Որոնել

Հայաստանի արտգործ նախարարութեան հաղորդագրութիւնը դեսպան Նազարեանի Հաւատարմագրերու յանձման առթիւ։

Մարտի 9-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Պապին իր հաւատարմագրերը յանձնեց Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազօր դեսպան Կարեն Նազարեանը։

Արարողութեանը հետևած զրոյցի ընթացքում դեսպան Նազարեանը ՀՀ քաղաքացիների, նրանց ընտրեալ իշխանութիւնների անունից Հռոմի Քահանայապետին փոխանցեց ջերմ ողջոյններ, նշելով, որ Հայաստանում մշտապէս վառ են նրա՝ առաջին քրիստոնեայ երկիր պատմական այցելութեան հուշերը։ Դեսպանն իր երախտագիտութիւնն յայտնեց Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցում Նորին Սրբութեան սկզբունքային դիրքորոշման համար, որը ճշմարտութեան ու արդարութեան միջոցով ժողովուրդների ու պետութիւնների միջև համերաշխութեանը միտուած կարևորագոյն քայլ է։

Պատեհ առիթն օգտագործելով, ՀՀ դեսպանը նշեց, որ Ս․ Գրիգոր Նարեկացուն Կաթոլիկ եկեղեցու Տիեզերական վարդապետ հռչակելու որոշումն առաւել ամրացրեց միասնութեան ու հաւատքի կամուրջը՝ գօտեպնդելով և ոգևորելով Հայաստանում ու սփիւռքում բնակուող հայրենակիցներին։ Դեսպանն իր պատրաստակամութիւնը յայտնեց ջանքեր չխնայել ապահովելու համար ամենատարբեր ոլորտներում միջպետական կապերի շարունակական ընդլայնումը։

Ֆրանցիսկոս Պապը ողջունեց ՀՀ իշխանութիւնների մտադրութիւնն առաւել զարգացնելու երկկողմ յարաբերութիւնները Սուրբ Աթոռի հետ, որոնք խարսխւում են հայ-վատիկանեան վաղեմի բարեկամական առնչութիւնների վրայ՝ կարևորելով նաև սփիւռքի դերակատարումը։

Հռոմի Քահանայապետը նորանշանակ դեսպանին մաղթեց օրհնաբեր դիւանագիտական առաքելություն` ի փառս երկու պետութիւնների միջև յարաբերութիւնների հետագայ ամրապնդման և իր բարեմաղթանքները յղեց ՀՀ քաղաքացիներին, Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայաստանի քաղաքական ղեկավարութեանը։

Նոյն օրը, Պապի հետ հանդիպումից յետոյ, դեսպան Կարեն Նազարեանն առանձնազրոյց ունեցաւ Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ, որի ընթացքում քննարկուեցին երկկողմ օրակարգին ու փոխգործակցութեանն առնչուող հարցեր, անդրադարձ կատարուեց Լեռնային Ղարաբաղի կարգաւորման գործընթացին ու տարածաշրջանային զարգացումներին։ Հանդիպմանը զրոյց ծաւալուեց նաև Մերձաւոր Արևելքում քրիստոնեաների, նրանց պատմամշակութային արժեգների ու հոգևոր ժառանգութեան պաշտպանութեան հարցերի շուրջ։ ՀՀ դեսպանը պետքարտուղարին տեղեկացրեց Հայաստանում ընթացող լայնածաւալ բարեփոխումների օրակարգի մասին։

Պետքարտուղար Պարոլինին իր ջերմ ողջոյնները փոխանցեց վարչապետ Փաշինյանին՝ կառավարութեանը մաղթելով արգասաբեր աշխատանք տևական խաղաղութեանը և կայուն զարգացման նպատակներին հասնելու համար։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

12/03/2019, 14:26