Որոնել

Մարզասրահէն առնուած լուսանկար: Մարզասրահէն առնուած լուսանկար: 

Ղազանչիի երիտասարդական կենտրոնում բացուեց նոր մարզասրահ:

Երիտասարդների հետ միասին, երիտասարդների լեզուով

Նոյեմբերի 10-ի երեկոյեան Ղազանչիում տեղի ունեցաւ Հայ Կաթողիկէ Եկեղեցու «Նարեկ» երիտասարդական կենտրոնի մարզասրահի բացումը՝ օրհնութեամբ գիւղի հոգևոր հովիւ Տ. Յովսէփ քհն. Գալստեանի և ներկայութեամբ Աշոցքի համայնքապետ Պրն. Կարեն Մանուկեանի, ինչպէս նաև Ղազանչիի երիտասարդների, ովքեր պատրաստւում են մարզուել նորաբաց մարզասրահում: Այն զբաղեցնում է կենտրոնի սրահներից մէկը, որը նորոգուեց 2018-ին՝ Հայկական Կարիտասի «Ծխական հասարակական խորհուրդներ» ծրագրի շրջանակներում, Աշոցքի համայնքապետարանի (գիւղի վարչական ղեկավար՝ Լուսինէ Սիմավոնյան) և բելգիահայ կանանց միութեան աջակցութեամբ, մարզասարքերի ձեռքբերման ընթացքում իրենց ներդրումն են ունեցել նաև Ղազանչիի բնակիչները:

 Մի քանի սարքեր իրենց ձեռքով գիւղատնտեսական տեխնիկայի մասերից պատրաստել են նաև գյուղի երիտասարդները՝ Էդուարդ Գրիգորեանի նախաձեռնութեամբ, ով կազմակերպելու է մարզումները տարիքային երկու խմբերի համար՝ շաբաթական երեք պարապմունքներով: Երիտասարդները՝ հոգևոր հովուի հետ միասին փափագում են հետագայում մարզուողների փոքրիկ անդամավճարների և հովանաւորների միջոցով աւելացնել մարզագույքը և ձեռք բերել աւելի մասնագիտացուած սարքեր:

Աշոցքի համայնքապետ Պրն. Կարեն Մանուկեանը վստահեցրեց, որ միշտ պատրաստ է աջակցել երիտասարդների առողջութեան և զարգացման ծրագրերին, և ուրախ է, որ այսպիսի մի ծրագիր է նախաձեռնուել Եկեղեցու երիտասարդական կենտրոնում, շնորհակալութիւն յայտնեց կազմակերպիչներին և քաջալերեց երիտասարդներին շարունակել նոր եռանդով:

 Տ. Յովսէփը շնորհակալութիւն յայտնեց Աշոցքի համայնքապետին և երիտասարդներին և կարևորեց յատկապէս երիտասարդների կամաւոր աշխատանքը՝ մարզասրահը զարգացնելու համար, նաև յայտնեց իր վստահութիւնը, որ միասին հնարաւոր կլինի իրականացնել մարզասրահը զարգացնելու ծրագրեր, հետագայում կազմակերպել միջգյուղական մրցումներ, որը օրինակ կլինի նաև միւս գիւղերում նմանատիպ ձեռնարկներ սկսելու համար: Նա կարևորեց նաև մարզուող երիտասարդների հոգևոր զարգացումը և կոչ արեց ֆիզիկական առողջութեանը զուգահեռ երբեք չթուլանալ հոգևորի մէջ, որովհետև Եկեղեցու առաքելութիւնն է նպաստել մարդու համակողմանի զարգացմանը՝ հոգով և մարմնով, հոգևորապէս, ֆիզիկապէս և սոցիալապես: Այս մարզասրահը մի փոքրիկ օղակ է՝ այդ առաքելութեան մէջ, բացատրեց քահանան:

 Համայնքապետը երիտասարդներին խրախուսելու համար սկսեց մարզուել մարզասարքերի վրայ, երիտասարդները հետևեցին նրա օրինակին:

Տ. Յովսէփ Գալստեան

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

12/11/2019, 08:15