Cerca

Պատմութիւնը
Vatican News

Թափառաշրջիկի կեանքից մինչեւ հացավաճառի աշխատանք. քայլ դէպի նոր կեանք

Ադրիանան յուզւում է՝ հէնց որ սկսում է խօսել: Դողդոջուն ձայնը, փայլող աչքերը, իրար սեղմուած ձեռքերը՝ ասես վկայութիւնն են այն բանի, որ ուզում է ինքն իրեն համարձակութիւն ներշնչել:

Չեչիլիայ Սեպպիայ – Վատիկան

Ադրիանան յուզւում է՝ հէնց որ սկսում է խօսել: Դողդոջուն ձայնը, փայլող աչքերը, իրար սեղմուած ձեռքերը՝ ասես վկայութիւնն են այն բանի, որ ուզում է ինքն իրեն համարձակութիւն ներշնչել: Չնայած իմ յորդորին՝ դադար տալ եւ շունչ առնել, նա վստահեցնում է. «Սրանք երջանկութեան արցունքներ են»: Ադրիանան 23 տարեկան է: Այսօր նա ունի տուն, նոր ընտանիք, ընկերներ եւ աշխատում է Հռոմի Տրիոնֆալէ թաղամասի հացի խանութներից մէկում: Նա իսկապէս սիրում է այն, ինչով զբաղւում է, բայց, ամէնից շատ, նրան դուր է գալիս զրուցելը թաղամասի բնակիչների հետ, որոնց համար նա այլեւս այն նախկին «Գնչուհին» չէ, այլ՝ շատ շատերի նման մի երիտասարդ կին՝ մեծ եւ փոքր երազանքներով, ինչը բնորոշ է իր տարիքի երիտասարդներին:

«Դօն Բոսկոյ» անչափահասների սոցիալ-կրթական կենտրոն
«Դօն Բոսկոյ» անչափահասների սոցիալ-կրթական կենտրոն

Ծագումը

Դժբախտաբար, նրա կեանքը միշտ չէ, որ այսպիսին է եղել: Նա ստիպուած եղաւ շատ արցունք թափել եւ դրանցից եւ ոչ մէկը երջանկութեան արցունքներ չէին: Ադրիանան մի փոքրիկ գնչու աղջնակ է, ծնուած Իտալիայում՝  խրուաթ հօրից եւ սերբ մօրից: Նա իր մաշկի վրայ կրում է խտրականութեան անջնջելի հետքերը, որի պատճառն իր ծագումն է: 2013 թուականին, երբ Ադրիանան եկաւ «Դօն Բոսկոյ» անչափահասների սոցիալ-կրթական կենտրոն, որպէսզի ընդգրկուի աշխատանքի տեղաւորման ծրագրում՝ չունէր ոչինչ, բացի այն հագուստից եւ կօշիկներից, որ կրում էր: Նրա տունը, որ անուաւոր մի բեռնասայլ էր՝ դժուարութեամբ ձեռք բերուած արտերկրում եւ, որը կայանուած էր մայրաքաղաքի արուարձաններից մէկում՝ Կասալ Բրուչիատոյում գտնուող մի փոքրիկ գնչուական ճամբարում, բռնագրաւուել էր ոստիկանութեան կողմից: «Ինձ երբեք դուր չի եկել գնչուների կեանքը», - խոստովանում է նա, - «քանի որ սա բարդ եւ դժուարին կեանք է, իսկ ինչ վերաբերում է դեռահասութեանը, ապա՝ շատ աւելի դժուար է. դու միայն հարուածներ ես ստանում»:

«Դօն Բոսկոյ» անչափահասների սոցիալ-կրթական կենտրոն
«Դօն Բոսկոյ» անչափահասների սոցիալ-կրթական կենտրոն

Մերժումը, հրաժարումը, դատապարտումը, խտրականութիւնը

Ադրիանայի եւ նրա բազմանդամ ընտանիքի պատմութիւնն առանձնանում է լքմամբ, մերժմամբ եւ դժուարութիւններով լի տեղափոխութիւններով՝ փորձելով գտնել մի վայր, որտեղ կը կարողանային իրենց ընդունուած զգալ: Առաջինը Ադրիանային լքեց հայրը, որոշ ժամանակ անց նրան հետեւեցին մեծ ծնողները եւ քոյրերից մէկը: Այսպիսով, Ադրիանայի մայրը դժուարութեամբ էր կարողանում հոգ տանել իր 6 երեխաների մասին, ովքեր փորձում էին ինքնուրոյն դուրս գալ ստեղծուած իրավիճակից՝ «ինչպէս բոլոր Գնչուները», - ասում է Ադրիանան: «Մանր գողութիւններ, մուրացկանութիւն: Լուանում էինք լուսացոյցի տակ կանգնած ինքնաշարժների ապակիները, ապրում եւ գիշերում էինք փողոցում կամ, երբ յարմարեցնում էինք, անհեթեթ կերպով, ոստիկանական բաժանմունքում կամ հիւանդանոցի շտապ օգնութեան բաժանմունքում, որպէսզի պատսպարուելու տեղ գտնէինք: Ութից մինչեւ տասնհինգ տարեկան ստիպուած եղայ այսպէս ապրել: Այսպիսին են քեզ ընդունում, երբ Գնչու ես. որպէս յանցագործի, որպէս մարդու՝ ով վնաս է պատճառում ուրիշներին, նոյնիսկ եթէ, իրականում, այդպիսին չես»:

 «Դօն Բոսկոյ» անչափահասների սոցիալ-կրթական կենտրոն
«Դօն Բոսկոյ» անչափահասների սոցիալ-կրթական կենտրոն

Վճռորոշ շրջադարձը

Այս կեանքի հասցրած ապտակներից եւ հարուածներից յետոյ, ամռան մի օր, յուսալքուած եւ հիւանդ մօր դարձի գալու հետ մէկտեղ բեկումնային մի շրջադարձ է տեղի ունենում, երբ նա մուտք է գործում Աւետարանական Եկեղեցի: Հանդիպումը Քրիստոսի հետ, համայնքի ընդունելութիւնը եւ աղօթքի ուժը այդ պահից ի վեր նրա մէջ առաջացնում են արմատական որոշում կայացնելու անհրաժեշտութիւնը. ընդմիշտ թողնել գնչուի կեանքը եւ ապրել գրաւադրուած աշխարհում (սա մի եզրոյթ է, որով գնչուական ծագում ունեցող մարդիկ բնորոշում են նրանց, ովքեր լքել են համայնքը): «Մայրս, - շարունակում է Ադրիանան, - մեզ ազատ ընտրութեան հնարաւորութիւն ընձեռեց, որպէսզի ինքներս ընտրենք, թէ ինչ ենք ուզում անել եւ մենք կատարեցինք մեր ընտրութիւնը: Սակայն իմ ժողովրդի աչքերում մենք վատ համբաւ ունէինք, վատ վերաբերմունքի էինք արժանանում եւ դարձեալ խտրականութեան զոհ դարձանք: Շատերն ինձ հարցնում էին. դու յանցագործ էիր, իսկ հիմա ինձ հետ Աստծուց ես խօսում, սա ի՞նչ կատակ է: Այն ինչ ինձ ասում ես բնական չէ եւ ճիշտ չէ»: Բայց Ադրիանայի համար այս նոր կեանքը՝ դէպի անյայտութիւն այս ցատկը, ամենալուսաւոր եւ «բնական» բանն էր, որ կարող էր նրա հետ պատահել: Նա պատմում է այն աջակցութեան մասին, որը ստացել էր իր նոր համայնքի անդամների կողմից եւ, թէ որքան տարօրինակ էր նրա համար տեսնելը, որ այդ մարդկանց աչքերում իսպառ բացակայում է կանխակալ կարծիքը: «Ձեզ համար սա կարող է յիմարութիւն թուալ, բայց նրանք ինձ միշտ վերաբերուել եւ վերաբերուում են սիրով, թէեւ գիտէին, որ ես Գնչու էի: Մի օր նրանցից մէկն ինձ ասաց. «Աստծոյ աչքերում մենք բոլորս հաւասար ենք, քանի որ բոլորս էլ նրա զաւակներն ենք, իսկ որպէս Նրա զաւակներ՝ նաեւ եղբայրներ ենք»:» Աստուած. սա այն բառն է, որ Ադրիանան ամէնից յաճախ է արտասանում եւ ամէն անգամ թւում է, թէ գոհաբանական աղօթք է հնչում նրա շուրթերից: Աստուած այն Հայրն է, ով երբեք չի լքի նրան: Աստուած այն Ընկերն է, ում կարելի է վստահել ոչ միայն սեփական վախերը, այլեւ՝ յաջողութիւնները եւ յոյսերը:

Ադրիանայ Խոշոր Պլանով
Ադրիանայ Խոշոր Պլանով

Ոդիսականը թափառաշրջիկների ճամբարում

Երկար ժամանակ պահանջուեց մինչեւ որ հասունացաւ այն պահը, երբ նրա մայրը դարձի եկաւ եւ փոխակերպուեց, դա այն ժամանակաշրջանում էր, երբ հայրը հեռու էր՝ բանտում: Սակայն, բանտից հօր դուրս գալուն պէս, ընտանիքը որոշում է հեռանալ Ֆորոյ Իտալիկոյ ճամբարից եւ բնակութիւն հաստատել Նեապոլում, այնուհետեւ Իսպանիայում, որտեղ ապրում է ութ ամիս եւ որտեղ երեխաները կեանքում առաջին անգամ դպրոց են յաճախում: Այսուհանդերձ, իսպանական փորձառութիւնը շուտ աւարտուեց՝ նոր խնդիրների եւ ծնողների միջեւ վիճաբանութիւնների պատճառով: Վերադարձ Իտալիա, ապա՝ մեկնում Ֆրանսիա, որտեղ ընտանիքը տուն կառուցելու նպատակով հողատարածք է գնում Ադրիանայի վթարի ենթարկուելուց յետոյ ստացած ապահովագրական գումարով: Սակայն խնդիրները լուծում չստացան. տղաները, որ վերսկսել էին դպրոց յաճախել՝ վտարուեցին եւ ծաղրուծանակի ենթարկուեցին իրենց դասընկերների կողմից, ինչպէս միշտ «Գնչու» անջնջելի պիտակի պատճառով: Նրանք ֆրանսերէն չեն խօսում, ընկերներ չունեն, տանջւում են խտրական վերաբերմունքից, մինչեւ իսկ ուսուցչական անձնակազմի շրջանում: Այս ամէնի հետեւանքով ձախողւում է դպրոցում ուսում ստանալու փորձը, այդ նոյն ժամանակամիջոցում աւագ քոյրը, ով չի ընդունում կենսակերպը փոխելու որոշումը, գաղտնի փախուստի է դիմում, որպէսզի ամուսնանայ իր ծագման համայնքից մի երիտասարդի հետ: Դեռ աւելին, երբ ընտանիքը որոշում է իր վիճակը կայունացնելու համար դիմել տեղական իշխանութիւններին՝ նրանց ստիպում են խախտել ընտանեկան միութիւնը: Մայրը, առանց փաստաթղթերի, պէտք է անմիջապէս վերադառնայ Սերբիայ, հակառակ դէպքում՝ ողջ ընտանիքը անյապաղ կվտարուի երկրից: Հետեւաբար, Ադրիանայի ծնողները որոշում են վերադառնալ Իտալիա, բայց այլեւս փող չունենալով, նրանք ստիպուած եղան վաճառել իրենց հողատարածքը:

Աստծոյ ձեռքը

Իտալիա վերադառնալուց անմիջապէս յետոյ հայրը լքում է ընտանիքը: Նրանք գիշերում են ինքնաշարժի մէջ, մինչեւ որ մայրը գնում է այն անուաւոր բեռնասայլը, որը նրանց համար որպէս տուն էր ծառայում եւ, որը յետագայում կալանքի տակ դրուեց ոստիկանութեան կողմից: Այնուհետեւ ընտանիքը մէկ շաբաթ ապաստանում է Հռոմի «Սանդրոյ Պերտինի» հիւանդանոցի անյետաձգելի բժշկական օգնութեան բաժանմունքում: Մայրական կողմի տատը նրանց հնարաւորութիւն է ընձեռում թողնել փողոցը եւ իր հետ միասին հաստատուել ճամբարում, սակայն մի պայմանով, որը քննարկման ենթակայ չէր՝ հրաժարուել իրենց ազատութիւնից եւ ընդունել ճամբարի կենսակերպը եւ կանոնները, ինչը նաեւ նշանակում էր, որ աղջիկներին ամուսնացնելու էին նախապէս ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների համաձայն, իսկ միւսներին ուղարկելու էին գողութիւն անելու: Ադրիանայի մայրը մերժում է այդ առաջարկը: Եւ, բոլորովին անսպասելի, Կասալ Բրուչիատոյի դպրոցը եւ Դօն Բոսկոյ կենտրոնը դարձան «Աստծոյ ձեռքը»՝ այն անտեսանելի, բայց յուսալի ձեռքը, որն անհրաժեշտ էր ամուր բռնել վճռական քայլ կատարելու համար: Տարբեր ընկերութիւններ միաժամանակ հանդէս եկան ժամանակաւոր կացարանի տրամադրման պայմաններով, նոյնիսկ հանգանակութիւն կազմակերպուեց, որպէսզի կարողանան անուաւոր բեռնասայլը արգելակալանքից հանել եւ վերադարձնել ընտանիքին: Բարերարների մի խումբ է ձեւաւորւում եւ նիւթական օգնութիւն է տրամադրում ընտանիքին, որպէսզի նա կարողանայ հոգալ իր առաջնային կարիքները:

 Մասնագիտական ծրագրի կազմակերպում «Դօն Բոսկոյ» կենտրոնում
Մասնագիտական ծրագրի կազմակերպում «Դօն Բոսկոյ» կենտրոնում

Աշխատանքի «հրաշագործ ուժը»

Անչափահասների համար նախատեսուած սոցիալ-կրթական Կենտրոնի շնորհիւ, Ադրիանայի համար, ով այդ ժամանակ 17 տարեկան էր, հնարաւորութիւն է ստեղծւում ուսումնական դասընթացքի միջոցով ձեռնամուխ լինել աշխատանքի տեղաւորման գործընթացին՝ միեւնոյն ժամանակ ստանալով կրթաթոշակ: Սկսւում են աջակցութեան եւ մասնագիտական կողմնորոշման զրոյցները: Նա շատ էր ուզում խոհարար դառնալ: Նրան դուր է գալիս ձեռքը ալիւրի մէջ թաթախելը եւ ինչ-որ մէկի համար ինչ-որ բան պատրաստելու միտքը: 2014 թուականի յունիսին նա նոյնիսկ ստացաւ վարժարանի վկայականի համարժէքը եւ մայրաքաղաքի սրճարաններից մէկում գտաւ իր առաջին իսկական աշխատանքը, որտեղ ոչ միայն սովորեց փոքրիկ խոհանոցում կանոնաւոր աշխատանքին, այլեւ սովորեց ապրել օրէնքներով, ժամանակացոյցով եւ պարտականութիւններով ղեկավարուող աշխարհում: Պատահում է, որ երբեմն զայրանում է, երբ զգում է, որ դանդաղկոտ կամ անճարակ է: Նրա մօտ մշտապէս վախ կայ սխալուելու եւ ուրիշներին վնաս պատճառելու: Այնուամենայնիւ, նա հաստատակամ է, եւ առաւօտեան, երբ հնչում է զարթուցիչի ձայնը, նա երջանիկ է, որ աշխատանքի է գնալու: «Ինձ համար սա մի երազանք էր, եւ ամսուայ վերջում ես ասացի. «Օ՜հ, ես աշխատավարձ ունեմ», - սա միեւնոյն ժամանակ ե՛ւ անհեթեթ էր, ե՛ւ հրաշալի»:

Ցաւօք սրտի, սրճարանում փորձաշրջան անցնելուց յետոյ նրան աշխատանքի չընդունեցին, բայց նա չի յուսալքւում եւ գործի է անցնում: Հաստատակամ ու յամառ, ինչպէս նաեւ իր հաւատքի զօրութեամբ, նա առաջ է շարժւում՝ վճռական օրէն տրամադրուած մէկընդմիշտ փոխելու սեփական ճակատագիրը:  «Եղան օրեր, երբ ուզում էի հրաժարուել ամէն ինչից, արտասուելու անզուսպ ցանկութիւն ունէի», - ասում է նա: «Գնչուներն իսկապէս ատում էին ինձ եւ, ես մշտական հալածանքների էի ենթարկւում: Իսկ Իտալացիները… նրանց համար ես այն նոյն Գնչուհին էի եւ որոշ վայրեր նոյնիսկ մուտք գործելու իրաւունք չունէի: Այսուհանդերձ, կային իմ կրտսեր եղբայրները, որոնց մասին պէտք է հոգ տանէի, կար մայրս, ով առաջուայ պէս հիւանդ էր եւ առանց փաստաթղթերի, եւ հայրս, ով գալիս եւ գնում էր: Բայց ես միայնակ չէի, Աստուած ինձ հետ էր: Միշտ կար նրա ձեռքը»:

Հացի խանութը
Հացի խանութը

Իսկական տուն

2015 թուականի մայիսին ընտանիքին վերջապէս բնակարան են տրամադրում Հռոմի մերձակայքում գտնուող մի փոքրիկ քաղաքում եւ, ի վերջոյ, նրանք վարձակալութեան պայմանագիր են ստորագրում: Այսուհետեւ Ադրիանան ունի իսկական մահճակալ, խոհանոց, լոգարան եւ, նա այս ամէնի մասին այնպէս է խօսում, ասես նրան Լուսինն էին նուիրել: Այս նոր իրավիճակի հետ մէկտեղ, այժմ Ադրիանային հասանելի են նաեւ առաջին անհրաժեշտութեան ծառայութիւնները: «Դուք չէք հաւատա, բայց, այսուհետեւ կարող էի դիմել բժշկի եւ բժշկական օգնութիւն ստանալ, մի բան, որն անհնարին է Գնչուների համար»: Տնային գործերում մարդկանց օգնելուց եւ երեխաների համար որպէս դայեակ աշխատելուց յետոյ, մի քահանայի աջակցութեան շնորհիւ՝ նա հացի խանութում աշխատելու առաջարկ է ստանում, որտեղ էլ աշխատում է մինչ օրս: «Այնքան եմ սիրում այս աշխատանքը: Ես սիրում եմ շատախօսել, իսկ մարդիկ գալիս են այստեղ, ոմանք գալիս են հաց եւ կարկանդակներ գնելու, ոմանք էլ՝ պատմում իրենց պատմութիւնները: Երբեմն էլ, ես պատմում եմ իմը»:

Վերյիշելով նրա ոդիսականը, անուաւոր բեռնասայլում առանց հոսող ջրի ապրած տարիները եւ այն անվերջանալի «մահը», որ զգում էր ամէն անգամ, երբ ստիպուած էր հեռանալ, հարցնում եմ նրան.

«Եւ ի՞նչ էք պատմում»: Նա պատասխանում է. «Ես ասում եմ, որ Աստուած է ինձ փրկել, զգում եմ, որ սիրուած եմ Նրա կողմից եւ, որ սա ամենահիասքանչ բանն է, որ կայ աշխարհում: Ես համարձակուեցի քայլ կատարել եւ, ես երջանիկ եմ»:

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

 

11/09/2019, 08:12