Cerca

Vatican News
Ուկրանիայում նշում են Հայ Աստուածամօր սրբապատկերի օրը: Ուկրանիայում նշում են Հայ Աստուածամօր սրբապատկերի օրը: 

Ուկրանիայում նշում են Հայ Աստուածամօր սրբապատկերի օրը:

Մարիամ Աստուածածնի սրբապատկերը հանդիսանում է Ուկրանիայի հայերի հոգեւոր ժառանգութեան ամենայայտնի մասունքներից մէկը:

Ուկրանիայում մեկնարկել են Սբ. Մարիամ Աստուածածնի սրբապատկերի 228-րդ տարեդարձին նուիրուած միջոցառումները, հաղորդում է AnalitikaUA.net-ը:

Յունիսի 22-ին Կիեւում Ուկրանիայի հայերի միութեան եւ «Ուկրանիայի հայեր» քաղաքացիական հարթակի նախաձեռնութեամբ հայ համայնքի յայտնի ներկայացուցիչներ հաւաքուել են կլոր սեղանի շուրջ, որտեղ քննարկուել են կարեւոր, հեռանկարային ծրագրեր:

Միջոցառմանը ներկայ են եղել գիտնականներ, քաղաքագէտներ, լրագրողներ, երաժիշտներ, հոգեւորականներ եւ հասարակական գործիչներ:

Կլոր սեղանի մասնակիցները ողջունել են Ուկրանիայի հայ համայնքի ծրագրած միջոցառումները, նշուել են համատեղ քայլերը՝ Ուկրանիայի հայերի հարուստ մշակութային եւ պատմական ժառանգութիւնն աւելի յայտնի դարձնելու համար:

Մարիամ Աստուածածնի սրբապատկերը հանդիսանում է Ուկրանիայի հայերի հոգեւոր ժառանգութեան ամենայայտնի մասունքներից մէկը: 1791 թուականի յունիսի 27-ին սրբապատկերն ու Կամենեց-Պոդոլսկում վերակառուցուած եկեղեցին օծուել են, եւ արքեպիսկոպոս Յակով Թումանովիչի կարգադրութեամբ նշւում է Հայ Աստուածամօր սրբապատկերի օրը:

2011 թուականին ուկրանացի գիտնականներն առաջարկել են յունիսի 27-ը հայ-ուկրանական բարեկամութեան օր հռչակել:

Ամեն տարի այդ օրն Ուկրանիայի տարբեր շրջաններում հայկական սփիւռքը թեմատիկ միջոցառումներ է անցկացնում: Տօնակատարութիւններն աւարտւում են յունիսի 28-ին:

Ինչպէս յայտնի է, Ուկրանիայի հայերի միութիւնը Վիլեն Շատվորյանի ղեկավարութեամբ դարձել է համաուկրանական միակ կազմակերպութիւնը, որը միաւորում է երկրում գործող բոլոր հայկական կազմակերպութիւններին: Ուկրանիայի հայերի միութիւնը յատուկ ուշադրութիւն է յատկացնում գիտութեան, կրթութեան, մշակոյթի եւ մարզանքի ոլորտներին:

26/06/2019, 08:00