Որոնել

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնութիւն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութիւն 

Ավրորա մրցանակ (8). «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցէ

Մարգարիտ Բարանկիցեն ստացաւ հնարաւորութիւն՝ շարունակելու նուիրատուութեան շղթան եւ 1 միլիոն դոլարի դրամաշնորհին առաջադրելու իր գործունէութեանը նպաստած եւ իրեն ոգեշնչած կազմակերպութիւններին

Յարգելի՛ ռադիոլսողներ,

Շարունակում ենք ձեր ուշադրութեանը ներկայացնել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութեան մասին պատմող հաղորդաշարը:

Առիթից օգտուելով՝ կցանկանայինք նշել, որ հաղորդման սկիզբն ազդարարող երաժշտութեան հեղինակն է ամերիկահայ յայտնի երաժիշտ Սերժ Թանգեանը, իսկ ստեղծագործութիւնը կոչւում է «Ավրորայի երազանքը» և նուիրուած է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութեանը:

Ունկնդրէ լուրը

«Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր դառնալով՝ Մարգարիտ Բարանկիցեն ստացաւ հնարաւորութիւն՝ շարունակելու նուիրատուութեան շղթան եւ 1 միլիոն դոլարի դրամաշնորհին առաջադրելու իր գործունէութեանը նպաստած եւ իրեն ոգեշնչած կազմակերպութիւններին: Նա ընտրեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի եւ Մեծ Դքսուհու հիմնադրամը, Ժան-Ֆրանսուա Պետերբրոք հիմնադրամը եւ Լյուքսեմբուրգի Պարտաժ հիմնադրամը:

«Ավրորա» մրցանակի դրամաշնորհով այս կազմակերպութիւններն առ այսօր իրականացնում են բազմաթիւ նախագծեր Բուրունդիից և Կոնգոյից մինչև Բրազիլիա: Ռուանդայում ապրող մօտ 400 բուրունդացի փախստական ուսանող կրթաթոշակներ է ստացել, մարդկային թրաֆիքինգի 29 զոհ ազատ է արձակուել Եգիպտոսի բանտերից և վերահաստատուել Եթովպիայում գտնուող փախստականների ճամբարներում, պատերազմի մէջ գտնուող 12 երկրներից սեռական բռնութեան ենթարկուած մօտ 30  անձինք ֆինանսական աջակցութիւն են ստացել և մասնակցել վերականգնողական դասընթացների:

Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ բելգիական հիմնադրամը մրցանակից ստացած միջոցներն ուղղել է երիտասարդ փախստականների կրթութեան և համայնքային հիմնախնդիրների լուծմանը:

Լյուքսեմբուրգի Պարտաժ հիմնադրամը մրցանակից ստացած միջոցներն ուղղել է Բրազիլիային և Բուրունդիին: Ռիօ դէ Ժանեյրոյի ամենաաղքատ թաղամասերից մօտ 150 երիտասարդ և 60 ծնող վերապատրաստուել է թմրանիւթերի թրաֆիքինգից խուսափելու թեմայով, իսկ 650 բուրունդացի երիտասարդ փախստական տարրական, միջնակարգ և միջին մասնագիտական կրթութիւն է ստացել:

Մարգարիտ Բարանկիցեի շնորհիւ առաջին «Ավրորա» մրցանակի ազդեցութիւնը շարունակւում է մինչև օրս: Առաջին դափնեկիրը նախաձեռնութեան համահիմ նադիրների հետ միասին տարբեր միջազգային հարթակներում բազմիցս ներկայացրել է «Ավրորա» մրցանակի՝ իր կեանքում ունեցած ազդեցութիւնը:

Ահա սա է երախտագիտութիւնը գործով արտայայտելու գաղափարը, որն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութեան շարժիչ ուժն է: Աշխարհով մէկ սփռուած այն անհամար փրկուածները, որոնք իրենց պատուհասած աղէտը յաղթահարելու հնարաւորութիւն են ստացել շնորհիւ ուրիշների մեծահոգութեան, կարող են լաւագոյնս արտայայտել իրենց երախտագիտութիւնը՝ համարժէք քայլ կատարելով: Երախտագիտութիւնն ի գործ՝ ահա համահիմնադիրների՝ «Ավրորան» ստեղծելու նպատակը՝ ոգեշնչել նրանց, ովքեր օգնութիւն են ստացել վտանգի պահին, որպէսզի վերջիններս էլ իրե՛նց երախտագիտութիւնն արտայայտեն այլոց օգնելու միջոցով: «Ավրորա» մրցանակն է այդ գաղափարի իրագործման ծրագրերից մէկը:

Հիմնադիրների՝ ազգի երախտագիտութիւնը գործով արտայայտելու ջանքերին արդեն միացել են  աւելի քան 300 անհատներ եւ կազմակերպութիւններ: «Ավրորան» ողջունում է բոլոր նրանց, ովքեր հաւատում են նախաձեռնութեան տեսլականին եւ միանում են այս շարժմանը: Ռեսուրսների աւելացմանը զուգահեռ՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնութիւնը ընդլայնում է ծրագրերի շրջանակը, որոնք կանդրադառնան մերօրեայ ճգնաժամերի եւ մարտահրաւէրների՝ օգնութեան ձեռք մեկնելով եւ յուսադրելով առաւել կարիքաւորներին: «Ավրորան» կյորդորի արտայայտել իրենց երախտագիտութիւնն այն բոլոր յաջողակներին, որոնք փրկուել են եւ ձեռք բերել ապրելու մի նոր հնարաւորութիւն՝ դառնալով փրկողների նոր սերունդը: Այսպիսով, նուիրատուութեան շղթան կշարունակուի, կարեկցանքը կփոխարինի խղճահարութեանը եւ ի յիշատակ վերապրողների՝  «Ավրորան» գրկաբաց կընդունի բոլոր նրանց, ովքեր հաւատում են մարդկայնութեան և մարդասիրութեան համընդհանուր ոգուն:   

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

29/03/2019, 08:04