Որոնել

Իտալիոյ խորհրդարանը Իտալիոյ խորհրդարանը 

Ճշմարտութեան եւ արդարութեան յաղթանակը. Իտալիոյ Խորհրդարանին կոչը ընդունելու Հայոց Ցեղասպանութիւնը։

2000 վաւերացուած բանաձեւի եւ 10 ապրիլի բանաձեւի միջեւ կայ կարեւոր ու մեծ տարբերութիւն այն է որ այս վերջինս Կառավարութեան կոչ կ՛ուղղէ ճանչնաելու հայոց ցեղասպանութիւնը։

Ռոպէր Աթթարեան - Վատիկան

10 ապրիլ 2019-ն եղաւ արդարութեան եւ ճշմարտութեան համար պատմական օր։ Իտալիոյ խորհրդարանը որ 2000 թուականին,  Փալիարանի-Մուսսի պատգամաւորներու ստորագրութիւնը կրող թիւ 000148  բանաձեւով  ճանչցած էր Հայոց Ցեղասպանութեան պատմական իրականութիւնը, վաւերացուց այլ եւ աւելի զօրեղ մէկ բանաձեւ, որով Իտալիոյ կառավարութեան կոչ ուղղեց իր կարգին ճանչնալու Հայոց Ցեղասպանութիւնը։

Ունկնդրէ լուրը

Նախաձեռնութեան կողմ քուէարկեցին խորհրդարանի մաս կազմող բոլոր կուսակցութիւններէն 382 պատգամաւոր, մինչ ձեռնպահ մնացին «Ֆորցա Ւթալիա» կուսակցութեան պատկան 43 պատգամաւորներ։  Ոչ մէկ պատգամաւոր դէմ արտայայտուեցաւ։

Իրենց այս քուէարկութեամբ Իտալիոյ Խորհրդարանի պատգամաւորները ուզեցին մէկ անգամ ընդ միշտ ոչ ըսել սուտին եւ ժխտողականութեան քաղաքականութեան եւ ընտրել ճշմարտութեան եւ արդարութեան ճանապարհը, ի հեճուկս թրքական կողմի բանեցուցած բոլոր ճնշումներուն եւ սպառնալիքներուն։

Խոստովանելու ենք սակայն թէ այս կը պարտինք նաեւ Իտալիոյ մօտ ՀՀ դեսպանի ու դեսպանատան անձնակազմի դիւանագիտական լուրջ, ջանասէր եւ վճռակամ աշխատանքին։

Շատեր հարց կու տան թէ ինչու Իտալիոյ խորհրդարանը դարձեալ ընդունեց հայոց ցեղասպանութիւնը ճանչցող բանաձեւ մը երբ ան արդեն այլ բանաձեւ մը վաւերացուցած էր 2000 թուականին։

Այս ծիրէն ներս կարելի է ըսել թէ երկու բանաձեւերու միջեւ կայ կարեւոր ու մեծ տարբերութիւն։ 2000 բանաձեւը, որ հիմնուած էր աւելի պատմական իրողութեան վրայ, ճանչնալով հանդերձ հայոց ցեղասպանութեան պատմական իրականութիւնը Իտալիոյ կառավարութենէն կը պահանջէր, պատմական իրականութեան ճանաչումին հիման վրայ, ամէն ջանք դափել յաղթահարելու համար շրջանի ազգերու եւ փոքրամասնութիւններու միջեւ խոչընդոտները եւ որոնելու պատշաճ պայմաններ՝ ի նպաստ խաղաղ համակեցութեան ու մարդկային իրաւունքներու յարգանքին։ Մէկ խօսքով Իտալիոյ խորհրդարանը ինք կ՛ընդուներ ցեղասպանութեան ճանաչումը սակայն այդ ուղղութեամբ ոչ մէկ կոչ կ՛ուղղէր կառավարութեան։  Իսկ 10 ապրիլի բանաձեւը որ ունի աւելի իրաւական հիմքեր՝ բացայայտ կոչ կ՛ուղղէ կառավարութեան իր կարգին ճանչնալու Հայոց Ցեղասպանութիւնը եւ անոր տալու միջազգային հնչեղութիւն։

----------------------------------------

Իտալիոյ մէջ ՀՀ Դեսպան Վիքթորիա Պաղտասարեաի շնորհակալական ուղերձը

Այս Քայլով Իտալական Կողմը Վերահաստատեց Իր Հաւատարմութիւնը Համամարդկային Արժէքներուն․

 «Կ՛ողջունենք Ապրիլ 10-ին Իտալիոյ պատգամաւորներու պալատին կողմէ 382 կողմ, 43 ձեռնպահ, 0 դէմ ձայներով Հայոց Ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ նախաձեռնութեան ընդունումը»,- յայտարարած է Իտալիոյ մէջ ՀՀ դեսպան Վիքթորիա Պաղտասարեանը` ելոյթ ունենալով Իտալիոյ Պատգամաւորներու պալատին մէջ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ նախաձեռնութեան ընդունման առթիւ:

Հայաստանի դեսպանը շնորհակալութիւն յայտնած է Խորհրդարանին մէջ ներկայացուած բոլոր քաղաքական ուժերուն Նախաձեռնութեան սատարելու համար:

«Առանձնայատուկ շնորհակալութիւն կը յայտնենք Նախաձեռնութեան հեղինակ իշխող «Լեկա» կուսակցութեան անդամ, պատգամաւոր Փաոլօ Ֆորմենթինիին եւ 34 համահեղինակներուն, ինչպէս նաեւ իրենց ելոյթներով Նախաձեռնութիւնը սատարող բոլոր խորհրդարանականներուն:

Պատգամաւորներու պալատը, յարգանքի տուրք մատուցելով Հայոց Ցեղասպանութեան զոհերու յիշատակին, ընդգծեց, որ մէկ դար առաջ Օսմանեան կայսրութեան մէջ հայերու դէմ իրականացուածը ցեղասպանութիւն է, եւ կոչ ըրաւ Իտալիոյ կառավարութեան պաշտօնապէս ճանչնալու Հայոց ցեղասպանութիւնը եւ անոր միջազգային հնչեղութիւն հաղորդելու:

Այս քայլով իտալական կողմը վերահաստատեց իր հաւատարմութիւնը համամարդկային արժէքներուն` իր ներդրումը ունենալով ցեղասպանութիւններու եւ մարդկութեան դէմ յանցագործութիւններու կանխարգիլման ճանապարհին»,-ըսած է դեսպանը իր խօսքին մէջ:

---------------------------------------

Կից կը ներկայացնենք 10 ապրիլի բանաձեւի Արեւելահայերէնով թարգմանութիւնը ղատրաստուած Իտալիոյ ՀՀ դեսպանութեան կողմէ։

 

Պատգամավորների պալատը

հաշվի առնելով, որ

Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան, որը Իտալիան վավերացրել է 1952թ. մարտի 11-ի թիվ 153 օրենքով, ճանաչում է, որ պատմության բոլոր ժամանակաշրջաններում ցեղասպանությունը մեծ կորուստներ է պատճառել մարդկությանը,

Միավորված Ազգերի Կազմակերպության Մարդու իրավունքների հարցերով ենթահանձնաժողովը 1973թ. ճանաչել է, որ 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 միլիոն հայերի բնաջնջումը պետք է համարվի 20-րդ դարի առաջին ցեղասպանություն` վերոնշյալ Կոնվենցիային համապատասխան,

աշխարհի քսանից ավելի երկիր պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը,

Եվրոպական խորհրդարանը՝ 1987թ. հունիսի 18-ին ընդունված «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին բանաձևով» ճանաչել է, որ 1915-1917թթ. Օսմանյան տարածքում հայերի հետ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները ցեղասպանություն են հանդիսացել, նաև համարել է, որ թուրքական կառավարության կողմից «երիտթուրքերի» իրագործած ցեղասպանության ճանաչումից հրաժարումը արգելք է հանդիսացել Եվրոպական համայնքին Թուրքիայի անդամակցության համար:

2015թ. մարտի 12-ի՝ «Աշխարհում մարդու իրավունքների և ժողովրդավարության 2013թ. ամենամյա զեկույցի» մասին բանաձևով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Եվրոպական Խորհրդարանը բոլոր անդամ պետություններին կոչ է արել ճանաչել ցեղասպանությունը (պարբերություն 77) ,

2015թ. ապրիլի 15-ին Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի վերաբերյալ բանաձևով Եվրախորհրդարանը, հաշվի առնելով անցյալի մասին հիշողությունը վառ պահելու անհրաժեշտությունը և ընդունելով ճշմարտության և հիշողության կարևորությունը ժողովուրդների հաշտեցման հարցում, նորից կոչ էր անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ «այդպիսով հայ և թուրք ժողովուրդների միջև իրական հաշտեցման ճանապարհ հարթելու համար»: Եվրախորհրդարանը նաև կոչ էր անում Հայաստանին և Թուրքիային «կենտրոնանալ այնպիսի օրակարգի վրա, որն առաջնահերթ է դարձնում ժողովուրդների միջև համագործակցությունը», և «ձեռնամուխ լինել իրենց հարաբերությունների կարգավորմանը՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունները առանց նախապայմանների վավերացնելու և իրացնելու, սահմանը բացելու և հարաբերություններն ակտիվորեն բարելավելու միջոցով՝ հատուկ հղում անելով անդրսահմանային համագործակցությանը և տնտեսական ինտեգրմանը»,

ԵՄ անդամ երկրներից Եվրախորհրդարանի կոչին հետևել են Ավստրիան, Բելգիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Լյուքսեմբուրգը, Հոլանդիան, Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան, Շվեդիան, նույնը արել է նաև Շվեյցարիան:

Պատգամավորների պալատը՝ 2000թ. նոյեմբերի 17-ին ընդունված թիվ 6-00148 բանաձևով, վկայակոչելով Եվրախորհրդարանի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ վերոնշյալ բանաձևը, սահմանափակվում էր կառավարությանը կոչ անելով հետամուտ լինել այդ տարածաշրջանի տարբեր ժողովուրդների և փոքրամասնությունների միջև եղած բոլոր հակադրությունների հաղթահարմանը,

2015թ. ապրիլի 12-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը Սուրբ Պետրոսի տաճարում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Օսմանյան կայսրության կողմից հայերի ջարդերը կոչել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Քահանայապետը վկայակոչել է 2001թ. Հովհաննես Պողոս II Պապի՝ Գարեգին Բ Կաթողիկոսի հետ համատեղ հայտարարության մեջ տեղ գտած արտահայտությունը, որտեղ նա արդեն օգտագործել էր «ցեղասպանություն» բառը՝ 1915թ. սկսված Օսմանյան կայսրությունում հայ բնակչության ջարդերի սահմանումը տալու համար,  

XX դարում տեղի ունեցած հալածանքների և սարսափների ճանաչումն ու հիշողությունը պետք է հավերժ նախազգուշացում հանդիսանան, որպեսզի Խորհրդարանը մշտապես լինի մարդու ազատության և անձի արժանապատվության պաշտպանության առաջամարտիկը՝ Հանրապետության Սահմանադրության սկզբունքներին և դրույթներին համապատասխան,

պարտավորեցնում է Կառավարությանը

պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դրան միջազգային հնչեղություն հաղորդել:

(1-00139) – Ֆորմենտինի, Սաբրինա Դե Կարլո, Դելմաստրո Դելլե Վեդովե, Կուարտապելլե Պրոկոպիո, Բոլդրինի, Կոլուչչի, Չենտեմերո, Կարելլի, Կապիտանիո, Պիկկոլի Նարդելլի, Մոլինարի, Դ՛Ուվա, Ձոֆֆիլի, Չեկկետի, Կոին, Բորդոնալի, Ձիելլո, Էվա Լորենցոնի, Բիսա, Պաոլինի, Կոլլա, Գադդա, Անդրեա Ռոմանո, Մոլլիկոնե, Ֆիանո, Գարիլյո, Մորետտո, Մոր, Լեպրի, Լուպի, Ֆրասսինետտի, Կառնեվալի, Ֆրեգոլենտ Օկկյոներո:

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

11/04/2019, 08:54