Որոնել

Նիհասինայ Ռակոտոարիմանանայ, Անթանանարիվօ Նիհասինայ Ռակոտոարիմանանայ, Անթանանարիվօ   Պատմութիւնը

Վարսայարդար

Նրան մի՛ փնտռէք Անթանանարիվոյի Աւան 67հա խիտ բնակեցուած խոշոր թաղամասում, այլ՝ Անուսի լճի մօտ գտնուող բարձրադիր թաղամասում: Հէնց այնտեղից է, որ նա նայում է Քարլթոնին՝ երկրի ամենամեծ հիւրանոցին եւ յաղթահարում դժուարութիւնները ապրուստ հայթայթելու համար:

Ժան-Պիեր Բոդժոկոյ, ՀՄ – Վատիկան

Նրա անունը Նիհասինայ Ռակոտոարիմանանայ է, բայց ես նրան տուել եմ Վարսայարդար n° 7 մականունը, քանի որ նրա վարսայարդարման «սրահն» այդպէս է համարակալուած: Սա մօտաւորապէս 3 քառ. մեթր տարածք զբաղեցնող հիւղակ է՝ սեղմուած երկու այլ վարսայարդարման «սրահների» եւ ժամանակաւոր փոքրիկ տաղաւարների միջեւ: Այստեղ նա անցկացնում է իր օրերը՝ սպասելով որեւէ յաճախորդի այցի եւ ինքն իրեն գովազդելով. «Մատակասկարում Անթանանարիվոյի արհեստավարժ վարսայարդար»: Հէնց այս հիւղակում է, որ նա ինձ ընդունում է ժպիտով: Հիւրանոցի իմ սենեակից ես նկատել էի այս վայրը, որը մօտ 150 մեթր հեռաւորութեան վրայ էր գտնւում միջազգային մամուլի լրագրողների կեցավայրից, ովքեր պէտք է լուսաբանէին Սրբազան Քահանայապետի հովուական այցը Մատակասկար: Համակեցութիւն 5 աստղ ունեցող այս հիւրանոցի եւ կից գտնուող փոքրիկ թաղամասի միջեւ, որն անհամեմատելի է, ինչպէս հակադրութիւնը ցերեկուայ եւ գիշերուայ միջեւ՝ առանց լուսնի եւ աստղերի: Համակեցութիւն հարստութեան եւ «ոչնչի», հարուստների եւ աղքատների միջեւ:

Թաղամասը, որտեղ ապրում է Նիհասինայ Ռակոտոարիմանանան)
Թաղամասը, որտեղ ապրում է Նիհասինայ Ռակոտոարիմանանան)

«Աղքատների այս թաղամասում», ժամանակը սպանելու համար, երիտասարդներն իրենց դիրքին յարմարեցուած, ինքնաշէն «բիլիարդ» են խաղում՝, միւսները խաղագումար դնելով զբաղւում են խաղաթղթերով: Այստեղից ոչ հեռու, իրենց գոյութիւնը պահպանելու համար, մայրիկները ճանապարհի երկայնքով գետնին դրած ադամաթուզ են վաճառում: Վարսայարդար n° 7-ի վարսայարդարման «սրահի» դիմաց կայ մի «ռեստորան», որտեղ յաճախորդները պէտք է վաճառասեղանի մօտ կանգնած ուտեն: Մէկ կերակրատեսակի գինը 2.000 Ար (Արիարի – Մատակասկարի դրամական միաւորը) է, այսինքն՝ մօտաւորապէս 0,50€:

Թաղամասի ռեստորանը
Թաղամասի ռեստորանը

7-ը ֆութպոլիստ Քրիստիանոյ Ռոնալդոյի խաղաշապիկի համարն է: Նա անուանի է, աշխարհահռչակ եւ ապրում է զերծ ամէն տեսակ կարիքից, իսկ Վարսայարդար n° 7-ը ամենեւին էլ երեւելի կամ համբաւաւոր անձ չէ, եւ, ինչպէս ասում են ափրիկեան երկրներում՝ «ճարպիկ» մարդու կեանք է վարում: Նա ամէն օր պէտք է ապրուստի միջոցներ հայթայթի իր ընտանիքին կերակրելու համար: Նրա մէջ ուշագրաւն իր պարզութիւնն է եւ լայն ժպիտը, որն անտարբեր չի թողնում: Ժպիտ, որը կարծես ասում է. «Ես աղքատ եմ, բայց՝ երջանիկ»: Մազերի կտրուածքի գինը փակցուած է նրա «սրահում». 2.000Ար, ասես ամէն ինչի գինն այս վայրում 2.000Ար է:

Թաղամասի երիտասարդները բիլիարդ են խաղում
Թաղամասի երիտասարդները բիլիարդ են խաղում

Վարսայարդար n° 7-ի աշխատանքի վայրը ճիշտ տեղորոշելու համար անհրաժեշտ է իմանալ, թէ ինչպէս է կառուցուած Անթանանարիվօ քաղաքը՝ հարթավայրերի, բլուրների եւ լեռների միջեւ: Իսկ Անուսի լճի թաղամասը՝ Ամպեֆիլոհան, որտեղ գտնւում է Վարսայարդար n° 7-ի աշխատավայրը, տեղակայուած է Անթանանարիվօ քաղաքում՝ աննկատ մնալու համար: Տարիների ընթացքում այս թաղամասը դարձել է Անթանանարիվոյի կենդրոնը: Այստեղ են տեղակայուած երկրի կարեւոր հաստատութիւնները՝ հանրապետութեան նախագահական նստավայրը, Յիսուսեան միաբանութեան Սեն Միշել վարժարանը, վիճակագրական ծառայութիւնը, Արդարադատութեան պալատը, շրջանների, տեղագրութեան եւ գրանցման ծառայութիւնը, ինչպէս նաեւ Մատակասկարի Ազգային Ռատիոյի գրասենեակը, Ազգային Հեռուստատեսութեան կայանը եւ այլն: Մատակասկարի Կենդրոնական Դրամատունը եւ Ազգային Գրադարանը նոյնպէս գտնւում են մօտակայքում: Այս թաղամասը զբաղեցնում է ընդամէնը 46հա տարածք, որը բաժանւում է երկու մեծ մասի. սոցիալական բնակարաններ, որտեղ գտնւում են հին թաղամասերը եւ վարչական շէնքեր, որտեղ տեղակայուած են նախարարութիւնները: Ամպեֆիլոհան սահմանագծում են Ռաւոահանգի Անդրիանաւալոնայ հիւանդանոցը, Մանարինցոայ կամուրջը, Ամպեֆիլոհայի Ժամանակակից Լիցեյը եւ Քարլթոն հիւրանոցը: Ամպեֆիլոհայում մեծ խնդիր է նաեւ անվտանգութիւնը, յատկապէս՝ գիշերը: Նոյնիսկ կէս քիլոմեթր ճանապարհ անցնելու համար խորհուրդ է տրւում տաքսի վերցնել եւ խուսափել ոտքով գնալուց, մանաւանդ, եթէ օտարերկրացի էք: Թոյլ տուէք ասել, որ «նրանք անմիջապէս նկատում են օտարերկրացիներին»: Այսպիսով, սա բանուորական թաղամաս է կառավարութեան եւ նախարարութիւնների շէնքերի կողքին: Այս թաղամասում խռնւում են նաեւ տների կղզեակները կամ աղքատ աւանները, կրպակը կամ մեր Վարսայարդար n° 7-ի վարսայարդարման «սրահը»:

սրահից» բացուող տեսարան, յետին պլանում Քարլթոն հիւրանոցն է
սրահից» բացուող տեսարան, յետին պլանում Քարլթոն հիւրանոցն է

Ամպեֆիլոհայ թաղամասը հակապատկերն է մայրաքաղաքի հարթավայրային գօտում տեղակայուած Աւան 67հա-ի, որն ամենաշատ բնակչութիւն ունեցող, խիտ բնակեցուած եւ ամենախոցելի թաղամասերից մէկն է: Իրականում, Թանայ (Անթանանարիվոյի մէկ այլ անուանումը) քաղաքում կան բազմաթիւ թաղամասեր, սակայն, հնարաւոր չէ գալ Մատակասկարի մայրաքաղաք եւ չտեսնել կամ չլսել հիւսիս-արեւմուտքում տեղակայուած թաղամաս Աւան 67հա-ի մասին: Այստեղ ամէն ինչ կամ գրեթէ ամէն ինչ «զեռում» է: Կեանքը եռում է: Բնակչութեան խտութիւնն ամենաբարձր սանդղակի վրայ է: Այստեղ ամէն ինչ մէկտեղւում եւ միաւորւում է: Այստեղ կարելի է հանդիպել Մատակասկարի բոլոր նահանգներից ու տարածաշրջաններից ժամանած մարդկանց, ովքեր թողնում են իրենց գիւղերը, որպէսզի իրականացնեն քաղաքի հետ կապուած երազանքները: Կեանքը շատ աշխոյժ է եւ ամէնուրէք կարելի է հանդիպել աղքատութեան: Մինչ այստեղ գալը բոլորին նախազգուշացնում են. «Ուշադիր եղէք ձեր գրպաններին, բջջային հեռախօսին, ամէն ինչին»: Գողութիւնն այստեղ յաճախակի տեղի ունեցող երեւոյթ է: Ինքնաշարժի մէջ անհրաժեշտ է զգուշանալ պատուհանները իջեցնելուց, քանի որ այս թաղամասում գողանում են նոյնիսկ վարսերը: Ասում են, որ գողերը, զինուած մկրատներով, ճարպկօրէն սողոսկում են անցորդների մէջ, եւ, նկատելով ամենաերկար վարսեր ունեցող հետիոտներին, լուռ մօտենում եւ կտրում են նրանց մազերը՝ կեղծամներ պատրաստելու եւ գրաւիչ գնով դրանք վաճառելու համար: Աւան 67հա-ն դասւում է «կարմիր գօտու» մէջ: Այնուամենայնիւ, բնակիչներից շատերն այստեղ են գալիս իրենց օրուայ վաստակն ապահովելու եւ յատկապէս՝ սնունդ հայթայթելու համար…, երբեմն՝ ցանկացած միջոցով: Այստեղ ամէն ինչ վաճառւում է, ամէն ինչ կարելի է գտնել, եւ եւս մէկ անգամ նշեմ՝ ցանկացած միջոցով, նոյնիսկ՝ ամենաստոր կամ ամենաքիչ նախընտրելի: Այս վայրում անօրինական ամէն ինչը մեծ կշիռ ունի. կրպակներ եւ «մսավաճառի խանութներ» փողոցի մէջտեղում, գետնին շարուած ցուցափեղկեր բանջարեղէնի, համեմունքների, մրգերի, հագուստի, կօշիկների եւ այլնի համար, եւ այս ամէնը մայթի վրայ՝ ճամփեզրին: Երթեւեկը առաւելագոյնս դանդաղեցուած է խճողումների պատճառով: Չնայած որ թշուառութեան խուճապ առաջացնող այս նկարագրութիւնը կարող է սարսափեցնել, այնուամենայնիւ այստեղ կեանք կայ, եւ մարդիկ կենսուրախ ու ժպտադէմ են:

Յաճախորդներ Նիհասինայ Ռակոտոարիմանանայի կնոջ կրպակի առջեւ
Յաճախորդներ Նիհասինայ Ռակոտոարիմանանայի կնոջ կրպակի առջեւ

Վարսայարդար n° 7-ը (Նիհասինան) ծնուել է 1975 թուականի յուլիս 11-ին, ամուսնացած է, երեք երեխաների հայր. 24-ամեայ Թոժոյի, 22-ամեայ Ռովայի եւ 18-ամեայ Միւրիելի: Նրանք դեռեւս ուսանողներ են: Նրանց հայրը, մինչ վարսայարդար դառնալը, իր ուժն ու կարողութիւնը փորձել է տարբեր մասնագիտութիւնների մէջ: Նա որմնադիր էր մինչ 1998 թուականը, երբ ընտրեց վարսայարդարի մասնագիտութիւնը: Աշխատանքի այս փոփոխութիւնը Նիհասինան պատճառաբանում է ֆութպոլի հանդէպ իր մեծ սիրով: Քանի որ նա սիրում էր աշխատանքից յետոյ ֆութպոլ խաղալ, ուստի, նրա համար դժուար էր մարզուելը որմնադիրի աշխատանքից յետոյ: Իսկ որպէս վարսայարդար՝ կարող է համատեղել իր նոր մասնագիտութիւնը եւ ֆութպոլը:

Նիհասինայ Ռակոտոարիմանանայի (երկրորդը աջից) ֆութպոլի թիմը)
Նիհասինայ Ռակոտոարիմանանայի (երկրորդը աջից) ֆութպոլի թիմը)

«Վարսայարդարի այս աշխատանքը լաւ վարձատրուող չէ, բայց այն ինձ թոյլ է տալիս ապրել: Անհրաժեշտ է ամէն օր եւ անդադար ու մեծ եռանդով աշխատել», - խոստովանում է նա: Իրականում, Վարսայարդար n° 7-ը ստիպուած է հոգալ տարբեր տեսակի ընտանեկան ծախսեր. իր երեք երեխաների դպրոցական եւ ակադեմիական ծախսերը, վարձակալութեան վճարը, որն ամսական կազմում է 150.000Ար՝ մօտաւորապէս 40 եւրոյ: Մազերի կտրուածքի գինը 2.000Ար է: Նա աշխատում է ամէն օր, բացի կիրակի օրուանից: Ամէն ինչ հաշուարկուած է՝ օրական 10 յաճախորդ ունենալու դէպքում նա ամսական կը վաստակի միջին հաշուով 520.000Ար (այսինքն՝ մօտ 130€): Ուստի, նա կարող է այս դժուար իրավիճակից դուրս գալ եւ հոգալ ինչպէս վարձակալութեան վճարը, այնպէս էլ ընտանեկան այլ ծախսերը: Սակայն, ոչ միշտ է, որ Նիհասինան օրական 10 յաճախորդ է ունենում: Որքա՛ն ծանր է Վարսայարդար n° 7-ի կեանքը: Չնայած այս ամէնին, նա կարող է նաեւ յոյս դնել կնոջ աջակցութեան վրայ: Նրա կինը մի փոքրիկ կրպակ ունի վարսայարդարման «սրահից» 50 մեթր հեռաւորութեան վրայ: Նա վաճառում է կաթ, թէյ, շաքար, գետնանուշ, բուսական իւղ, ատամի խոզանակներ, ածելու սայրեր եւ այլն:

Նիհասինայ Ռակոտոարիմանանայի կինն իր կրպակում
Նիհասինայ Ռակոտոարիմանանայի կինն իր կրպակում

Ապագա՞ն: Նա այն տեսնում է սեւ երանգի մէջ: «Իմ ապագան անորոշ է, քանի որ այն աշխատանքը, որ կատարում եմ՝ ոչինչ չի ապահովում իմ ծերութեան օրերի համար: Սակայն ես մեծ երազանքներ ունեմ. ուզում եմ մեծ տուն ունենալ իմ երեխաների ու ընտանիքի համար, եւ, ամենակարեւորը՝ կը ցանկանայի ֆինանսական կայունութիւն: Ի հարկէ, վարսայարդարի այս աշխատանքը ինձ թոյլ չի տայ իրականացնել իմ երազանքները», - նկատում է Նիհասինան: «Շատ կը ցանկանայի մէկ այլ աշխատանքով զբաղուել», - ասում է նա, առանց յստակ գիտակցելու, թէ որն է լաւագոյն լուծումը: «Դեռ պէտք է փնտռեմ: Մտածում եմ գիշերը՝ վարսայարդարի իմ աշխատանքն աւարտելուց յետոյ, «անվտանգութեան» (պահակութեան) գործով զբաղուել»: Սակայն, պարզւում է, որ պահակութեան այս աշխատանքը նոյնպէս քիչ վարձատրուող է, քանի որ նա պէտք է աշխատի երկու օրը մէկ անգամ: Ինչպէս միշտ, անփոփոխ է մեր Վարսայարդարի նախասիրութիւնը՝ ֆութպոլը: Նա մարզւում է, երբ իր «սրահում» չէ կամ հանգստի ժամին:
Նիհասինան յոյս ունի, որ Պետութիւնն իր պարտքը կը կատարի եւ բոլոր մատակասկարցիների համար աւելի լաւ ապագայ կ'ապահովի: Սա վերաբերում է նաեւ իր երեխաների ապագային: Նա յոյս ունի, որ նրանք կը կարողանան աւարտել իրենց ուսումը: «Ուզում եմ, որ երեխաներս կրթութիւն ստանան: Սա է նրանց ապագան: Չէի ցանկանայ, որ նրանք ինձ նման զրկանքներ կրեն: Պէտք է, որ նրանք աւելի լաւ ապրեն, քան ես»: Արդեօ՞ք իր ունեցած միջոցները թոյլ կը տան ապահովել երեխաների կրթութիւնը: «Բազմաթիւ զոհողութիւնների գնով, այո՛», - դառնութեամբ պատասխանում է նա: Այն հարցին, թէ իր կեանքի որ փուլում է ամենաերջանիկը եղել, նա առանց վարանելու պատասխանում է. «Երբ իմ փոքրիկ խնայողութիւններով կարողացայ գնել իմ մոտոցիկլետը»: Բայց սա բաւական չէ մարդու կեանքում:

Նիհասինայ Ռակոտոարիմանանան իր մոտոցիկլետի վրայ
Նիհասինայ Ռակոտոարիմանանան իր մոտոցիկլետի վրայ

Վարսայարդար n° 7-ի համար ամենածանր շրջանը, որ իր կեանքի ընթացքում ստիպուած է եղել վերապրել, 2002 թուականի քաղաքական ճգնաժամի օրերն էին: Անշուշտ, նա անդրադառնում է այն ժամանակաշրջանին, որը յաջորդեց 2001 թուականի դեկտեմբեր 16-ի նախագահական ընտրութիւններին եւ որը երկիրն ընկղմեց քաղաքական խորը ճգնաժամի մէջ: Քուէարկութեան առաջին պաշտօնական արդիւնքները հրապարակուեցին 2002 թուականի յունուար 25-ին եւ պատճառ դարձան արմատական ընդդիմութեան: Մեղադրելով իշխանութեանը զանգուածային կեղծարարութիւնների միջոցով իր յաղթանակը գողնալու մէջ, ընդդիմութեան հիմնական թեկնածու Մարկ Ռաւալոմանանան պահանջում էր յաղթանակը առաջին իսկ շրջափուլից յետոյ: Նախագահի թեկնածու Դիդիէ Ռացիրակայի կուսակիցներն անդրդուելի էին: Նա հրաժարուեց օրէնքի անունից կասկածի տակ առնել արդիւնքները: Սահմանադրական Գերագոյն Դատարանը վաւերացրեց ընտրութեան արդիւնքները, եւ մեծամասշտաբ ժողովրդական բողոքի խաղաղ շարժումը մեծ տարածում գտաւ, մասնաւորապէս՝ Անթանանարիվոյում, որն երկիրը ընկղմեց խորը ճգնաժամի մէջ՝ յանգեցնելով լուրջ հետեւանքների: Պարոն Ռաւալոմանանան ինքն իրեն նախագահ հռչակեց 2002 թուականի փետրուար 22-ին՝ ձեւաւորելով իր կառավարութիւնը: Այնուամենայնիւ, նրան չէր յաջողուել արդիւնաւետ կերպով իր իշխանութիւնը սփռել ողջ երկրի տարածքում: Ափամերձ հինգ նահանգների նահանգապետերի աջակցութեամբ Ռացիրական, իր օգտին ծառայեցնելով օրէնքը, իշխանութեան այս զաւթմանն ի պատասխան կազմակերպեց մայրաքաղաքի շրջափակումը: Այս ռազմավարութիւնը արտայայտւում էր ճանապարհային պատնէշների տեղակայմամբ, ռազմավարական նշանակութեան առանցքներում կամուրջների քանդմամբ, տեղական լրատուամիջոցների նկատմամբ վերահսկողութիւն իրականացնելով եւ նահանգներում պարոն Ռաւալոմանանայի կողմնակիցների շուրջ սարսափի մթնոլորտ ստեղծելով: Թէեւ միջազգային հանրութիւնը դատապարտում էր այն բոլոր գործողութիւնները, որոնք խոչընդոտում էին մարդկանց եւ գոյքի տեղաշարժը, այնուամենայնիւ, պարոն Ռաւալոմանանայի կառավարութեանը չը յաջողուեց հասնել միջազգային ճանաչման: Այսպիսով, գրեթէ չորս ամիս, կառավարումը եւ տնտեսական գործունեութիւնը լրջօրէն խաթարուել էին, նոյնիսկ՝ մասամբ կաթուածահար եղել:
Այս ճգնաժամն իր խորը հետքն է թողել Վարսայարդար n° 7-ի ճակատագրի վրայ: «Ես աղքատացայ քաղաքական այս ճգնաժամի սկսուելուց յետոյ, որի ընթացքում օրական վաստակում էի հազիւ 1.000Ար (մօտաւորապէս 0,25€): Եւ, 2002 թուականի այս ճգնաժամը շարունակում է մնալ իմ կեանքի վատագոյն մղձաւանջը», - դժգոհում է նա:

Անուսի լճի շուրջը սփռուած թաղամասը, Անթանանարիվօ, Մատակասկար
Անուսի լճի շուրջը սփռուած թաղամասը, Անթանանարիվօ, Մատակասկար

Ապրել մեծ շէնքերի հարեւանութեամբ, որտեղ մարդիկ ապահովուած կեանքով են ապրում, իսկ դու՝ թշուառութեան մէջ, Վարսայարդար n° 7-ի համար բոլորովին էլ դիւրին չէ ըմբռնելը: Սակայն, նա իր կեանքն ապրում է անձնուրացութեամբ, ի հարկէ, ունենալով որոշ հարցեր ցնցող եւ նոյնիսկ ոչ սովորական անհաւասարութիւնների վերաբերեալ: «Ես չեմ կարողանում նոյնիսկ ինքս ինձ բացատրել այս իրավիճակը: Կարծես գոյութիւն ունեն երկու միջանցք՝ մէկը միւսից շատ հեռու: Առաջին միջանցքում մարդիկ են, ովքեր թուում է, թէ յաջողել են իրենց կեանքը եւ լաւ են ապրում, իսկ միւս միջանցքում մարդիկ՝ ովքեր թիանաւի մէջ են: Ես այս իրավիճակում եմ ոչ այն պատճառով, որ ծոյլ եմ եղել կամ լաւ չեմ աշխատել: Սա համակարգ է, որը մշակուել եւ գործում է: Կաշառակերութիւնը խորը արմատներ է գցել մեր երկրում, բայց ես իմ կեանքն ընդունում եմ այնպէս, ինչպէս ապրում եմ՝ ժպիտով»:

Նիհասինայ Ռակոտոարիմանանան իր վարսայարդարման «սրահում»
Նիհասինայ Ռակոտոարիմանանան իր վարսայարդարման «սրահում»

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

09/10/2019, 08:32