Cerca

Vatican News
Ավրորա մրցանակ Ավրորա մրցանակ 

Ավրորա մրցանակ (15) - Մրցանակի դափնեկիր Չո Լա Աուն

Իւրաքանչյուր տարի յատուկ արարողակարգով «Ավրորայի» հերոսների անունները տեղ կգտնեն մատեանում:

 

Յարգելի ռադիոլսողներ,

Ինչպէս արդեն նշել էինք, աւանդոյթի համաձայն «Ավրորա» մրցանակի յաւակնորդների անունները յայտարարւում էին Մատենադարանում՝ Մեսրոպ Մաշտոցի անուան հին ձեռագրերի ինստիտուտում:  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութեան և Մատենադարանի համամարդկային կարևորութիւն ունեցող առաքելութիւնն ամրապնդելու նպատակով 2018թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանութեան նահատակների ոգեկոչման օրը, Մատենադարանում ներկայացուեց 21-րդ դարում ստեղծուած «Մատեան մարդասիրաց» բացառիկ ձեռագիրը: Այն արտացոլում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութեան գործունէութեան ողջ ժամանակագրութիւնը: Ձեռագրում ամեն տարի 365 բառով (նահանջ տարիներին՝ 366 բառով) ներկայացւում են այդ տարուայ «Ավրորայի» հերոսների եւ դափնեկիրի պատմութիւնները, ինչպէս նաեւ «Ավորորա» մրցանակի ունեցած ազդեցութիւնը: Իւրաքանչյուր տարի յատուկ արարողակարգով «Ավրորայի» հերոսների անունները տեղ կգտնեն մատեանում:

Մատենադարանում պահուող աւելի քան 20,000 ձեռագրերին աւելանում է եւս մէկը, որն առաջինն է, որ ստեղծւում է հենց Մատենադարանում՝ հայկական ժառանգութեան պահպանման եւ hումանիզմի այս կարեւորագոյն կենտրոնում: Ձեռագիրն ստեղծուել է հայ մատենագրութեան բոլոր աւանդոյթների պահպանմամբ: Մագաղաթը եւ օգտագործուած բոլոր նիւթերը բնական են: Ձեռագիրը հետագայում կզարդարուի մանրանկարներով՝ պահպանելով հայ մանրանկարչութեան աւանդոյթները:

2016թ. ապրիլի 24-ը վերիմաստաւորեց այդ օրուայ խորհուրդը՝ ներկայացնելով «Ավրորայի» հերոսներին եւ մրցանակի դափնեկիրին: Յաջորդող տարիներին ապրիլի 24-ին հերոսների անունները Մատենադարանում՝ այս մատեանում ներկայացնելով բացուեց նոր էջ մարդասիրական յարատեւ արժէքների ժամանակագրութեան մէջ:

2018թ. յունիսի 10-ին ձեռագրում արձանագրուեց «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունի անունը:

Իրաւաբան եւ ակտիվիստ, ազգութեամբ ռահինջա մուսուլման Չո Լա Աունը՝ մեծարանքի արժանացաւ այն նուիրումի համար, որով նա, չնայած բոլոր բռնաճնշումներին, հետապնդումներին եւ հալածանքներին, պայքարել է մյանմացի ռոհինջա ժողովրդի հաւասարութեան, կրթութեան եւ մարդու իրաւունքների համար։ Նրա անունը՝ որպէս դափնեկիր, յայտարարուել է Հայաստանում՝ արեւածագին Արարատ լեռան ստուերի տակ տեղի ունեցած միջոցառման ընթացքում: 

Չո Լա Աունը տասնամեակներ շարունակ մեծ նուիրումով գործել է՝ իրաւապաշտպանի իր հմտութիւններն ի սպաս դնելով քաղաքացիութիւնից զրկուած ռոհինջա ժողովրդի մարդու հիմնարար իրաւունքների համար մղած պայքարին։ Նրա նուիրումը Մյանմայի կառավարութեան կողմից հետապնդուող հարիւր հազարաւոր մուսուլման փախստականների եւ կրթութիւնից զրկուած երեխաների իրաւունքների եւ արդարութեան պայքարին զօրեղ է, քան երբեւէ։ Ստանձնած առաքելութեան հետեւանքով, կեանքի 12 տարին նա անցկացրել է բանտարկութեան մէջ՝ ինչը ծանրագոյն զրկանքների է ենթարկել նրա սեփական ընտանիքին։

«Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկիր հռչակուելու վերաբերեալ Չո Լա Աունն ասել է. «Իմ ժողովուրդը ենթարկւում է դաժան սահմանափակումների, եւ արդեն կորցրել է իր խիզախութիւնն ու սեփական ուժերի նկատմամբ հաւատը, դարձել անգրագէտ, ուստի եւ՝ ընչազուրկ։ «Ավրորա» մրցանակի աջակցութիւնը կարեւոր ճանաչում է բերում մարդու իրաւունքների խախտումների ենթարկուած բոլոր մուսուլմաններին, եւ ռոհինջա ժողովրդի թշուառ կացութիւնն օրեցօր աւելի նկատելի է դառնում միջազգային հանրութեանը: Շնորհակալ եմ»։

Չո Լա Աունի անունը «Մատեան մարդասիրաց» ձեռագրում արձանագրելու յատուկ արարողութեանը ներկայ էին նաև «Ավրորա» մրցանակի նախորդ տարիների դափնեկիրներ Մարգարիտ Բարանկիցեն և Թոմ Քաթինան:

24/05/2019, 08:12