Որոնել

Լուսանկար. «Սիմոնէ Քարիփունայ» Լուսանկար. «Սիմոնէ Քարիփունայ»   Պատմութիւնը

Ամազոնիայի բնիկ Քարիփունաները գործում են ի պաշտպանութիւն իրենց հ

«Մեր հողը բազմաթիւ փորձութիւնների է ենթարկուել: Պատկերացրէք, ինչի կվերածուէր մեր տարածաշրջանը, եթէ իւրացուէր հանքարդիւնաբերական ընկերութիւնների կողմից: Եթէ այս ընկերութիւններին թոյլ տանք մտնել մեր շրջաններից որեւէ մէկը, ապա՝ նախադէպ կստեղծենք, որպէսզի դրանք մուտք գործեն նաեւ ցանկացած համայնք: Հետեւաբար, սա մեզ համար մահ կը լինի»:

Քրիստիանայ Մյուրրեյ – Վատիկան

Սիմոնէն մէկն է Քարիփունաներից, որոնք ապրում են Բրազիլիայի Օյապոքի համայնքի Ուասայ, Ժյումինայ եւ Գալիբի բնիկներով բնակեցուած տարածաշրջաններում: Այս տարածաշրջանը գտնւում է Ամապայ նահանգի հեռաւոր հիւսիսում՝ ֆրանսիական Գվիանայի սահմանին: Հարաւում գտնւում են Կալսուենի, Սեռռայ դու Նավիու եւ Պեդռայ Բռանքայ դու Ամապարի համայնքները, արեւմուտքում՝ Լառանժալ դու Ժառի համայնքը, իսկ արեւելքում՝ Ատլանտեան ովկիանոսը:
Սիմոնէն զրոյց ունեցավ «Voice of the Amazon» -ի անձնակազմի հետ Պանամազոնեան Եկեղեցական Ցանցի (REPAM) ծրագրի շրջանակներում՝ համագործակցութեամբ «Verbo Filmes»-ի (կաթողիկէ ֆիլմարտադրող՝ կապուած Աստուածային Խօսքի Միսիոնարների Միաբանութեան եւ ճիզվիթների «UNICAP» Մարդասիրական Ինստիտուտի հետ):
«Իւրաքանչիւր ձեռնարկի եւ իւրաքանչիւր ծրագրի համար, որ կառավարութիւնը նախատեսում է իրականացնել բնիկ ժողովուրդներով բնակեցուած մեր հողերի վրայ, նախ եւ առաջ, պէտք է խորհրդակցի մեզ հետ եւ լսի մեր կարծիքը: Սա է մեր հիմնական դիրքորոշումը», - վստահեցնում է Սիմոնէ Քարիփունան:

Որոշումը ժողովուրդների համար կարող է կեանք արժենալ

Սիմոնէն պատմում է, որ Գալիբի Մարուորնոյ, Փալիքուր, Գալիբի դի Օյապոքի եւ Քարիփունայ բնիկ ժողովուրդները եկան այն եզրակացութեան, որ դաշնային կառավարութեան այն որոշումը, համաձայն որի Պղնձի եւ դրա համակցութիւնների Ազգային Պաշարները (Renca) կարող են շահագործուել՝ կեանք կարժենայ իրենց ժողովրդի համար: «Renca»-ն զբաղեցնում է ավելի քան 46.000քմ2 տարածք, որտեղ բնակւում են տարբեր համայնքներ:
«Այս որոշումը վտանգում է մեր ժողովրդի կեանքը եւ մեր տարածաշրջանը: Պատկերացրէք, ինչի կվերածուէր այս տարածաշրջանը, եթէ իւրացուէր հանքարդիւնաբերական ընկերութիւնների կողմից: Եթէ այս ընկերութիւններին թոյլ տանք մտնել մեր շրջաններից որեւէ մէկը, ապա՝ նախադէպ կստեղծենք, որպէսզի դրանք մուտք գործեն նաեւ ցանկացած համայնք: Հետեւաբար, սա մեզ համար մահ կը լինի», - ասում է Սիմոնէն:

Վախ հանքարդիւնաբերական ընկերութիւնների ազդեցութիւնից

Սիմոնէն նշում է, որ տարածաշրջանի բոլոր ժողովուրդները միաւորուել են, որպէսզի երկխօսեն եւ պայքարեն որոշումը կասեցնելու համար: Նա անհանգստանում է տարածաշրջանում հանքարդիւնաբերական ընկերութիւնների հնարաւոր տեղակայման համար, որը կարող է յանգեցնել գետերի եւ վտակների ջրերի աղտոտմանը: Բացի բնապահպանական խնդիրներից, նա վախենում է նաեւ այն սոցիալական հետեւանքներից, որոնք կարող են առաջանալ հանքերի շահագործումից: «Պատկերացրէ՛ք, սա մեզ համար կարող է կեանք արժենալ»:

Մեր միասնականութիւնը մեր պաշտպանութիւնն է

Սիմոնէն դժգոհում է կառավարութեան ուղղահայեաց որոշումներից. «Երբ տեսնում ենք յանկարծակի եւ վերեւից ներքեւ կազմուած ծրագրեր…, ապա, ի՞նչ էք կարծում, մենք՝ որ պահապաններն ու պաշտպաններն ենք այս տարածաշրջանի, պարզապէս պէտք է ընդունե՞նք տեղեկատուութիւնը եւ համակերպվե՞նք: Ուստի որոշեցինք, որ մեր պաշտպանութիւնը մեր միասնականութեան մէջ է, եւ, երբ վնասում են մեզանից որեւէ մէկին, ապա՝ վնասում են բոլորիս», - ասում է նա եւ ընդգծում, որ «Renca»-ի գօտում՝ Ամապայում եւ Պարայի հիւսիսում ապրում են նուազագոյնը տասնմէկ բնիկ ժողովուրդներ, սակայն, հաւանական է, որ կան նաեւ այլ տեղաբնիկներ: Հետեւաբար, որոշեցինք համախմբուել եւ միասին պաշտպանել մեր հողը: Մենք ուզում ենք, որ մեզ հետ խորհրդակցեն եւ յարգեն մեզ: Ուստի, մինչ որեւէ ծրագիր նախագծելը, որը կարող է ազդել մեր տարածաշրջանի վրայ, իշխանութիւնները, նախ եւ առաջ, պէտք է լսեն մեր կարծիքը», - ասում է Սիմոնէն:

Թարգմանեց` Հրանուշ Սարգսյանը
 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

10/07/2019, 09:43