է հանդիսանում երկկողմ բարեկամական յարաբերութիւնների առաւել զարգացման համար և իր հիացմունքը յայտնեց հայ ժողովրդի՝ զոհողութիւնների ու նուիրումի գնով հաւատքը պաշտպանելու ու մշտապէս իր առաջընթաց և բարօրութիւնը կերտելու կարողութեան առթիւ։

Հանդիպմանը, որին մասնակցում էին հնագոյն հոգևոր Ուխտի կառավարութեան բարձրաստիճան անդամները, դեսպան Նազարեանը ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումների առնչութեամբ պաշտօնական Երևանի  տեսակէտները՝ մեծապէս արժևորելով Մալթայի Ինքնիշխան Ուխտի մօտեցումները Մերձաւոր Արևելքում փոքրամասնութիւնների հանդէպ ոտնձգութիւնները և յանցագործութիւնները կանխարգելելու, ինչպէս նաև Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցում յստակ դիրքորոշում որդեգրելու հարցերում։  

ՏԵՂԵԿԱՆՔ․ Մալթայի Ինքնիշխան Ուխտի (պաշտօնական անուանումը՝ Երուսաղեմի Սրբ․ Յովհաննէսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտ) հետ պատմական յարաբերութիւնների առանձ­նահատկությունը պայմանաւորուած է քրիստոնէական խորը արմատներով, մաքառումներով յանուն քրիստոնէական ինքնութեան ու արժէքների և պատմական ողջ ուղով: Մերօրեայ երկկողմ յարաբերութիւնները պայմանաւորուած են նաև Մալթայի Ուխտի՝ որպէս ապաքաղաքական և մարդասիրական աջակցութիւն ցուցաբերող միջազգային կառոյցի առանձնայատկութիւններով: Երկկողմ դիւանագիտական կապերը հաստատուել են 1998թ․-ի մայիսին: 1988թ․-ի աւերիչ երկրաշարժից ի վեր Մալթայի Ուխտը մարդասիրական ծրագրեր է իրականացնում Հայաստանում։ 2020թ․ յունուարի 23-ից ուժի մէջ կմտնի «Հայաստանի Հանրապետութեան և Երուսաղեմի Սբ. Յովհաննէսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտի միջև» համագործակցութեան համաձայնագիրը։

Աղբիւրը ՀՀ Սուրբ Աթոռի մօտ դեսպանութիւն

09/01/2020, 08:17