Որոնել

Vatican News
Տարահանուած հայեր Տարահանուած հայեր 

Ավրորա մրցանակ (13) Ջելալ Բեյ։

Ջելալ Բեյը դարձաւ Հայոց ցեղասպանութեան ընթացքում տրուած պաշտօնական հրամանների դէմ ըմբոստացման խորհրդանիշ։
Ունկնդրէ լուրը

Յարգելի ռոդիոլսողներ,

Շարունակում ենք ձեր ուշադրութեանը ներկայացնել այն մարդասերներին, որոնք Հայոց ցեղասպանութեան տարիներին օգնութեան ձեռք մեկնեցին հայերին:

Օսմանեան կայսրութեան տարածքում իրագործուող ցեղասպանութեան ընթացքում հայերի փրկութեան գործը ստանձնել էին օտարերկրեայ միսիոներներ, դիւանագէտներ, կայսրութեան հասարակ բնակիչներ, որոնք անտարբեր չէին հայերի ճակատագրերին: Այդ մարդկանց թւում էր նաև ազգութեամբ թուրք, այդ տարիներին Գոնեայի նահանգապետ Ջելալ Բեյը:

Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկին Ջելալը Հալէպի նահանգապետն էր։ Երբ սկիզբ առան հայերի տեղահանութիւնները, նա կարծեց, թէ դրանք պատերազմական դրութեամբ թելադրուած ժամանակաւոր միջոցառումներ են։ Շատ շուտով նա հասկանում է, որ նպատակը հայերի բնաջնջումն է:

Նա սոսկ չէր «մեղմացնում» դաժան հրահանգները, այլ պատրաստ էր զգալի վտանգների գնալ կոտորածը կասեցնելու համար։ Նա հրաժարւում է տեղահանել Անտիոքի հայութեանը եւ փորձում փրկել իր մօտ ընկերներից շատերին։ Ջելալը կարողանում է կազմակերպել, որ խորհրդարանի պատգամաւորներ Գրիգոր Զոհրապն ու Վարդգէս Սերենգուլեանը, որոնք ուղարկուել էին Տիարպէքիրի ռազմական դատարան, ապաստանեն Հալէպում։ «Ես չէի կարող իմ իսկ ձեռքով նրանց ուղարկել ստոյգ մահուան... Ես գրեցի Ստամբուլ՝ խնդրելով թոյլ տալ նրանց մնալ Հալէպում։ Պատասխան չստանալով՝ նրանց անձամբ խոստացայ, որ քանի դեռ Հալէպում եմ, նրանց հեռացումը թոյլ չեմ տա։ Եւ պահեցի խոստումս»,- գրում է Ջելալն իր յուշերում։ Նրա պաշտօնանկութիւնից շատ չանցած, սակայն, Զոհրապին ու Վարդգէսին կրկին ձերբակալում են եւ սպանում:

Ջելալը բազմիցս քայլեր է ձեռնարկում՝ կանխելու իր կառավարութեան կողմից իրագործուող ոճրագործութիւնը, սակայն ապարդիւն: Միևնոյն ժամանակ «Միութիւն եւ առաջադիմութիւն» կուսակցութեան տեղական մասնաճիւղը փորձում էր ամեն ինչ անել Ջելալին հեռացնելու համար:  Նրան նախ տեղափոխում են Անկարայի նահանգ, իսկ շատ չանցած՝ Գոնեա։

Ամեն օր գնացքները հազարաւոր հայերի էին տանում Գոնեա. հրահանգ կար արագացնելու նրանց տեղափոխումը Դեր Զոր։

«Գոնեայում մի մարդու վիճակում էի, որը գետի ափին նստած՝ դրա երախից մարդկանց փրկելու որեւէ ճար չունէր։ Գետն ի վար արիւն էր հոսում՝ անգոյութեան տանելով հազարաւոր անմեղ երեխաների ու ծերերի, անօգնական կանանց եւ ուժեղ երիտասարդ տղամարդկանց։ Ում կարող էի փրկել իմ մերկ ձեռքերով՝ փրկեցի, իսկ միւսներն ընթացան գետի հոսանքով վար եւ այլեւս հետ չդարձան». 1918 թ. «Վաքիթ» օրաթերթում տպագրուած իր յուշերում այդ տարիներն այսպէս էր նկարագրում Ջելալը Բեյը:  

1915 թ. հոկտեմբերին նրան հեռացնում են զբաղեցրած պաշտօնից: Դա նաեւ հայերի՝ Գոնեայում գտնուելու վերջն էր։ Ջելալի պաշտօնանկութիւնից անմիջապէս յետոյ տեղական իշխանութիւնները զեկուցում են Ներքին գործերի նախարարութիւն, որ երեք օրուայ ընթացքում Գոնեայից բռնի տեղահանուել է 10 հազար հայ։

Հեռացնելուց յետոյ Ջելալին որեւէ նոր պաշտօնի չեն նշանակում։ Նրա ընտանիքը մի քանի տարի տնտեսական լուրջ դժուարութիւններ է կրում։ Սակայն պատերազմի աւարտը Ջելալի համար նոր շրջանի սկիզբ է դառնում. մեծապէս պահանջուած էին «անմեղ» պաշտօնեաները, որոնք ներգրաւած չէին եղել մարդկութեան դէմ կատարուած հանդերձագործութիւնում։ 1919 թ. նոյեմբերին Ջելալը նահանգապետ է նշանակւում Ատանայում, այնուհետև՝ Ստամբուլում:

Այսօր նրան յիշում են իբրեւ պաշտօնեայի, որը երկրի համար մղձաւանջային շրջանում հաւատարիմ մնաց իր խղճին ու պատուին։ Ջելալ Բեյը դարձաւ Հայոց ցեղասպանութեան ընթացքում տրուած պաշտօնական հրամանների դէմ ըմբոստացման խորհրդանիշ։ 

10/05/2019, 08:04